Ինչպե՞ս է առաջացել «Հարսանիք լեռներում» պայմանական անունը և ինչպե՞ս եռագույնը ծածանվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին

Ինչպե՞ս է առաջացել «Հարսանիք լեռներում» պայմանական անունը և ինչպե՞ս եռագույնը ծածանվեց  Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին

Մայիսի 9. առավոտ: Հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը: Կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի  8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։ Պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների հոլովույթում երևի թե ի վերուստ կանխորոշված զուգադիպություն էր, որ իրագործվելով 1992 թ. մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրումը` որպես անգնահատելի և աներկբա արժեք, փաստորեն, ժամանակագրորեն ևս մեկ նշանակալի հաղթանակով համալրեց հայոց պատմական արժեհամակարգի համար խորհրդանշական մայիս ամիսը։

Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատևելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։ Արցախի ինքնապաշտպանության ուժերը նախքան այդ մի շարք հաղթանակներ էին արձանագրել ադրբեջանական գերակշիռ ու սպառազեն զորքերի դեմ՝ Քարին տակում, Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ղայբալույում, Ջանհասանում, Քոսալարում, Մալիբեյլվում, Խոջալուում և այլ բնակավայրերում։

Շուշիի ազատագրմամբ էլ ավելի կարևորվեց ազգային-ազատագրական պայքարում իրենց պատմական դերը փառքով կատարած տարանջատ կամավորական ջոկատների հիման վրա ժամանակակից կանոնավոր բանակի ստեղծման անհրաժեշտությունը։ Խնդրի իրատեսական գիտակցմամբ հենց 1992թ. մայիսից էլ թափ առավ Արցախում՝ հայկական երկրորդ հանրապետությունում ևս մեկ միասնական հրամանատարության ներքո աշխարհազորային ուժերի միավորման տևական գործընթացը՝ հիմք դնելով Պաշտպանության բանակի կազմավորմանը:

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական նշանակություն ուներ: Ցամաքային և օդային հաղորդակցության ուղիների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ արկակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում տնտեսությունը կաթվածահար էր եղել: Իսկ Շուշիի ազատագրմամբ մեծապես պայմանավորված ու նրան հաջորդած Լաչինի ազատագրումը հնարավորություն տվեցին ուղիղ ցամաքային կապ հաստատելու Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ, որն իրավամբ կոչվեց «Կյանքի ճանապարհ»։

Շուշիի ազատագրումն առավել քան կարևորվում է այն անգնահատելի համազգային համախմբմամբ, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր պետական, քաղաքական, եկեղեցական, բարեգործական և ազգաշեն այլ կառույցներով հանդերձ դրսևորեց անցած դարավերջին՝ աներկբա զինվորագրվելով Արցախյան շարժմանն ու արցախահայության ազգային-ազատագրական պայքարին, Արցախում ծավալված և ազգապահպան հաղթանակներ նվաճած Հայոց հայրենական պատերազմին։

Մայիսը իրավամբ դարձավ հայոց եռատոնի՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, 1918 թվականի մայիսի 28-ին հայոց պետականության վերականգնման եռամիասնական տոնի ամիս` իհարկե այս շարքում նույնչափ կարևորելով 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած և մեր ազգային հիշողության վրա իր ազդեցությունը դրոշմած Ավարայրի հերոսական ճակատամարտը: