Ոստանիկ Զավենի Մարուխյան

Գլխավոր / Ոստանիկ Զավենի Մարուխյան

Ոստանիկ Զավենի Մարուխյան

ՀԱՊՀ Ռեկտոր (2006-2011) (2015-2020)

Ոստանիկ Զավենի Մարուխյանը ծնվել է 1946 թվականի մարտի 4-ին Երևանում: 1964 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1964 թվականին ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1969 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1971-1974 թվականներին սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում։ 1978-1979 թվականներին Բուդապեշտի տեխնիկական համալսարանում անցել է ուսումնագիտական ստաժավորում: 1996 թվականներին ուսումնագիտական վարժանք է անցել Աթենքի տեխնիկական համալսարանում, 1997 թվականին՝ Փարիզի միջուկային տեխնոլոգիաների հետազոտական համալսարանում, 2001 թվականին` Լունդի համալսարանում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1969 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնում՝ որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս:

1983-1997 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) Էներգետիկական ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնի դոցենտ:

1997 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Ջերմաէներգետիկա» ամբիոնի պրոֆեսոր է։

1983-1987 թվականներին եղել է ԵրՊԻ-ի էներգետիկական ֆակուլտետի դեկանի տեղակալ:

1987-1990 թվականներին՝ նույն ֆակուլտետի դեկան:

1990 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին եղել է ԵրՊԻ-ի Ուսումնամեթոդական վարչության պետ։

1990-1992 թվականներին՝ ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) Ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտոր:

1992-1993 թվականներին՝ ՀՊՃՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր:

1993-1999 թվականներին՝ ՀՊՃՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխպրեզիդենտ:

1999 թվականի փետրվար-հունիս ամիսներին պաշտոնավարել է՝ որպես ՀՀ ԿԳ նախարարի առաջին տեղակալ։

1999-2003 թվականներին՝ ՀՊՃՀ  Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր։

2001-2012 թվականներին եղել է ՀՊՃՀ «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչ:

2006-2011 թվականներին՝ ՀՊՃՀ ռեկտոր։

2012 թվականից առ այսօր Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնի (ՄԱՏՈՒԿ) ղեկավարն է:

2015-2020 թվականներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր։

2003-2006 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովների անդամ։

2003 թվականից ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է:

2006 թվականից Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է:

2010 թվականից՝ Միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ:

2005 թվականին պարգևատրվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով:

2005 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով:

2006 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե հուշամեդալով:

2007 թվականին՝ ԼՂՀ «Մայրություն» կոմիտեի «Մայրական երախտագիտություն» մեդալով:

2008 թվականին՝ ՀՀ Նախագահի «Անանիա Շիրակացի» մեդալով:

2008 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:

2008 թվականին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալով:

2008 թվականին՝ ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ոսկե մեդալով։

2009 թվականին՝ «Մայրական պատգամ» մեդալով:

2010 թվականին՝ Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալով:

2011 թվականին՝ ԼՂՀ «Երախտագիտության» մեդալով:

Արժանացել է 2 տասնյակից ավելի պատվոգրերի և վաստակագրերի:

Ո. Մարուխյանը 26 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, 128 գիտական, գիտամեթոդական, հրապարակախոսական հոդվածների և 2 գյուտի հեղինակ է։

Ընտանիքը

Ոստանիկ Զավենի Մարուխյանը ծնվել է ՀՀ-ում պոլիգրաֆ արդյունաբերության հիմնադիրներից մեկի` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զավեն Մարուխյանի ընտանիքում:

Կինը` էլմիրա Մուշեղի Սինասյանը, մասնագիտությամբ ճարտարագետ էներգետիկ է, աշխատում է ՀՀ էներգահամակարգի «Հաշվարկային կենտրոն» ՊՓԲԸ-ում` որպես առաջատար մասնագետ:

Որդին` Կարեն Ոստանիկի Մարուխյանը, ավարտել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետը, մագիստրոսական երկամյա ուսուցումը, ասպիրանտուրան, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Աշխատում է «Սինոփսիս» հայ-ամերիկյան ընկերությունում:

Դուստրը` Տաթևիկ Ոստանիկի Մարուխյանը, ավարտել է ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետը, ստացել է տնտեսագետ-ճարտարագետի որակավորում: Ավարտել է Լոնդոնի սոցիալ-քաղաքական գիտությունների և բնապահպանության բարձրագույն դպրոցը և ստացել մագիստրոսի որակավորում:

Ունի երեք թոռ: