Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԵՃՇՊՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի պրոֆեսոր։
Ծնվել է 1925 թվականին Սարատովում։
1925 թվականին ծնողները տեղափոխվում են Նախիջևան քաղաք, որտեղ Ռաֆայել Մովսեսյանը հաճախում է տեղի ինտերնացիոնալ դպրոցի ռուսական բաժինը:
1940թ. Մովսեսյաննների ընտանիքը տեղափոխվում է Երևան՝ մշտական բնակության:
1941թ., ավարտելով Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, Ռաֆայել Մովսեսյանն ընդունվում է Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Ավտոճանապարհային ֆակուլտետը։
Ինստիտուտն ավարտելով, 1947թ., աշխատանքի է անցնում Գեոդեզիայի ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ: Աշխատանքին զուգընթաց սովորել է մարքսիզմ-լենինիզմի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետում և 1950թ. ավարտել այն:
1951 թ. Ռ. Մովսեսյանը ընդունվում է Մոսկվայի հողաշինարարական ինստիտուտի ասպիրանտուրան:
Ավարտելով ասպիրանտուրան, 1953թ. վերադառնում է Երևան և աշխատանքի նշանակվում Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, որտեղ փոխարինում է Գեոդեզիայի ամբիոնի վարիչին:
1954թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն և տեղափոխվում Պոլիտեխնիկական ինստիտուտ:
Այստեղ աշխատանքային գործունեությունն սկսելով որպես Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ասիստենտ, հասնում է մինչև մամբիոնի վարիչի պաշտոնին:
1976թ. Ռ. Մովսեսյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ 1978 թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:
Ռ. Մովսեսյանի ղեկավարությամբ 1970թ. ինստիտուտում ստեղծվում է գեոդեզիայի ճշգրիտ չափումների պրոբլեմային լաբորատորիան` ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը, որի ղեկավարն էր մինչև կյանքի վերջը:
1986 թ. արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի:
1978-1980 թթ. եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։
1980թ.՝ նշանակվել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ Պաշտոնավարել է մինչև 1989 թվականը։
1983թ. Ռ. Մովսեսյանի ռեկտորության օրոք, պոլիտեխնիկական ինստիտուտը բարձրորակ մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների զարգացման համար պարգևատրվել է Աշխատանքային կարմիր
դրոշի շքանշանով:
1983թ. արժանացել է հանրապետության Վաստակավոր ինժեների պատվավոր կոչման:
1986թ. դարձել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1996թ.՝ ակադեմիկոս:
Ակադեմիկոս Ռ. Մովսեսյանի գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են 15 թեկնածուական և 2 դոկտորական թեզեր։
Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (երկու անգամ), ՀԿԿ Կենտկոմի անդամ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
2007թ. հետմահու հրատարակվել է ակադեմիկոս Ռ. Մովսեսյանի «Սեյսմիկ գեոդեզիա» մենագրությունը:
Գիտական գործունեության արդյունքները ներկայացված են մոտ 150 գիտական հոդվածներում և գիտատեխնիկական հաշվետվություններում, 70-ից ավելի հեղինակային վկայագրերում և արտոնագրերում։