Արամ Աշիկի Գևորգյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 13-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետը։ 1978-1980 թվականներին սովորել է ՀԳԻ ասպիրանտուրայում (ք. Մոսկվա)։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1974 թվականին «ԱԷԿ-ների շահագործում» ԳՀԻ-ի Երևանյան մասնաճյուղում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, ապա բաժնի վարիչ:
1983-2013 թվականներին համատեղության կարգով աշխատել է ՀԱՊՀ «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնում` որպես դոցենտ:
1989 թվականից` «Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա» ԳՀԻ-ի հայաստանյան նորաստեղծ մասնաճյուղում` որպես գիտության գծով տնօրենի տեղակալ, ապա տնօրեն:
1994 թվականից` ՀՀ էներգետիկայի նախարարությունում`որպես գլխավոր մասնագետ, ատոմային էներգետիկայի վարչության պետ:
2013 թվականից` Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ)` որպես փորձագետ:
2017-2023 թվականներին ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտության և արտաքին կապերի գծով:
1981 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ա. Գևորգյանի «Արդյունաբերական ջերմազանգվածափոխանակության պրոցեսներ և տեղակայանքներ» դասագիրքն արժանացել է ՀԱՊՀ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Վերջին 10 տարում հրատարակված լավագույն դասագիրք» մրցույթի Երկրորդ մրցանակի։
«Ատոմային էլեկտրական կայաններ» դասագիրքը` 2014 թվականի «Լավագույն դասագիրք» մրցանակի:
Մոտ 100 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց թվում` հեղինակային իրավունքներ, դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: