Պոլիտեխնիկը մասնակցեց Հայաստանի կորպորացիաների շախմատի «Գրան Պրի» մրցաշարին

Պոլիտեխնիկը մասնակցեց Հայաստանի կորպորացիաների շախմատի «Գրան Պրի» մրցաշարին

Հայաստանի շախմատի ակադեմիայում օրերս տեղի ունեցավ Հայաստանի կորպորացիաների շախմատի «Գրան Պրի»-ի մրցաշարի 1-ին փուլը, որին մասնակցեցին 22 թիմեր։ Մասնակիցների շարքում էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը: Փայլուն խաղով հանդես եկան պոլիտեխնիկցիներ Կարապետ Կոգարովը, Հայկ Մանուկյանը, Հարություն Պեպելյանը և Վանիկ Գևորգյանը:

Չնայած, մրցաշարն անցնում էր ընկերական մթնոլորտում, բոլոր թիմերն էլ ցանկանում էին արժանանալ հաղթողի կոչմանը։ Կորպորացիաների առաջին մրցաշարում, ուժեղ գտնվեցին հայ իրավաբանները․ առաջին հորիզոնականը զբաղեցրեց «ՀՀ փաստաբանների պալատի 1»-ին թիմը: Պոլիտեխնիկական համալսարանի թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը: Հիանալի խաղաց Հարություն Պեպելյանը. 3-րդ տախտակում 7 խաղից 7-ն էլ ավարտեց հաղթանակով։ Կարապետ Կոգարովը 1-ին տախտակում 7 խաղից հաղթեց 4-ը, Հայկ Մանուկյանը`  2-րդ տախտակում 7-ից 3-ը, Վանիկ Գևորգյանը` 4-րդ տախտակում 7-ից 4-ը։

Մրցաշարի հաղթողներին շնորհվեցին արժեքավոր մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցներին՝ մասնակցության վկայականներ։ Հաղթողներին պարգևատրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

«Գրան Պրի» մրցաշարը բաղկացած է լինելու 5 փուլերից։ Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել հուլիս ամսին։