Պոլիտեխնիկում մեկնարկեց Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Ստեղծի´ր ինքդ» անվճար դասընթացների շարքը

Պոլիտեխնիկում մեկնարկեց Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Ստեղծի´ր ինքդ» անվճար դասընթացների շարքը

Ս․թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Ստեղծի´ր ինքդ» անվճար դասընթացների շարքը։ Դասընթացների շարքը նոյեմբերի 22-ին մեկնարկած «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքի 2-րդ փուլն է, որը վարում է Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետի տեղակալ Անի Մամիկոնյանը։

Դասընթացների կազմակերպիչն է Պոլիտեխնիկական համալսարանը` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (Creative Spark) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՄԹ Սաութհեմփթոնի համալսարանի միջև։ Ծրագրի համակարգողն է ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության աշխատակից Արփինե Մկրտչյանը։ Դասընթացի սկզբում ողջունելով ներկաներին Ա․ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց «Բրիտանական խորհրդին» իրենց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցառումը իրականացնելու հնարավորության համար։ Նա նշեց, որ ծրագրի միջոցով մեր ուսանողները կունենան բոլոր հնարավորությունները իրենց նորարար գաղափարները զարգացնելու համար։ «Մեր նպատակը Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողության շրջանում ձեռնարկատիրական, գործարարական հմտությունների սերմանումն է»,- նշեց Ա․ Մկրտչյանը։

Դասընթացավար Ա․ Մամիկոնյանը նշեց, որ դասընթացների ընթացքում մասնակից անհատներն ու խմբերը ստանալու են գործնական առաջադրանքներ` ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդելու, ինչպես նաև ճշգրիտ և հստակ ներկայացնելու իրենց գաղափարները։ Ըստ Ա․ Մամիկոնյանի աշխատանքներ կտարվեն նաև փիչինգ հմտությունների զարգացման ուղղությամբ։ Դասընթացի վերջում մասնակիցները կնկարահանեն 1-2 րոպեանոց տեսահոլովակ՝ ներկայացնելով իրենց ստարտափ գաղափարը։

Ինչպես նշել էինք դասընթացների նպատակն է՝ ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին և միջազգային տերմինաբանությանն այդ բնագավառում: Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, ձեռնարկատիրության, բիզնեսի մոդելավորման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով: