Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները պարգևատրվեցին ՀԱՊՀ Շնորհակալագրերով

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները պարգևատրվեցին ՀԱՊՀ Շնորհակալագրերով

Ս․թ․ օգոստոսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ՀԱՊՀ Շնորհակալագրերով պարգևատրեց Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության գործընթացի կազմակերպման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցած 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներին։

Ռեկտոր Գ․ Վարդանյանը, ողջունելով աշակերտներին, նշեց․ «Ուրախ եմ, որ դուք ներգրավված եք դպրոցի աշխատանքներում, իսկ այդ աշխատանքները վերջին շրջանում արտահայտվել են դպրոցի ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ։ Ունեմ տեղեկություն, որ դուք այդ ողջ ընթացքում եղել եք բարեխիղճ, սիրալիր և մեծ էնտուզիազմով լի։ Նաև ձեր գործունեության ու ձեր սրտացավ աշխատանքի արդյունքում ունեցել ենք ընդունելության որակյալ ընթացք։ Ձեր կամավորական աշխատանքները կարևորում եմ ոչ միայն կազմակերպչական, այլև մոտեցման առումով՝ ամբողջ ընթացում դուք դիմորդներին, նրանց ծնողներին և բարեկամներին ցույց եք տվել, որ մենք ունենք կայացած և ինքնուրույն կրթօջախ։ Տվյալ դեպքում դուք ձեր ժամանակը ծախսեցիք, որպեսզի ձեր դպրոցի ընդունելությունը լինի որակյալ ու ներկայացուցչական։ Սա շատ գնահատելի փաստ է, քանի որ նկարագրում է ձեզ։ Իսկ եթե դուք պատրաստ եք ձեր ժամանակը ծախսել անվարձահատույց, նշանակում է՝ ունեք կամային հատկանիշներ և արժեքներ, որով էլ հենց ապագայում պիտի կառուցվի մեր երկիրն ու պետությունը»,-նշեց ռեկտորը։

Գ․ Վարդանյանը շեշտեց, որ աշակերտներին դիտարկում է ոչ միայն որպես Ավագ դպրոցի աշակերտներ, այլև որպես Պոլիտեխնիկական մեծ ընտանիքի անդամներ, ովքեր և լինելու են ինժեներական կրթության ապագան։

Ներկայացնելով աշակերտներին՝ Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը նշեց, որ դպրոցն ունի կամավորական թիմ, որտեղ գրանցված է մոտ 50 աշակերտ։ Նրանցից 12-ն ընտրվել են դպրոցի ընդունելության կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար և այսօր նրանք ստանում են շնորհակալագրեր բուհի կողմից՝ սպասելիքները արդարացնելու համար։

Հանդիպման ավարտին ռեկտորը և աշակերտները քննարկումներ ունեցան աշակերտների հնչեցրած հարցերի շուրջ, կիսեցին կարծիքներ և մոտեցումներ։