ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շարունակում է հանդիպումների շարքը մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շարունակում է հանդիպումների շարքը մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպումների շարքը բուհի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ շարունակվում է։

Դեկտեմբերի 6-ի հանդիպումը Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում էր։ Հանդիպմանը ներկա էին Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի (ՏՀՏևԷ) ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ Սեյրան Ավետիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Նշենք, որ Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը պատրաստվում է իրականացնել բարեփոխումների մեծ ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի ուսանողներին ապահովելու մրցունակ գիտելիքներով, ստեղծագործ միջավայրով և որակյալ կրթությամբ։

Բուհի ռեկտորը հանդիպման սկզբում նշեց, որ նախաձեռնության առանցքային նշանակությունը ամբիոնների դերի նորովի արժևորումն է կրթության կազմակերպման հարցում։

Ըստ ռեկտորի առաջիկա փոփոխությունները պահանջում են բարդ և տքնաջան աշխատանք, ինչպես նաև պոլիտեխնիկցուն բնորոշ աշխատանքային էթիկա, համագործակցային մթնոլորտ և պատասխանատվության բարձր զգացում։

Ռեկտորը Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեց նախատեսված բարեփոխումների ծրագրերը, ըստ ոլորտների՝ կրթություն, գիտություն, միջազգայնացում, շարունակական կրթություն, ենթակառուցվածքներ, էլեկտրոնային ռեսուրսներ, վերապատրաստման ծրագրեր և այլն։ Գ․ Վարդանյանը նշեց, որ այս նպատակով համալսարանն ապահովում է որոշումների կայացման ընթացքում ներքին և արտաքին շահառուների առավելագույն ներգրավվածություն, ինչպես նաև ստեղծում է կարիքների և պահանջների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ:

Այս տեսակետից կարիք կա նշելու, որ համալսարանի ղեկավարությունը ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ հանդիպումների միջոցով ստեղծում է թիմային աշխատանքի, լավագույն արդյունքի ձգտման, նորարարության, կարգապահության և ծառայությունների շարունակական բարելավմանը միտված մշակույթ` հաշվետվողական, թափանցիկ կառավարման միջոցով: Եվ այս քաղաքականության իրականացման համար համալսարանը պատրաստվում է փոփոխություններ իրականացնել։

Ռեկտորը հանգամանալից անդրադարձավ նյութատեխնիկական բազայի ամրապնդման, աշխատավարձային ֆոնդի նպատակային բարձրացման, նոր կրթական ծրագրերի  ներդրման, ֆինանսական աղբյուրների ընդլայնման,  օտարերկրացի ուսանողների թվի ավելացման, բարձր որակավորում ունեցող և վերապատրաստված դասախոսների դերի, մեծ թվով օտարազգի ուսանողների ներգրավման, բուհի Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում  TOEFL միջազգային թեստավորման կենտրոնի ստեղծման, միջազգային դրամաշնորհային ծրագրերում առաջնորդող դերի ստանձնման և մի շարք այլ հարցերի մասին՝ նշելով, որ սպասվելիք փոփոխությունները ինքնանպատակ չեն, այլ պայմանավորված են նոր որակի կրթություն ապահովելու և մրցակցային լինելու անհրաժեշտությամբ:

Ս․ Ավետիսյանը Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող մի շարք հարցեր հնչեցրեց, ինչպես նաև հանդես եկավ առաջարկություններով։ Ուսումնական գործընթացի կազմակերպման, որոշակի մասնագիտությունների գծով առանձին խմբերով դասեր անցկացնելու, հրատարակչական պլանի կազմակերպման, ուսանողների կողմից էլեկտրոնային գրադարանի ստեղծման և մի շարք հարցերի վերաբերյալ եղան մանրակրկիտ քննարկումներ: Քննարկվեցին նաև հարցեր, որոնք վերաբերվում էին դասավանդման որակին և արդյունավետությանը։ Եղան հարցեր նաև էլեկտրոնային ուսուցման նոր հարթակի և պրակտիկաների կազմակերպման արդյունավետության մասին:

Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դասախոս, «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը ողջունեց ռեկտորի նոր աշխատելաոճը՝ նշելով, որ այն երկկողմանի օգտակար է։ Ռ․ Աղգաշյանը ռեկտորին շնորհակալություն հայտնեց իր հեռանկարային պլաններով կիսվելու համար, ինչպես նաև հանդես եկավ Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի (ՏՀՏևԷ) ինստիտուտի ներքին կառուցվածքին, վերախմբավորմանը վերաբերվող առաջարկություններով։

Աշխատանքային հանդիպման ավարտին ՏՀՏևԷ ինստիտուտի տնօրեն Ս․ Մանուկյանը շնորհակալություն հայտնելով նշեց, որ ռեկտորի հետ հաջորդ հանդիպմանը հանդես կգան հստակ առաջարկություններով։