Պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց ասպիրանտ Միքայել Մարտիրոսյանը

Պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց ասպիրանտ Միքայել Մարտիրոսյանը

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 17-րդ մասնաշենքի Անդրանիկ Մարգարյանի անվան նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում ՈւԽ-ի նախագահի ընտրությունն էր:

Նիստին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ էլբակյանը, տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Մինչ ՈւԽ ընդհանուր ժողովի օրակարգային հարցերին անդրադառնալը, ներկաներին ողջունեց և ուսանողական ակտիվի հետ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ռեկտոր Գոռ Վարդանյանը։ «Ելույթս չի վերաբերվելու Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովին, այլ այն կարևորագույն միջոցառումներին, որոնք մինչև այժմ իրականացրել է համալսարանը՝ Ուսանողական խորհրդի հետ միասին։ Համաճարակով պայմանավորված խնդիր կար կրթությունը կազմակերպել հեռավար տարբերակով։ Համալսարանը ուսանողական թիմի, երիտասարդ մասնագետների միջոցով նախաձեռնեց ու ստեղծեց «iUniversity» ուսանողական համակարգը, որի միջոցով որոշակի շրջան կազմակերպվեց ուսուցումը։ Համակարգում նյութերի տեղադրման, նախագծման, թեստավորման աշխատանքներում ուսանողների կողմից արված աշխատանքն անգնահատելի էր։ Այնուհետև դուք մեծ աշխատանք կատարեցիք «Միասնության ուժ»-ը հավաքի նախապատրաստական աշխատանքներում, կամավորության սկզբունքով մասնակցեցիք ճամբարի շինարարական աշխատանքներին՝ հնարավորություն տալով «Միասնության ուժ»-ը կարևոր միջոցառմանը կայանալ։ Երրորդ միջոցառումը տարեվերջին Ուսանողական խորհրդի ակտիվիստների կողմից դիպլոմների հանձնման արարողությունների կազմակերպումն էր»,-նշեց ռեկտորը։ Այնուհետև ռեկտոր Գ․ Վարդանյանը, համաձայն ՈւԽ նախագահի հետ համատեղ որոշման, վերոնշյալ երեք միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցած ուսանողներին պարգևատրեց Պոլիտեխնիտեխնիկական համալսարանի Շնորհակալագրերով։ «Ձեր աշխատանքը համալսարանի ղեկավարությունը տեսնում և գնահատում է․ շարունակեք լինել ակտիվ և համալսարանի կողքին։ Վստահ եմ համագործակցության արդյունքում ավելի լավ որակի գաղափարներ ու միջոցառումներ են ծնվելու»,-ամփոփեց ռեկտորը։

Անցնելով օրակարգային հարցերին՝ 2017 թվականից Ուսանողական խորհուրդը ղեկավարած Գևորգ Հարությունյանը ներկայացրեց իր նախագահության ընթացքում կատարած աշխատանքները: Ուսանողական խորհրդի նախագահը առանձնահատուկ անդրադարձավ կառույցի՝ համավարակով պայմանավորած գործունեությանը, այնուհետև 44-օրյա պատերազմին և Ուսանողական խորհրդի կողմից ստեղծված Երախտագիտության մեդալին, խոսեց ամենամյա միջոցառումների և ավանդույթ դարձած իրադարձությունների մասին։

Ներկայացնելով ձեռքբերումները և կարևորելով ուսանողների ակտիվությունը ՈւԽ-ի աշխատանքներում՝ Ուսանողական խորհրդի նախագահը նշեց. «2017-ին այս ամբիոնից շնորհակալություն հայտնեցի ինձ վստահելու համար և խոստացա անձնվիրաբար և պատասխանատու կերպով կատարել իմ առաքելությունը՝ պաշտպանել ուսանողների իրավունքները, ստեղծել ակտիվ հասարակական, առողջ և կարևոր դաշտ, որտեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կունենա զարգանալու, կրթվելու, փոխվելու, ավելի լավը դառնալու, կամավորություն իրականացնելու, այդ բառի ուղիղ և լայն իմաստով ծառայելու իր ընտանիքին, ընկերներին և հայրենիքին»: Գ․Հարությունյանն ամփոփելով խոսքը՝ շնորհակալություն հայտնեց ուսանողական թիմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հորդորեց շարունակել ձևավորված ավանդույթներն ու տարաբնույթ աշխատանքների շնորհիվ նպաստել բուհի վարկանիշի բարձրացմանը, ուսանողների առօրյան հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն:

Հաշվետվության վերաբերյալ ելույթներ ունեցան Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար Կարապետ Կոգարովը, Հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը։

Կ․Կոգարովը անդրադառնալով Ուսանողական խորհրդի հաշվետվությանը՝ Գ․Հարությունյանի լիազորությունների ավարտմամբ պայմանավորված շնորհակալություն հայտնեց խորհրդին վերջին չորս տարիներին ակտիվ ու բովանդակալից աշխատանքի համար։ «Գ․ Հարությունյանը միանշանակ հաջողել է այս 4 տարիների ընթացում՝ իրականացնելով երեք կարևոր առաքելություն։ Առաջինը՝ շարունակել է բարձր պահել Ուսանողական խորհրդի նշաձողը, երկրորդը՝ զարգացրել և նոր թիմեր է գրավել Ուսանողական խորհրդի աշխատանքներում, երրորդը ստեղծել է մի թիմ, որը իրենից հետո վստահաբար կկարողանա զարգացնել այն ինչ արդեն կա։ Նոր ընտրվող Ուսանողական խորհրդի նախագահին ցանկանում եմ, որ պատասխանատվությունը վերցնի այնպես, ինչպես Գ․ Հարությունյանը»։

Հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Ն․ Բաղդասարյանի կարծիքով համալսարանում Ուսանողական խորհրդի այսօրվա կազմն ունի մարդկային շփման այնպիսի որակ, որ թույլ է տալիս ունենալ շարունակական համագործակցություն։ «Կառույցում հանդիպեցի այնպիսի երիտասարդների, որոնց ոչ միայն սովորեցրեցի, այլև որոնցից սովորեցի, երիտասարդացա ամեն օր, սովորեցի լինել շատ հավասարակշիռ ու խոհուն։ Տեսա ձեր մեջ անկեղծություն, մաքրություն․ կարող ես լինել լավ մասնագետ, բարձր պաշտոնների հավակնել և ունենալ, բայց մարդ լինելը շատ դժվար է; Ուսանողական խորհրդում տեսա մարդկանց, ովքեր պահպանում են իրենց դեմքը։ Կեցցեք դուք, շնորհակալ եմ, որ դուք կաք»,-իր խոսքում նշեց Ն․Բաղդասարյանը։

Ելույթով կրկին ուսանողներին դիմեց ռեկտոր, համալսարանի Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Գ․Վարդանյանը։ Ռեկտորը իր եզրափակիչ ելույթում մասնավորապես նշեց․ «Այժմ ամբիոնից ելութ կունենամ ոչ թե որպես համալսարանի ղեկավար, այլ որպես Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ։ Ուզում եմ, որ դուք մի կարևոր բան ամրագրեք՝ դուք երազողներ չեք, դուք ստեղծագործ ինժեներներ եք, և ձեր ստեղծագործության արդյունքը շատ ավելին պիտի լինի, քան ձեր երազանքներն են։ Եթե այդ երազանքների և ստեղծագործության արդյունքի տարբերությունը լինի բացասական, ուրեմն դուք ավելի շատ երազում եք, քան գործում։ Ուսանողական խորհրդի գործունեությունը, 1994 թվականի հոկտեմբերի 29-ին հիմնադրվելուց ի վեր, ենթադրում է ամենօրյա ավելի մեծ պատասխանատվություն։ Երբ ես էի ստանձնում ՈւԽ նախագահի պատասխանատվությունը հասկանում էի, որ ավանդույթներ ունեցող, լավ ու վատ ճանապարհներ անցած, քննադատված ու քննադատող կառույցի պատասխանատվություն եմ վերցնում իմ ուսերին։ Ցանկանում եմ հասկանաք, որ դուք Հայաստանի Հանրապետության միակ տեխնոլոգիական բուհի երիտասարդությանը ներկայացնելու պատասխանատվությունն եք կրում գիտական և ուսումնական կյանքում, միջազգային տարբեր ուսանողական կառույցների հետ համագործակցության տեսակետից։ Գ․ Հարությունյանը կատարել է անշահախնդիր ուսանողական, հասարակական աշխատանք դեռ 2009 թվականից, երբ ես  հնարավորություն եմ ունեցել իր աշխատանքը անմիջականորեն գնահատելու։ Ուզում եմ, որ այս կառույցում ձեր աշխատանքի որակը արտահայտվի տարբեր ոլորտներում նոր ստեղծագործություններով և դրանց շնորհիվ մենք հասկանանք ձեզ ապագայում ինչպես կարող ենք մեր համալսարանի տարբեր ուղղություններով տարվող կադրային քաղաքականության մեջ ինտեգրել, որովհետև միայն այդ դեպքում մենք կկարողանանք որակապես այլ աշխատանքային թիմ ունենալ։ Դուք ապագայում պետք է լինեք տարբեր ոլորտներում կարող ուժեր, որոնք ունակ են իրենց աշխատանքից դուրս հասարակական աշխատանք կատարել։ Տեսնում եմ, որ դուք կարողացել եք ստեղծել լավ ուսանողական թիմ, միջավայր, նվիրված եք բուհին և ուսանողական կառույցին, սակայն ապագայում կցանկանայի տեսնել նոր ծրագրեր ու միջոցառումներ, որոնք էականորեն կտարբերվեն նախորդներից, կլինեն որակապես ավելի լավը։ Ձեր աշխատանքը ոչ արձանագրվում է հրամաններով, ոչ գնահատվում է աշխատավարձով, ոչ էլ դուք ունեք աշխատանքային օրենսգրքով սահմանված հնարավորություններ։ Ուսանողական խորհրդի աշխատանքը հասարակական է և երբեք չի ավարտվում։ Ցանկանում եմ, որ համալսարանի ղեկավարության և Ուսանողական խորհրդի միջև ստեղծված բարձր որակի համագործակցությունը ձեզ համար ստեղծի  հնարավորություններ կազմակերպել ավելի մասշտաբային միջոցառումներ։ Ինչ վերաբերվում է Գ․ Հարությունյանին, ապա նա թողնում է Ուսանողական խորհուրդը, բայց ոչ պոլիտեխնիկական համայնքը, քանի որ նա ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալն է»։ Ռեկտորը նշեց, որ Ուսանողական խորհրդի անդամները բուհի գործընկերներն են և պետք է կարողանան շփվել նաև որպես գործընկեր։ Իսկ դրա համար նրանք պետք է լինեն պատրաստված, ճկուն, խելացի և կրթվող։

Անցնելով ՈւԽ-ի նախագահի ընտրությանը` խորհրդի փոխնախագահ Ռաֆայել Թովմասյանը նախագահի պաշտոնում միաձայն առաջադրեց «Ե․14․04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ասպիրանտ, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Միքայել Մարտիրոսյանի թեկնածությունը:

Վերջինս քվեարկության արդյունքում ստանձնեց վերոնշյալ պաշտոնը:

ՈւԽ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար` նշելով, որ 2014 թվականից ի վեր հանդիսացել է Ուսանողական խորհրդի անդամ, կառույց, որտեղ աշխատել է մեծ նվիրումով: Մ․Մարտիրոսյանը նշեց, որ խոստանում է շարունակել նախորդների աշխատանքն ու արդարացնել ուսանողների սպասելիքները: