Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին աշխատուժի զարգացման հարցերին նվիրված հանդիպման

Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին աշխատուժի զարգացման հարցերին նվիրված հանդիպման

Հայաստանում միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդը և Հայաստանում ամերիկյան առևտրային պալատը (AmCham), ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ  նախաձեռնել են չորս մասից բաղկացած միջոցառումների շարք, որոնք միավորում են աշխատուժի զարգացման մասնագետներին: Շարքը Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող նախագծի մի մասն է՝ Ձեռներեցության, նորարարության և ցանցային փոխգործակցության հիմնադրամի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք ներկայացուցիչներ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը միջոցառմանը ներկայացնում էին ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար Կարապետ Կոգարովը և Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ, պետի տեղակալ Անի Մամիկոնյանը։

Բացման խոսքով հանդես եկան Կարեն Թռչունյանը և Դավիթ Սահակյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպման համար և մաղթեցին հաջող ընթացք:

Առաջին կլոր սեղանը, որը կրում էր «Բացահայտել աշխատուժի զարգացման առանցքային հնարավորություններն ու մարտահրավերները» խորագիրը, տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 13-ին։ Հաջորդ հանդիպումները տեղի կունենան նոյեմբերին և դեկտեմբերին:

Միջոցառման նպատակն էր հավաքագրել համապատասխան ոլորտների առաջնորդ-մասնագետներին՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հնարավորությունները և կենսական պահանջները վերհանելու համար, առաջարկություններ ներկայացնել մասնավոր հատվածի պահանջմունքների և Հայաստանի տնտեսության մեջ ձեռներեցության ու նորարարության դերի ավելի բարձրացման  համար:

Նպատակներից էր նաև որոշել 21-րդ դարի աշխատուժի զարգացման հնարավորությունները և կենսական պահանջները Հայաստանում, խորհուրդներ տալ մասնավոր սեկտորի պահանջների առավել արդյունավետ բավարարման և Հայաստանի տնտեսության մեջ ձեռներեցության և նորարարության դերի բարձրացման համար:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում AmCham ընկերությունների ներկայացուցիչներին, USG շրջանավարտների ցանցի անդամներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել արդյունավետ երկխոսության՝ համատեղ սահմանելով Հայաստանում 21-րդ դարի աշխատուժի պահանջները:

 

***

Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ Ամերիկյան խորհուրդը հարցում է իրականացրել AmCham-ի անդամ ընկերությունների շրջանում՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հրատապ կարիքների մասին տեղեկություններ հավաքելու համար: Հիմնական եզրակացությունները և առաջարկությունները հիմք են հանդիսացել կլոր սեղանների շարքի թեմաները որոշելու համար: