Ա. Մելիքջանյանը ծնվել է 1899 թ. Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում: Տեղի ծխական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի Ներսեսյան դպրոցում, որն ավարտել է 1919 թ.։ Ուսման տարիներին աշխատել է «Սպարտակ» երիտասարդական միությունում;
1920 թ. Ա.Մելիքջանյանը տեղափոխվել է Հայաստան: 1921 թ. աշխատել է Ստեփանավանի շրջանում որւպես Հեղկոմի նախագահի տեղակալ: Ընտրվել է Լոռու գավառի Դսեղ գյուղի կուսշրջկոմի քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1923 թ.. ՀԿԿ Կենտկոմի որոշմամբ Ա․ Մելիքջանյանը գործուղվել է Հայաստանի պետական համալսարան` սովորելու: 1928 թ., ավարտելով բուհի ինժեներական ֆակուլտետը, ստացել է ինժեներ հիդրոտեխնիկի մասնագիտություն: Ուսմանը զուգընթաց, 1926 թվականից, Ա․ Մելիքջանյանը Հայաստանի ջրային տնտեսության շինարարությունում մինչև 1933 թ. վարել է պատասխանատու պաշտոններ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1933 թ. ՀԿԿ Կենտկոմի որոշմամբ նա գործուղվել է բանգյուղտեսչության ժողկոմատ, որտեղ աշխատել է որպես շինարարության ղեկավար, իսկ 1934 թվականից աշխատել է նորաստեղծ Երևանի քիմիական կոմբինատում տեղամասի պետ, այնուհետև՝ շինարարության պետ։ 1937 թ. օգոստոս ամսից անցել է աշխատանքի ԵրՊԻ-ում որպես տնօրեն:
Մի քանի ամիս ինստիտուտը ղեկավարելուց հետո, մինչև Հայրենական մեծ պատերազմը, աշխատել է որպես ժողկոմ հայ ջրտնտեսությունում, այնուհետև՝ տեղական արդյունաբերության ժողկոմում։ Պատերազմի առաջին իսկ օրերից կռվել է գործող բանակում: 1944 թ., զորացրվելով՝ անցել է աշխատանքի ՀՍՍՀ ժողկոմխորհին կից ճարտարապետության վարչությունում որպես գլխավոր տեսուչ։
(Անձնական գործը, որից մենք օգտվեցինք, Ա․ Մելիքջանյանը ստորագրել է 1945թ. հունիսի 25-ին: Նրա հետագա կյանքի և աշխատանքային գործունեության` մասին այլ տեղեկություններ չունենք):