Սևան Պարույրի Դավթյան

Սևան Պարույրի Դավթյան

Սևան Պարույրի Դավթյան

«Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ

Սևան Պարույրի Դավթյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 22-ին՝ Ախալքալակում: Ավարտել է Թբիլիսիի թիվ 93 հայկական միջնակարգ դպրոցը: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև 1968թ.՝ Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում՝ որպես «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» լաբորատորիայի վարիչ:

1990-1994թթ. աշխատել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես «Էլեկտրաքիմիա և ֆիզիկական քիմիա» ամբիոնի վարիչ:

1994-2003թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ:

2003-2006թթ.՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Մանվելյանի անվան «Ընդհանուր և անօրգանական քիմիա» ինստիտուտի տնօրեն:

2006-2017թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ:

2018թ.-ից առ այսօր ՀԱՊՀ-ի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է, որի գիտական ուղղությունն է՝ պոլիմերացման պրոցեսների ջերմային ռեժիմների ուսումնասիրությունը, պոլիմերային կոմպոզիտային նյութերի և նանոկոմպոզիտների սինթեզը և հատկությունների հետազոտումը, պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումը և այլն:

Հիմնադրել է գիտական նոր ուղղություն` «Պոլիմերացում ոչ իզոթերմ՝ ադիաբատ և ֆրոնտալ պայմաններում», որի հիման վրա իրականացվել են պոլիմերների և պոլիմերային կոմպոզիտների ստացման բարձր արտադրողականությամբ, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներ:

Հետազոտությունների բնագավառը` պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորում, պոլիմերային նանոտեխնոլոգիաներ, գերհաղորդիչ պոլիմեր-կերամիկական նանոկոմպոզիտների սինթեզ և հատկությունների ուսումնասիրում, հիդրոգելերի սինթեզ ֆրոնտալ պայմաններում, պոլիմերային գրադիենտային նյութերի սինթեզ:

1970թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1979թ.՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի   ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել Քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1988թ.  ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

2006թ.-ից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է:

2008թ. ՝ ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ:

2016թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի:

2015թ.  արժանացել է   ՀՀ Նախագահի մրցանակի` С. П. Давтян, А. О. Тоноян. // Теория и практика адиабатической и фронтальной поли­ме­ризации.  Palmarium Academic Publishing, 2014, 660 стр. մենագրության համար:

2013թ.՝ արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե հուշամեդալի:

2012թ.՝ «Journal of Nanomaterials» Lead Guest editor:

2008թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է շնորհակալագրի և ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման:

2006թ.-ից Վրաստանի քիմիկոսների միության պատվավոր անդամ է:

2006թ.-ից Սևծովյան երկրների միջազգային սիմպոզիումի պատվավոր անդամ է:

2005թ. արժանացել է ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրի՝ գիտության բնագավառում արդյունավետ աշխատանքների և ձեռքբերումների համար:

Հեղինակ է 4 մենագրության, 3 ուսումնական ձեռնարկի, ավելի քան 400 գիտական աշխատանքների, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, 30-ից ավելի արտոնագրերի, 13 գլուխ գիտական նյութերի, որոնք լույս են տեսել տարբեր հրատարակչությունների գրքերում՝ “Woodhead Publishing Limited”- London, “Springer”- Berlin, “Nova Science Publishers”- New York և այլն:

 

8112 | 011710041 | 010520345