Պաշտոնաթերթ
համալսարանական պաշտոնաթերթ
ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարար Վ. Ելյուտինի հրամանով 1957թ. փետրվարի 28-ին Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրվում է բազմատիրաժ «Պոլիտեխնիկ» թերթը: Այն թողարկվում էր շաբաթը 1 անգամ՝ 500 օրինակով:
Ներկայացված են «Պրոլետարական ճարտարապետ», «Խորհրդային ճարտարագետ», «Պոլիտեխնիկ», «Ապագա ճարտարագետ» և «Ճարտարագետ» համալսարանական տարբեր անվանմամբ թերթերի տարբերանշանները:
Պոլիտեխնիկի հավաքական ուժը և հարստությունը նրա բազմահազար շրջանավարտներն են
1966 թվականի մարտի 25-ին «Պոլիտեխնիկ» թերթի խմբագրությունը հայտարարել էր թերթի անվան՝ «Պոլիտեխնիկ»-ի լավագույն ձևավորման մրցույթ՝ 20 ռուբլի պարգևատրմամբ: Ժյուրին ստացված բազում գործերից հավանության արժանացրեց միայն 221 խմբի ուսանող Եղիշե Եփրեմյանի ձևավորած վերնագիրը, որով և մինչ օրս լույս են տեսնում մեր թերթի բոլոր համարները:
«Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թերթը, լույս է տեսնում 1957 թվականից Երևանում։ Թերթի կարգախոսն է «Պոլիտեխնիկի հավաքական ուժը և հարստությունը նրա բազմահազար ուսանողներն են» (Յու. Սարգսյան)։
«Պոլիտեխնիկ» թերթի առաջին համարը լույս է տեսել 1932 թվականի մայիսի 1-ին «Պրոլետարական ճարտարապետ» անվամբ։ Թերթը պարբերաբար շարունակեց լույս տեսնել մինչև 1934 թվականը ներառյալ: Բայց 1933 թվականիցից անվանակոչվեց «Խորհրդային ճարտարագետ»: Թերթի յուրաքանչյուր համարն իր մեջ ամփոփում է վառ հիշողություններ` հարազատորեն արտացոլելով ինստիտուտի անցյալ տարիների բուռն կյանքը, պայքարը ուսման որակի համար, կազմակերպությունների աշխատանքը, հաջողություններն ու թերությունները:
Նրա առաջին խմբագիրներից էր ինստիտուտի ճարտարապետական բաժնի ուսանող, հետագայում՝ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան։ Այդ տարիների թերթի խմբագիրներից էին նաև ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ Անուշավան Վաթինյանը և Ալեքսանդր Սահինյանը: Նորաստեղծ թերթը օգնեց ինստիտուտի զարգացմանը, բայց երկու տարեկան էլ չկար (1932թ. մայիսի 1-ից մինչև 1934թ. ապրիլի 13-ը ինստիտուտում տպագրվել է թերթի 12 համար), երբ այն փոխարինվեց պատի թերթով:
1957թ. մայիսյան փառատոնին ինստիտուտում կրկին վերականգնվեց տպագիր մամուլը: ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարար Վ. Ելյուտինի հրամանով 1957թ. փետրվարի 28-ին Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրվում է բազմատիրաժ «Պոլիտեխնիկ» թերթը, որը պիտի թողարկվեր շաբաթը 1 անգամ՝ 500 օրինակով:
Նորաստեղծ թերթի խմբագիրը դարձավ Հոբերի Իսահակյանը, որին մոտ երկու տարի հետո փոխարինեց Ռաֆիկ Գրիգորյանը, ով հետագայում աշխատեց հանրապետական համար առաջին թերթի՝ «Սովետական Հայաստանի» խմբագրությունում։ 1963թ. մինչև 1970թ. թերթը խմբագրեց Միքայել Հովսեփյանը, 1970-1980թթ.-ին՝ Գուրգեն Վարդանյանը: 1980 թվականին մի քանի ամիս թերթի խմբագրումը իրականացրել է կոլեգիալ խմբագրությունը: 1981թ. թերթի խմբագիր է նշանակվել Ռուբիկ Դավթյանը, ով խմբագրել է թերթը մինչև 1982թ.: 1982թ. մի քանի ամսով խմբագրի փոխարեն թերթի պատասխանատուն է եղել Գրիգոր Ստեփանյանը: Նույն տարում թերթի խմբագիր է նշանակվել Ռենալ Միրզոյանը՝ խմբագրելով մինչև 1984թ.: 1984թ. մինչև 1986թ. թերթի խմբագիր է եղել Գրիգոր Ստեփանյանը, ում փոխարինել է Անուշ Գասպարյանը և խմբագրել թերթը Պոլիտեխնիկական ինստիտուտի վերջին տարիներին և արդեն նորանկախ 3-րդ հանրապետության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կազմավորման առաջին տարիներին` մինչև 1995թ.: 1997թ․ մինչև 2001թ. թերթը խմբագրել են Էդիկ Կյուրեղյանը և Հասմիկ Պետրոսյանը: 2001թ. թերթի գլխավոր խըմբագրի պաշտոնում աշխատելու հրավեր է ստանում Լաուրա Կարակելյանը և մինչև 2012 թվականը խմբագրում Պոլիտեխնիկականի պաշտոնաթերթը: 2012թ․ մինչև 2014թ. թերթը կրկին խմբագրում է Էդիկ Կյուրեղյանը:
80 տարի անց՝ 2014 թվականից, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր է նշանակվում կրկին ուսանող: Նորանշանակ խմբագիրը Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի (նախկին` Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի) երկրորդ կուրսի ուսանող, Ուսանողական խորհրդի Մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ, ուսանողական «Ճարտարագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Ջանիկ Սևոյանն էր:
Պոլիտեխնիկական համալսարանը տարիների ընթացքում ունեցել է մի քանի պարբերական՝ «Պրոլետարական ճարտարապետ», «Խորհրդային ճարտարագետ», «Պոլիտեխնիկ», «Ապագա ճարտարագետ», «Ճարտարագետ», ուսանողական «Իմպուլս», «Ճարտարագետ» և գիտաժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթ, որոնց միջոցով ամփոփվել է համալսարանի գործունեությունը, ուսանողական և գիտական կյանքը։ Ուսանողական «Իմպուլս» ամսագիրը լույս է տեսել 2002-2008 թվականներին և հիմնականում ներառել է համալսարանի ուսանողական ակտիվ կյանքին վերաբերող թեմաները։ 2010 մարտի 9-ից լույս տեսնող գիտաժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթն իր տպագրման ոճով տարբերվել է։ Թերթը միակ ուսանողական տպագիրն է եղել, որ հիմնադրել են ուսանողներ՝ առանց Ուսանողական խորհրդի անդամ լինելու, թեպետ բոլորը պետք է գիտակցեն՝ եթե համասլարանի ուսանող են, ուրեմն ուսանողական խորհրդի անդամ են։ «ԳԱՆՍ»-ը լույս է տեսել մինչև 2012 թվականի մայիս։ 2012 թվականի հոկտեմբերին հիմնադրված «Ճարտարագետ» ամսագիրը վստահորեն կարելի է համարել ռեբրենդինգի ենթարկված «Իմպուլս»- ի իրավահաջորդը, քանզի գործունեության նպատակը նույնն է։
Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 56 69 46, Էլ-փոստ: [email protected]