Ռեկտորը հանդիպեց «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Ռեկտորը հանդիպեց «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպումների շարքը բուհի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ շարունակվում է։

Դեկտեմբերի 14-ի հանդիպումը Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի հետ էր։

Հանդիպմանը ներկա էին Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ինչպես նաև Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի տնօրեն Ոստանիկ Մարուխյանը, «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» մասնագիտական ամբիոնի վարիչ Մերի Ղազարյան և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Մինչ աշխատանքային քննարկման անցնելը, ռեկտոր Գ․ Վարդանյանը ծննդան 90-ամյակի առթիվ շնորհավորեց «Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության» մասնագիտական ամբիոնի երկարամյա դասախոս Մ․Մնացականյանին, շնորհակալություն հայտնեց մեծ ավանդի և կատարած աշխատանքի համար։ Ռեկտորը նշեց, որ առաջիկայում կունենանք առիթ Մ․Մնացականյանի վաստակը գնահատելու համար։

Ռեկտոր Գ․ Վարդանյանը ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեց նախատեսված բարեփոխումների ծրագրերը, ըստ ոլորտների՝ կրթություն, գիտություն, միջազգայնացում, ենթակառուցվածքներ, էլեկտրոնային ռեսուրսներ, վերապատրաստման ծրագրեր և այլն։ Գ․ Վարդանյանը նշեց, որ այս նպատակով համալսարանն ապահովում է որոշումների կայացման ընթացքում ներքին և արտաքին շահառուների առավելագույն ներգրավվածություն, ինչպես նաև ստեղծում է կարիքների և պահանջների բացահայտման արդյունավետ միջավայր:

Բուհի ղեկավարը կարևորեց թեմայի վերաբերյալ ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա կիսվել մտորումներով, տարբերվող փորձով ու մոտեցումներով և թույլ կտա համեմատություններ կատարելով՝ գտնել ճիշտ ուղիներ։

Համալսարանի երկարամյա ռեկտոր, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ղեկավար Ոստանիկ Մարուխյանը ողջունեց ռեկտորի ներկայացրած ծրագրերը և ամբիոնների հետ հանդիպումների նախաձեռնությունը։ «Ուրախ եմ, որ Պոլիտեխնիկական համալսարանի ղեկին մարդիկ են, ովքեր հավատարիմ են մնալու պոլիտեխնիկական ավանդույթներին»,-նշեց Ո․ Մարուխյանը։ Նա անդրադարձավ  ներկայացված ծրագրի որոշ կետերի՝ նշելով, որ այդ ուղղություններով իսկապես փոփոխությունների կարիք կա։ Ո․Մարուխյանը նշեց, որ էներգետիկ ոլորտի ուսումնական պլանների փոփոխությունը պետք է թելադրված լինի այդ ոլորտում գործող նոր կազմակերպությունների մուտքով և պրակտիկաների կազմակերպման նոր ձևով։ Ո․ Մարուխյանը ողջունեց նաև միջին դպրոցի ստեղծման գաղափարը, բարձր գնահատեց աշխատակիցների երիտասարդացման գործընթացի, վերապատրաստումների, սպորտային համալիրի, հանրակացարանի և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքի հետ կապված ռեկտորի ծրագրերը։

Ամփոփելով խոսքը Ո․ Մարուխյանը բարի երթ մաղթեց ռեկտորի ներկայացրած հավակնոտ ծրագրերին՝  խոստանալով աջակցել բոլոր հարցերում։

Ամբիոնի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին համալսարանում տարվող բարեփոխումների և ընդհանրապես համալսարանական խնդիրներին հատկացվող ուշադրության և փոփոխություններ կատարելու ձգտման համար՝ մաղթելով ծրագրերի շուտափույթ իրականացում։

Հանդիպման ավարտին ռեկտորը նշեց, որ պատրաստ է լսելու բոլոր առաջարկները, քննարկելու առկա խնդիրները։