Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը մասնակցեց CaseKey ծրագրի գալա միջոցառմանը

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը մասնակցեց CaseKey ծրագրի գալա միջոցառմանը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը մասնակցեց ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած CaseKey ծրագրի գալա միջոցառմանը, ինչպես նաև ուսանողների պրակտիկ հմտությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվության դերի կարևորության վերաբերյալ պանելային քննարկմանը, որին ներկա էին նաև Picsart Armenia ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը, Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, MAROG ընկերության համահիմնադիր Մագդա Մարկոսյանը։ Պանելային քննարկումը վարում էր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Մեկնարկած պանելային քննարկմանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, որպես կրթական և գիտական ոլորտի կառույցի ղեկավար, ներկայացրեց իր մոտեցումները բարձրագույն կրթության, հանրակրթության ոլորտի վերաբերյալ, այդ թվում անդրադարձավ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի վերաբերյալ համալսարանի իրականացրած քաղաքականությանը, ինչպես նաև այն մոտեցումներին, որոնք այսօր կիրառում է բուհը այդ ոլորտում հաջողություններ ունենալու համար։ Ռեկտորը շեշտադրում կատարեց նաև մեր երիտասարդների ինքնակրթության կարևոր հատկանիշի վրա, որը օգնում է նրանց, իրենց ողջ գործունեության մեջ, ինչպես նաև թույլ տալիս համալսարաններին աշխատելու այնպիսի ուսանողության հետ, որոնք ունակ են ինքնադրսևորվելու ակադեմիական միջավայրում։ Անդրադարձ եղավ նաև գիտելիքների պրակտիկ կիրառման հնարավորություններին, որոնք այսօր փորձում է իրականացնել համալսարանը։ Ռեկտորի կարծիքով հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ է նաև ճիշտ քաղաքականություն իրականացնել դասավանդող կադրերի ընտրության հարցում։ Ըստ Գոռ Վարդանյանի միշտ չէ որ լավ մասնագետը կարող է նաև լավ դասավանդող լինել, և մենք այս հանգամանքի վրա մեծ ուշադրություն պետք է դարձնենք ու հնարավորություններ ստեղծենք մասնագիտական բարձր որակ ունեցող դասավանդողներ ունենալու և դասավանդողների որակական կարողությունների միջոցով աշխատաշուկայի համար որակյալ մասնագետներ կրթել։ Անդրադարձ եղավ նաև այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ է իրականացնել ոլորտում հաջողությունների հասնելու համար։

Քննարկումների ավարտին հաջորդեց առաջին CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի բացումը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում: