Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Էներգետիկայի և էլեկտրատեխ­նիկայի ինստիտուտի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, ԷԷ ինստիտուտի տնօրենի պարտականությունները կատարող Վարդան Համբարյանը, Ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը, Գիտության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի տեղակալ Հարություն Ավետիքյանը, «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերության տնօրեն Հրանտ Գնունին, «ԷկոՎիլ» արևային ընկերության Մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Լիաննա Ազարյանը, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Գոհար Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ և հյուրեր։

Մինչ միջոցառումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Վերհիշեցին պատերազմի իրողությունները, մարտական գործողությունների ընթացքն ու հերոս քաջորդիների գործած սխրանքները:

Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց և հաջողություններ մաղթեց պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը, «Ողջունում եմ ձեզ սիրելի շրջանավարտներ։ Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ շեշտել ձեր մասնագիտության կարևորությունը։ Դուք դառնում եք էներգետիկ, էլեկտրատեխնիկ։ Դուք ստացել եք հիմնային կրթություն և ունեք հիմնային մասնագիտություն։ Ցանկանում եմ, որ ապագայում չվախենաք ոչնչից, անընդհատ խորացնեք ու զարգացնեք ձեր գիտելիքները։ Մեր օրերում կյանքի ռիթմն արագացել է և ամենաթանկ բանը ժամանակն է, ցանկանում եմ, որ երբեք չուշանաք։ Ուզում եմ, որ ձեր կայացման դժվար ճանապարհին չմոռանաք ձեզ դասավանդած պրոֆեսորադասախոսական անձնակազմին։ Եթե լինեն հարցեր, կամ օգնության կարիք մենք միշտ պատրաստ ենք աջակցել և օգնել ձեզ։ Ցանկանում եմ հատուկ շնորհավորել զինծառայության մեկնող տղաներին, վստահ եմ, որ ամեն ինչ հարթ է անցնելու, վերադառնալու եք և զբաղվեք ստեղծագործական աշխատանքով և հաջողությամբ շարունակեք ձեր կրթությունը»,- նշեց Մ․ Բաղդասարյանը։

Բարեմաղթանքի խոսք ասաց նաև Էներգետիկայի և էլեկտրատեխ­նիկայի ինստիտուտի տնօրենի պարտականությունները կատարող Վ․ Համբարյանը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում բոլոր ուսանողներին ընդունել է իր երեխաների նման և աշխատել է միշտ ճիշտ խորհուրդներով օգտակար լինել։ «Ուրախ եմ, որ հաջողությամբ ավարտում եք ձեր ուսումնառությունը։ Բարի ճանապարհ և բարի վերադարձ եմ մաղթում զինծառայության մեկնողներին։ Ցանկանում եմ, որ բուհում ստացած գիտելիքները օգտագործեք մեր հայրենիքի զարգացման համար»,- նշեց Վ․ Համբարյանը։

Շրջանավարտներին շնորհավորեցին, անձնական ու գործնական հաջողություններ մաղթեցին նաև գործատուները։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի տեղակալ Հ․ Ավետիքյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ Պոլիտեխնիկի ամենաուժեղ  կողմը  շրջանավարտներն են և ի դեմս նրանց, մենք հզոր ներուժ ունենք: «ԷկոՎիլ» արևային ընկերության Մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Լ․ Ազարյանն էլ նշեց, որ ուրախ կլինեն իրենց ընկերության աշխատակիցների շարքերում տեսնել ԷԷ ինստիտուտի շրջանավարտներին: Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասացին նաև «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերության տնօրեն Հ․ Գնունին և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Գ․ Հարությունյանը։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխ­նիկայի ինստիտուտը բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 135, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 38 ուսանող։