Պոլիտեխնիկում ամփոփվեց «Ստեղծարար միտք» ծրագիրը

Պոլիտեխնիկում ամփոփվեց «Ստեղծարար միտք» ծրագիրը

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում ամփոփվեցին երկու իրականացված՝ Անգլերեն լեզվի ակումբի 2020-2021 ուսումնական տարվա և ստարտափ թիմերի խթանման ծրագրերը (pre-acceleration)։

Ներկա էին ՀԱՊՀ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը, դասախոսներ և ուսանողներ:

Հյուրերին և ներկաներին ողջունեց և սերտ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը: Նա նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանում կա ստեղծարար և ստեղծագործ մտքի մեծ պոտենցիալ, և դա է պատճառը, որ թե՛ Բրիտանական խորհուրդը և թե՛ Պոլիտեխնիկական համալսարանը մշտապես հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են հենց այդ ոլորտի զարգացմանը:

ՀԱՃԼ համակարգող Ա. Մխիթարյանը նշեց, որ երկու ծրագրերն էլ յուրօրինակ են, քանի որ ուղղված են ստեղծարար ոլորտում երիտասարդ մասնագետների ձեռներեցության հմտությունների բարձրացմանը: «Ուրախ եմ, որ մեր ուսանողները հնարավորություն ունեցան ուսումնասիրել ստեղծարար ձեռնարկատիրության դասավանդման Մեծ Բրիտանիայի առաջատար փորձը և իրականացված դասընթացների միջոցով ձեռք բերել բազմաթիվ հմտություններ» – նշեց Ա. Մխիթարյանը:

Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում ՀԱՊՀ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում ստեղծված «Անգլերեն ակումբ»-ի դասընթացը մեկնարկել էր 2020 թ.-ի նոյեմբերին` առցանց և անվճար հիմունքներով։ Դասընթացի նպատակն էր բարելավել ուսանողների անգլերեն լեզվի իմացությունը։

Դասընթացը վարեց անգլերեն լեզվի C2 և ТЕFL միջազգային որակավորումներ ունեցող մասնագետ Քրիստինա Թորգոմյանը։ «Անգլերենի ակումբի դասընթացը նախատեսված էր սովորողների մոտ զարգացնելու լեզվական բոլոր հմտությունները: Հատկապես կենտրոնացել ենք խոսակցական անգլերենի զարգացման վրա։ Մեր նպատակը ուսանողների մոտ խոսակցական այնպիսի հմտությունների զարգացնելն էր, որ նրանց թույլ կտա ցանկացած միջավայրում ազատ ու անկաշկանդ հաղորդակցվել անգլերենով», – նշեց է Ք. Թորգոմյանը։

Ակումբի նախնական ընտրության արդյունքում դասընթացում ներգրավվել էին թվով 17 ՀԱՊՀ-ի և քոլեջի ուսանողներ, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտներ, որոնց անգլերենի իմացության մակարդակը համարժեք էր B1 միջազգային մակարդակին։ 20 շաբաթ տևողությամբ Անգլերեն լեզվի դասընթացը հնարավորություն տվեց ուսանողներին ձեռք բերել նոր գիտելիքներ և բարելավել իրենց անգլերեն լեզվի մակարդակը։ Ակումբն իր 2020-2021 թվականի աշխատանքներն ամփոփեց ավարտական միջոցառմամբ։

ՀԱՃԼ-ում իրականացված հաջորդ ծրագիրը 4 շաբաթյա վաղ փուլում գտնվող ստարտափ թիմերի խթանման ծրագիրն էր (pre-acceleration), որի նպատակն էր ուղղորդել սկսնակ թիմերին իրենց գաղափարների բիզնես առաջընթացի ապահովման գործընթացում։

Ծրագրի մասնակից 7 թիմերը 1 ամիս շարունակ հնարավորություն ունեցան աշխատելու մենթորների հետ` ստանալով գործնական գիտելիքներ։ Մասնակցեցին թեմատիկ դասընթացների շարքի և աշխատանքային քննարկումների ներդրումային շուկաների, բրենդի և նրա ձևավորման, շուկայի ուսումնասիրության և այլ թեմաներով, որոնք բարելավեցին թիմերի կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները: Արդյունքում ստացված գիտելիքները հնարավորություն տվեցին հղկել գաղափարները, լավարկել բիզնես մոդելները։

Ծրագրի ավարտին թիմերն ամբողջական գաղափար կազմեցին իրենց արտադրանքի/ծառայության համար անհրաժեշտ շուկայի զարգացման և այդ ենթատեքստում իրենց առաջիկա ամիսներին իրականացվելիք քայլերի վերաբերյալ։

Ծրագիրն ավարտվեց ներկայացումներով, որի ընթացքում թիմերը ներկայացրեցին իրենց լուծումները։

ՀԱՊՀ ինովացիոն ինկուբատորը կշարունակի աջակցել թիմերին իրենց կայացման գործընթացում։