Մասնաճյուղեր

Տնօրեն՝

 

Մասնաճյուղի մասին՝

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղը իրավահաջորդն է Երևանի
Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի
մասնաճյուղի, որը ստեղծվել է 1959 թվականին:
Ստեղծման օրվանից մինչ օրս այն Շիրակի տարածաշրջանում
տեխնիկական կրթություն իրականացնող միակ բուհն է, որն իր էական
և պատմական ազդեցությունն է թողել տարածաշրջանի տեխնիկական
մտքի ձևավորման, արդյունաբերության սպասարկման և
տարածաշրջանի ղեկավար կադրերի պատրաստման գործում:
Իր 63-ամյա գոյության ընթացքում Մասնաճյուղը պատրաստել է շուրջ
10 հազար ճարտարագիտական կադրեր մոտ երկու տասնյակ
մասնագիտությունների գծով: Մասնագիտությունների ցանկն այդ
տարիների ընթացքում մշտապես ենթարկվել է փոփոխությունների՝
կախված տարածաշրջանի զարգացման և աշխատաշուկայի
պահանջների փոփոխությունից:
Դրա հետ մեկտեղ անընդհատ փոփոխությունների են ենթարկվել
կրթակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդվող
առարկայացանկը, ուսումնական գործընթացի կազմակերպման
գիտամեթոդական հիմքերը, որոնք մշտապես համապատասխանեցվել
են Համալսարանի Երևանյան կրթահամալիրի կողմից դրված
չափանիշներին: Որոշ՝ Երևանի կրթահամալիրում չկրկնվող,
մասնագիտությունների գծով (տեքստիլ և թեթև արդյունաբերության
ոլորտ) մասնաճյուղը հանդիսացել է հանրապետությունում առաջնեկը՝
դառնալով կրթական չափորոշիչներ մշակող և իրականացնող միակ
բուհը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, պայմանավորված աղետի
գոտում ստեղծված սկզբունքորեն նոր սոցիալական և տնտեսական
իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
անկախացման արդյունքում ստեղծված նոր
քաղաքական-հասարակական միջավայրով, էապես փոփոխվել է
մասնաճյուղի դերակատարությունը տարածաշրջանում: Ժամանակի
նոր մարտահրավերներին մասնաճյուղը արձագանքել է կրթական
ծրագրերի բազմազանեցմամբ և արդիականացմամբ: Մասնավորապես
կազմակերպվել է ուսուցում մինչբուհական կրթական ծրագրերով՝
ավագ դպրոց, միջին մասնագիտական ուսուցում: Այժմ մասնաճյուղում
իրականացվում են բոլոր կրթական ծրագրերը՝ ավագ դպրոցի, միջին
մասնագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի, որը
հնարավորություն է ստեղծում ապահովելու կրթության
շարունակականությունը, ցանկացած կրթական ծրագրով
շրջանավարտությունը և հետագայում ցանկացած կրթական ծրագրից
առավել բարձրի անցումը:

Մասնաճյուղի էլ․ հասցե [email protected]
Մասնաճյուղի հասցե ք․ Գյումրի Մհեր Մկրտչյան 2

Տնօրեն՝

 

Մասնաճյուղի մասին՝

Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունները ճարտարագիտական կադրերով ապահովելու, մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացը ապահովելու ռազմավարական նպատակներով ՀՊՃՀ գիտական խորհրդի 1996թ. հոկտեմբերի 2-ի թիվ 42 որոշման վրա տրված ռեկտորի հոկտեմբերի 3-ի թիվ 321 հրամանով հիմք դրվեց 1984թ. ԵրՊԻ-ի հեռակա ուսուցման ֆակուլտետին կից ստեղծված Կապանի ուսումախորհրդատվական կետի (ՈՒԽԿ) հիմքի վրա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի կազմավորումը:

ՀՊՃՀ Կապանի ՈՒԽԿ-ն, որը գործում էր Կապանի գիշերօթիկ դպրոցի (թիվ 27դպրոց) տարածքում, 1996/97 ուստարում ուներ 13 դասախոսական հաստիք, 14 հիմնական դասախոս, 2 մասնագիտությամբ սովորող 125 ուսանող, որոնք, հիմնարար կրթություն ստանալուց հետո, 3-րդ կուրսից ուսումնառությունը շարունակում էին Երևանյան Կրթահամալիրի համապատասխան դեպարտամենտներում:

Մասնաճյուղը տեղաբաշխվեց իր կազմում ընդգրկված նախկին Կապանի ճարտարագիտատնտեսագիտական քոլեջի մասնաշենքերում (մասնաճյուղի կազմից քոլեջն առանձնացվեց 2001թ. օգոստոսին):

1997թ.-ի ապրիլի 2-ին պաշտոնապես արձանագրվեց մասնաճյուղի ծնունդը. այն գրանցվեց ՀՀ պետական ռեգիստրում` որպես «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիր» պետական բյուջետային հիմնարկություն:

2002թ.-ի դեկտեմբերի 20-ից Կապանի կրթահամալիրը պաշտոնապես վերանվանվեց «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ:

2015թ.-ի հունիսի 20-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորումից հետո համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի 06/15-03 որոշմամբ ստեղծվեց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը:

Ուսումնական գործընթացը մասնաճյուղում կազմակերպվում և իրականացվում է երկու ֆակուլտետներում.

«Բնական գիտությունների եվ տեղեկատվական համակարգերի» ֆակուլտետ, որն իր կազմում ներառում է «Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների», «Հումանիտար առարկաների և մարմնակրթության» և «Տեղեկատվական տեխնոլոգիանների, ինֆորմատիկայի և ավտոմատացված համակարգերի» ամբիոնները և «Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության» ֆակուլտետ, որն իր կազմում ներառում է «Ընդերքաբանության և շինարարության», «Մետալուրգիայի և նյութագիտության»  և «Ճյուղային տնտեսագիություն  և կառավարում» ամբիոնները:

Մասնաճյուղում այսօր ճարտարագիտության բակալավրի (առկա և հեռակա) կրթական ծրագրով սովորում են մոտ 400 ուանող (340 վճարովի), հետևյալ մասնագիտություններով. «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տնտեսագիտություն», «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում», «Մետալուրգիա», «Օգտակար հանածոների հասրտացում», «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն»: Մասնաճյուղում դասավանդում են 19 աստիճանակիր դասախոս՝ 2-ը գիտություների դոկտոր, 17-ը գիտություների թեկնածու (որից 10-ը դոցենտներ), 20 դասախոս:

Սերտ գործընկերային կապեր են հաստատված Կապանի մասնաճյուղի և տարածաշրջանի լեռնահանքային ոլորտի 3 խոշոր ձեռնարկությունների՝ «Չաարատ Կապան»  ՓԲԸ, «Զանգեզուրի պղնձա­մո­լիբ­դենային կոմբինատ» ՓԲԸ, «Ագարակի պղնձամոլիբ­դենային կոմբինատ» ՓԲԸ,  ինչպես նաև տարածաշրջանի մի շարք այլ գործատուների միջև, որի շնորհիվ համակարգվել և նպատակաուղղված բնույթ են ստացել մասնաճյուղի ուսանողների արտադրական և նախաավարտական  պրակտիկաները, որոնք հնարավորություն են ընձեռնում հատկապես ճարտարագիտական կադրերի պատրաստման գործընթացի նախապատրաստական փուլն ավարտել  պատվիրատու կազմակերպության արտադրական բազայում՝ մասնագիտական ուսուցումն առավելագույնս համապատասխանեցնելով պատվիրատուի պահանջներին և ապագա աշխատանքի առանձնահատկություններին:

Իր գոյության ընթացքում  մասնաճյուղը տվել է 1936 շրջանավարտ, որոնց զգալի մասը աշխատում է մարզի և հանրապետության մի շարք ձեռնարկություններում, իսկ մի մասն էլ արդեն զբաղեցնում է ղեկավար և պատասխանատու պաշտոններ այդ ձեռնարկություններում:

Մասնաճյուղում գործում են տեխնոլոգիական կարողությամբ լսարաններ, որոնք հագեցվում են ինֆորմացիայի արտապատկերման ժամանակակից միջոցներով: 2021թ.-ին տեղի ունեցավ ժամանակակից տեխնիկայով հագեցված «Կապանի տեխնոլոգիական կենտրոն»-ի (Պոլիտեխնիկական ինժեներական կենտրոնի) պաշտոնական բացումը, այն կնպաստի աշակերտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքների խորացմանը և ճարտարագիտական կրթության նկատմամբ մոտիվացիայի խթանմանը, ուսանողների ինժեներական կարողությունների և ծրագրավորման հմտությունների զարգացմանը, արդիական տեխնոլոգիական բազայի կիրառմամբ ապագա ինժեներական կադրերի պատրաստմանը:

Տեխնոլոգիական կենտրոնում ուսանողների ու դպրոցականների համար իրականացվում են համակարգչային և ծրագրավորման դասընթացներ (Համակարգչային գիտություն (Computer Science) և ծրագրավորման հիմունքներ սկսնակների համար KODU, Scratch,  WEB ծրագրավորում, AutoCAD, MS Office (Word, Excel, VBA macros, Access, Outlook, PowerPoint), Համակարգչային գրաֆիկա (PhotoShop, Corel Draw, Ilustrator)) և ՏՏ ոլորտի այլ դասընթացներ, էլեկտրատեխնիկայի լաբորատոր փորձեր, կազմակերպվում են առցանց խորհրդակցություններ և դասընթացներ:

ՀՊՃՀ(ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղը ղեկավարել են տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Ալվարո Շավարշի Անտոնյանը (մինչև 1997թ.), տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Հոմեր Մուշեղի Աբրահամյանը (1997թ.), տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Շամիրի Բալասանյանը (1997-201222թթ.), Մանկ. Գիտ. դոտոր պրոֆեսոր Լեռնիկ Նահապետի Պետրոսյանը (2012-2016թթ.), 2016թ. դեկտեմբերի 16-ից առ այսօր Տնտեսագիտության թեկնածու դոցենտ Արթուր Ռուբենի Կոստանդյանը: