Ինժեներական քայլ․ մեր, ավելի ճիշտ՝ քո Պոլիտեխնիկի դուռը բացելու համար

Ինժեներական քայլ․ մեր, ավելի ճիշտ՝ քո Պոլիտեխնիկի դուռը բացելու համար

Դարից տասը պակաս: Ավելի ստույգ՝ շուտով 90-ամյա բովանդակությամբ: Եվ սա այն դեպքն է, երբ տարիքը խորհրդանշում է միմիայն երիտասարդացում:

Բարի գալուստ Պոլիտեխնիկ՝ ազգային արժեքների և անհնարին նվաճումների եզակի թատերաբեմ:

Հայաստանի և  Խորհրային Միության առաջատար ինժեներական դարբնոցը  1991-ի նոյեմբերի 29-ին վերանվանվեց` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, 2014-ի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Շուրջ ինը տասնամյակ համալսարանը ունեցել է ավելի քան 116 հազար շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման, ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

Ինչու՞ քայլել մեր ճանապարհային քարտեզով

Բացառիկ կրթությանը զուգահեռ, Պոլիտեխնիկը հայտնի է նաև պետական ու հասարակական կյանքում ունեցած էական դերակատարությամբ: Հիմնադրումից ի վեր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը  հանդիսանում է մեր երկրի առաջատար տեխնոլոգիական բուհը, որը շարունակում է  իր ուղին  նորարարական լուծումներով։ Բուհի մասնագիտությունները ավելի քան արդիական են, իսկ մեր շրջանավարտները անմիջապես իրենց տեղը գտնում են նախընտրած ոլորտում:

Աշխարհագրություն՝ ռազմավարական սահմանագծերով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենտրոնական համալիրը  Երևանում է, մասնաճյուղերը` Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Համալսարանն ունի ավագ դպրոցներ Երևանում և մասնաճյուղերում, որոնց նպատակն է ի հայտ բերել ապագա ինժեներներին` ապահովելով խորացված մինչ բուհական ուսուցում։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրը ՀԱՊՀ-ում իրականացվում է քոլեջի միջոցով:

Մանկապարտեզ Պոլիտեխնիկում՞ ինչպե՞ս

ՀԱՊՀ մանկապարտեզը միակն է  Հայաստանում՝ կից համալսարանին։ Մանկապարտեզում, որպես շարունակական կրթության սկզբնական աստիճան, ընտանիքի հետ համագործակցելով, իրականացվում է նախադպրոցական տարիքի երեխաների բնականոն, ներդաշնակ և համակողմանի զարգացումը:

Իսկ հետո՞, ճանապարհ դեպի ՀԱՊՀ տեխնոլոգիական ավագ դպրոց

Այստեղ սովորելը բարդ, սակայն հաճելի ու բավականին հետաքրքիր է․ աշակերտը գիտի՝ իրեն կրթում են լավագույն մասնագետները: ՀԱՊՀ ավագ դպրոցը հանրապետության եզակի կրթօջախներից է, որտեղ ձևավորում է հստակ պատկերացումներ կիրառական գիտության և ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ, խթանում է հետազոտական ունակությունների և հմտությունների ձևավորմանը, նրանց ընդգրկում նախագծային գործունեության մեջ։ Դպրոցում անցկացվում են վարպետաց դասեր, կազմակերպվում են օլիմպիադաներ, ձևավորվում են ռոբոտիքսի, աստղագիտության և լրացուցիչ կրթության խմբակներ։ ՀԱՊՀ ավագ դպրոցը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին ամենաշատ ուսանող տրամադրող դպրոցներից է:

Հիմա արդեն՝ ՀԱՊՀ տեխնոլոգիական քոլեջ

ՀԱՊՀ քոլեջն ինժեներ-մասնագետների կոփման անդրանիկ դարբնոցն է։ Այն սովորողների մոտ ձևավորում է միջին մասնագիտական ինժեներական հմտություններ։ Քոլեջի ուսանողները օգտվում են համալսարանում սովորող ուսանողների բոլոր իրավունքներից, մասնակցում տարաբնույթ մրցույթների։ Քոլեջում դասավանդում են Պոլիտեխնիկական համալսարանի բազմափորձ դասախոսները, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերում բարձր մասնագիտական որակավորում։ Քոլեջն օգտվում է համալսարանի  լաբորատոր գործիքակազմից, որոնք օգնում են ուսանողական խմբերին մասնագիտական հմտությունների ձեռքբերման հարցում:

Համալսարանի մասնագիտացումների տիրույթը

Ծրագրավորում, դիզայն, համակարգչային գրաֆիկա, պոլիգրաֆիա, ընդերքաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա, տրանսպորտային համակարգեր եւ ոչ միայն․․․ Համալսարանն ունի ուսումնական գործընթացի իր առանձնահատկությունները, ինչի արդյունքում ՀԱՊՀ-ի շրջանավարտն օժտվում է տրամաբանելու, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ: Համալսարանն իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական ծրագրեր` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով: Համալսարանի մասնագիտացումների տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական, մագիստրոսական եւ հետազոտական մասնագիտություններով, որոնք իրականացվում են Երևանի կրթահամալիրում և մասնաճյուղերում:

Սահուն անցում աշխատաշուկա

ՀԱՊՀ-ի շրջանավարտը կարողանում է հստակ ծրագրեր մշակել, ինչը նրան հնարավորություն է տալիս անհրաժեշտ պարագայում առաջադրել իրավիճակային լուծումներ: Այս առավելությունը բազմիցս արձանագրել են նաև գործատուները: Լավագույն օրինակն է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ համագործակցությունը: ՀԱՊՀ-ն համագործակցում է նաև էներգետիկ ոլորտի և ՀՀ-ում գործող լեռնամետալուրգիական բոլոր խոշոր ձեռնարկությունների հետ, որոնց ցանկը մեծ է: Անշուշտ, այս առումով դեռ անելիքներ կան. նախ, դա անընդհատ գործընթաց է, որը, երբեմն կարող է իրավիճակային լուծում ունենալ: Մասնավորապես հսկայական աշխատանք պետք է կատարվի գործատուների կողմից ուսումնական հաստատությունում մասնագետի պատրաստման, ինչպես նաև նախագծային և հետազոտական աշխատանքների մասնակցության և պատվերի ձևավորման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման ուղղությամբ:

Առաջատար տեխնոլոգիական համալսարան միջազգային հավակնություններով

Պոլիտեխնիկական համալսարանը հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն է և զարգանում է համաշխարհային փորձին համընթաց: Պոլիտեխնիկն ունի համագործակցության շուրջ 175 պայմանագրեր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում տարեկան իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր: Դրանք ֆինանսավորվում են տարբեր միջազգային գործակալությունների և հիմնադրամների կողմից, ինչպիսիք են՝ «Erasmus+»-ը,  DAAD-ը, СУ СНГ-ն և այն:  ՀԱՊՀ-ի ոչ ակադեմիական ակտիվ գործընկերների շարքում են Synopsys, National Instruments, Microsoft, Kaspersky Lab, Magate, Schneider Electric, Siemens, TeamTelecom, РосАтом, Rostelecom, «Տաշիր Գրուպ», GeoProMining Vallex GroupRusal Armenal և մի շարք այլ առաջատար միջազգային ընկերություններ ու հասատություններ: Համալսարանը շարունակում է անդամակցությունը այնպիսի միջազգային ասոցիացիաներին, ինչպիսիք են Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA), Սևծովյան համալսարանների ցանցը (BSUN), ԱՊՀ երկրների ցանցային համալսարանը (СУ СНГ), Միջուկային տեխնոլոգիաների ուսուցման և վերապատրաստման STAR-NET տարածաշրջանային ցանցը, ՌԴ Տեխնիկական համալսա­րան­ների ասոցիացիան (АТУ), Մեքենաների և մեխա­նիզմների տեսության միջազ­գա­յին ֆեդերացիան (IFTօMM), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո լեռնահանքային ինժեներական կրթության իրավասության միջազգային կենտրոնը և այլն:

Հետազոտական ենթակառուցվածքներ

Պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաները զարգացնում են գիտության կոնկրետ ուղղություններ եւ ճյուղեր: Առկա բոլոր լաբորատորիաները ղեկավարում են գիտության տվյալ բնագավառի առաջատար և ճանաչված մասնագետները: ՀԱՊՀ լաբորատորիաները ապահովում են սովորողների ինքնուրույն գիտական խմբերի ստեղծում` տեսական և գործնական առավել արդիական ուղղություններով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:

Որպես վերջաբան կամ սկիզբ՝ մեզ հետ ճանապարհը բարդ է, բայց ամուր հիմքերով․․․