Մինչբուհական կրթություն

Գլխավոր / Կառուցվածք / Աշխատակազմ / Մինչբուհական կրթություն

Կենտրոնի տնօրեն՝

 

Կենտրոնի մասին՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կետրոնը իրականացնում է բակալավրի կրթական աստիճանի առկա և հեռակա (ներառյալ մասնաճյուղերը), մագիստրոսի կրթական աստիճանի առկա և հեռակա, ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի և ՀԱՊՀ Երևանի Քոլեջի ընդունելության կազմակերպման և իրագործման ամբողջ գործընթացը։ Այդ գործընթացը իր մեջ ներառում է գործերի ընդունումից մինչև խորհրդատվության տրամադրում և ընդունված դիմորդների գործերի փոխանցում համապատասխան ստորաբաժանումներ։

Դիմորդների հետ մշտական հաղորդակցման շնորհիվ, օգտագործելով ժամանակակից կապի միջոցները, մասնավորապես մշտապես գործող «Հեռախոսային կենտրոնը» և «Առցանց խորհրդատու» ծառայությունները՝ ընդունելության կենտրոնը ներկայացնում է համալսարանը, կազմակերպում դիմորդների այցելությունները Պոլիտեխնիկ, իրականացնում խորհրդատվություն, մասնագիտական կողմնորոշման շրջայցեր և այլ ներկայացուցչական աշխատանքներ:

Ընդունելության կենտրոնի կարևորագույն և հիմնական գործառույթներից է նաև գովազդային նյութերի և ըստ կրթական աստիճանների և ծրագրերի ինֆորմացիոն տեսահոլովակների պատրաստումն ու տարածումը թիրախային խմբերի շրջանում։

Ընդունելության կոնտրոնը հաշվի առնելով կուտակված փորձը, առկա պայմանները և հնարավոր զարգացման մարտահրավերները, ինչպես նաև համալսարանի վերջին տարիների ձեռքբերումները, միտված է շարունակել իր գործառույթները, դիմորդին և շահագրգիռ կողմերին ներկայացնելու համալսարանը, որպես կրթության լավագույն միջոց։

 

Մանկապարտեզի տնօրեն՝

 

Մանկապարտեզի մասին՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզը հիմնադրվել է 1985 թվականին: Այդ գործում ջանք ու եռանդ չեն խնայել ռեկտոր Ռաֆայել Մովսիսյանը, Պոլիտեխնիկի կանանց կոմիտեի նախագահ Ռիմա Դեմիրճյանը և գլխավոր հաշվապահ Անուշ Աբովյանը: Նրանց նախաձեռնությամբ էլ 1982թ. ճարտարապետներ Արմեն Առուստամյանը և Աշոտ Կանայանը նախագծեցին մի յուրահատուկ համալիր, որը շահագործման հանձնվեց 1985 թվականին:

Մանկապարտեզի ստեղծման հիմնական նպատակը բուհում աշխատող երիտասարդ մայրերին օգնելն էր, սակայն այսօր ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող մանկապարտեզ հաճախում են ոչ միայն պոլիտեխնիկցիների երեխաները:

Մանկապարտեզում, որպես շարունակական կրթության սկզբնական աստիճան, ընտանիքի հետ համագործակցելով, իրականացվում է նախադպրոցական տարիքի երեխաների բնականոն, ներդաշնակ և համակողմանի զարգացումը:

ՀԱՊՀ մանկապարտեզի հիմնական լեզուն հայերենն է, ինչպես նաև ուսուցանվում են ռուսերեն և անգլերեն, տրամաբանություն, երգ, պար, կերպարվեստ, ծեփ, ապլիկացիա, էկոլոգիա, էթիկայի կանոններ: Մանկապարտեզը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, բաց դասեր, էքսկուրսիաներ: Մանկապարտեզում նշվում են բոլոր հայկական տոները և երեխաները դաստիարակվում են հայեցի:

ՀԱՊՀ մանկապարտեզն աշխատում է առանձնացված սենյակներով՝ խոհանոց, ննջասենյակ, խաղասենյակ, մարզադահլիճ, դասասենյակ: Ունի հարմարավետ բակ, որտեղ կան խաղային անկյուն, սղարաններ, ճոճանակներ։ Կազմակերպվում են բակային խաղեր: Բոլոր երեխաներին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Հարկ է նշել, որ մանկապարտեզի բարձր վարկանիշ ունենալու գործում մեծ է դաստիարակների դերը, որոնց մասնագիտական վարպետությամբ, անձի մշակույթով, երեխաների հանդեպ դրսևորած հոգատարությամբ ու սիրով են պայմանավորված երեխայի զարգացման բարձր մակարդակը և բարոյական որակների յուրացման աստիճանը:

Դպրոցի տնօրեն՝

 

Փոխտնօրեններ՝

 

Դպրոցի մասին՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը այդ ծրագրերի պահանջներին համապատասխան: Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: Ծրագրերը ներառում են հոսքային և առանձին առարկաների խորացված ուսուցում:

Դպրոցի նպատակն է ապահովել ուսումնական գործընթացներում սովորողների ակադեմիական բարձր առաջադիմությունը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումը, ինչպես նաև ուսուցման որակի ապահովման, գնահատման ու վերահսկման միջազգային չափանիշների կիրառումը:

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցն առաջարկում է այնպիսի խստապահանջ և միջառարկայական ակադեմիական ծրագրեր, որոնք խթանում են սովորողների հետազոտական ունակությունների և հմտությունների ձևավորում, նրանց ընդգրկում նախագծային գործունեության մեջ, ինչն անհրաժեշտ է գիտակցված մասնագիտական կողմնորոշման համար։ Մենք ներգրավում ենք սովորողներին ստեղծագործական և քննադատական ​​մտածողության ու համագործակցության միջավայրերում՝ նպատակ հետապնդելով սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման և առաջնորդ լինելու գիտակցում և ձգտում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը (նախկինում՝ ՀՊՃՀ հենակետային վարժարան) գործում է 1994 թվականից։ Նախապես այն եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է՝ միավորվելով ՀՊՃՀ-ին։ Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 655 աշակերտ։ Դպրոցում իրականացվում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Մասնավորապես, դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝ ֆիզիկամաթեմատիկական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, դիզայներական: Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ` Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով:

Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե, ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:

ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ՝ շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի ՀՀ Նախագահի կողմից դպրոցի լավագույն աշակերտներին տրվող մրցանակները, ինչպես նաև միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:

Քոլեջի տնօրեն՝

 

Քոլեջի փոխտնօրեններ՝

 

Քոլեջի մասին՝

Քոլեջը ստեղծվել է 1993թ.  և այն  բուհին կից գործող առաջին քոլեջն էր հանրապետությունում: Մինչ 2009թ. քոլեջում ընդունելությունը կատարվում էր միայն լրիվ հիմնական (միջնակարգ) կրթության հիմքի վրա, և ուսման ավարտին շրջանավարտներին շնորհվում էր կրտսեր ճարտարագետի որակավորում: Սկսած 2010թ.-ից ՀԱՊՀ Քոլեջը սկսեց ընդունելություն իրականացնել նաև հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի բազա) հիմքի վրա:

Այժմ ՀԱՊՀ Քոլեջն իրականացնում է ուսուցում միջին մասնագիտական կրթական ծրագրով:

2011թ. ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ՀՊՃՀ-ին միացվեց Երևանի պետական արդյունաբերական քոլեջը: Այս միավորումը նոր զարկ տվեց համալսարանում միջին մասնագիտական կրթության կազմակերպմանը: Այժմ ՀԱՊՀ քոլեջում մի շարք մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 950 ուսանող:

Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած բազմաթիվ շրջա­նա­վարտներ, շարունակելով ուսումը բակալավրական կրթա­կան ծրագրի 2-րդ կուրսում, ստացել են բակալավրի, մագիստ­րո­սի որակավորումներ, իսկ նրանցից լավագույնները` նաև տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

ՀԱՊՀ Քոլեջում դասավանդում են Պոլիտեխնիկական համալսա­րա­նի բազմափորձ դասախոսները: Քոլեջի ուսանող­ները օգտվում են համա­լսա­րանի կրթական ծրագրերում սովորող ուսանողնե­րի բոլոր իրավունքներից: Շրջանավարտներին տրվում է համապա­տա­սխան մասնագիտության գծով տեխնիկի որակավորում:

Ամբիոնի վարիչ՝

 

Ամբիոնի մասին՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը կազմակերպում է ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման գործընթացը: ՀԱՊՀ–ում  Ֆիզկուլտուրա առարկան  դասավանդվում է սպորտայնացված  եղանակով ՝ ըստ հետևյալ մարզաձևերի ՝ սեղանի թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ (ձեռքի գնդակ), ֆուտզալ (մինի ֆուտբոլ), ծանրամարտ, պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ), լող, ձեռնամարտ (ձյուդո, բռնցքամարտ, ուշու), հրաձգություն, գեղարվեստական մարմնամարզություն՝ աերոբիկա, բադմինթոն:  Վերը նշված, ինչպես նաև շախմատ և աթլետիկա մարզաձևերից գործում են մարզական կատարելագործման խմբերը, որոնք և հանդիսանում են ՀԱՊՀ-ի   հավաքական թիմերը:

Առաջին և երկրորդ կուրսերում ֆիզիկական կուլտուրա  առարկան ըստ ծրագրի տրամադրվում է շաբաթական 4 ժամ (2 դաս): Մարզական կատարելագործման  խմբերին տրամադրվում է 6-8 ժամ (3-4 դաս): Մարզական կատարելագործման խմբերում ընդգրկվում են նաև առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները:  Հեռակա ուսուցման, առկա երրորդ և ավելի բարձր կուրսերի ուսանողները մարզական կատարելագործման խմբերում մասնակցում են ֆակուլտատիվ սկզբունքով: Ուսանողները ընտրում են վերը նշված մարզաձևերից մեկը և ըստ դասացուցակի մասնակցում մարզումներին: Այն ուսանողները որոնք ունեն առողջական պրոբլեմներ մասնակցում են հատուկ բժշկական և բուժական ֆիզկուլտուրայի խմբերի մարզումներին: Մասնագիտացված՝ սպորտայնացված դասերի մարզումներին մասնակցում են հիմնական և նախապատրաստական բժշկական խմբերում ընդգրկված ուսանողները: Բժշկական ախտորոշումը կատարվում է ամբուլատոր քարտի քաղվածքի հիման վրա, որը ուսանողը ներկայացնում է ՀԱՊՀ–ի բժշկին բնակության վայրի պոլիկլինիկայից:

ՀԱՊՀ–ի Հավաքական ուսանողական թիմերը մասնակցում են ներբուհական ,  միջբուհական  հանրապետական  առաջնություններին և միջազգային մրցաշարերին:

ՀԱՊՀ–ն ունի մարզահամալիր (21 մասնաշենք), որտեղ առկա են հանդբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, ծանրամարտի, ըմբշամարտի, հրաձգության և սեղանի թենիսի դահլիճները: Հատուկ խմբի, բուժական ֆիզկուլտուրայի, աերոբիկայի, բռնցքամարտի մարզումները կազմակերպվում են առաջին և երրորդ մասնաշենքերի դահլիճներում: