Կյանք՝ անմնացորդ նվիրումով

Կյանք՝ անմնացորդ նվիրումով

Կյանքից հեռացավ հայ քաղաքականհասարակական ասպարեզի նշանավոր գործիչ, դիվանագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Իվանի Չիտեչյանը։

Վիգեն Չիտեչյանը ծնվել է 1941թ․ հուլիսի 26-ին Երևանում։

1963թ․ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այնուհետ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) էլեկտրատեխնիկական ֆակուլտետը ինժեներ էլեկտրամեխանիկի որակավորմամբ։ 1969թ․ ավարտել է Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Վիգեն Չիտեչյանի աշխատանքային ուղին սկսվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ քառորդ դար մեծ նվիրումով իր ավանդն է ներդրել մայր բուհում երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության և տեխնիկական գիտությունների զարգացման գործում։

1969-1985թթ․ աշխատանքային ճանապարհ է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) էլեկտրական մեքենաների ամբիոնում  նախ՝ որպես  ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս, այնուհետև՝ 1970-1984թթ․, որպես նույն ամբիոնի վարիչ։ Այդ ընթացքում՝ 1975-1978թթ․, գործուղվել է Թունիսի ազգային ինժեներական դպրոցը, որտեղ դասախոսական աշխատանքին զուգահեռ վարել է նաև ամբիոնի վարիչի պարտականությունները, ստեղծել ուսումնալաբորատոր բազա «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտության համար, ներդրել մասնագիտական դասընթաց, որի համար հեղինակել է 4 ուսումնամեթոդական աշխատանք ֆրանսերեն լեզվով։

Նրա ղեկավարության տարիներին ԵրՊԻի էլեկտրական մեքենաների ամբիոնը դարձել էր ինստիտուտի լավագույն ուսումնագիտական կենտրոններից մեկը, որտեղ հաստատվել էին գիտագործնական փոխհամագործակցության կապեր երկրի ուսումնական հաստատությունների և արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Վիգեն Չիտեչյանի անմիջական մասնակցությամբ ամբիոնում ներդրվել է չորս դասընթաց, որոնք ներառվել են ուսումնական գործընթացում՝ ընդհանուր ճարտարագիտական և մասնագիտական դասախոսությունների, լաբորատոր, կուրսային և ավարտական աշխատանքների կազմակերպման համար։ 1981թ․«էլեկտրական մեքենաներ» մասնագիտության շրջանակում կազմակերպվել է նոր մասնագիտացում՝ «Էլեկտրամեքենաշինության տեխնոլոգիա», ստեղծվել ամբիոնի մասնաճյուղը «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման ուսումնալաբորատոր բազայի հիման վրա։ Նրա ավելի քան 170 գիտական և ուսումնամեթոդական հրապարակումները, արտոնագրերն ու պատենտները նվիրված են էլեկտրամեխանիկական համակարգերում էլեկտրամագնիսական պրոցեսների հետազոտության մեթոդների և միջոցների մշակմանը, էլեկտրամեխանիկական ավտոմատ համակարգերի գրգռման եղանակների ու սկզբունքների վերլուծությանը։

Նշանակալից է նրա գիտակազմակերպչական գործունեությունը պոլիտեխնիկականում և նրա սահմաններից դուրս։ Երկար տարիներ եղել է ինստիտուտի էլեկտրատեխնիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ, որտեղ ատենախոսություններ են պաշտպանել նաև նրա ասպիրանտներն ու հայցորդները։ Արդյունավետ է եղել Վ. Չիտեչյանի հնգամյա գործունեությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում: Տարբեր տարիների, որպես ՍՍՀՄ և ՀՍՍՀ բարձրագույն կրթության նախարարությունների գիտամեթոդական խորհուրդների անդամ, վարել է նաև գիտակազմակերպչական աշխատանքներ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի գծով։

1983 թվին Վիգեն Չիտեչյանին շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր ինժեների կոչում։ 1988ին Մոսկվայի «Բարձրագույն դպրոց» հրատարակչությունը տեխնիկական բուհերի համար լույս է ընծայել նրա «Էլեկտրական մեքենաներ․ Խնդիրների ժողովածու» ուսումնական ձեռնարկը ռուսերեն լեզվով։

Բազմաբեղուն է Վիգեն Չիտեչյանի ինժեներականպետականհասարակական գործունեությունը։ 1986-1990թթ․ վարել  է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման գլխավոր ինժեների, 1989-1991թթ․՝ ՀՍՍՀ Պետստանդարտի վարչության պետի, 1990-1991թթ․՝ ՀՀ Արդյունաբերության նախարարի տեղակալի, 19911-993թթ․՝ ՀՀ պետական նախարարի, 1993-1995թթ․՝ ՀՀ  փոխվարչապետի պաշտոնները, ամենուր դրսևորելով մասնագիտական նախանձախնդրություն և մեծ պատասխանատվություն։

Վիգեն Չիտեչյանն անցել է դիվանագիտական գործունեության երկարամյա ճանապարհ․ 1995-1997թթ․՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիայում, 1997-2004թթ․՝ ՀՀ առաքելության ղեկավար ՆԱՏՕ-ում, 1997-2009թթ․՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, ՀՀ առաքելության ղեկավար Եվրամիությունում, Նիդեռլանդներում և Լյուքսենբուրգում, 2009-2011թթ․՝ կրկին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիայում, համատեղությամբ՝ նաև Մոնակոյում և Անդորրայում, 2012-2013թթ.` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վատիկանում։

Մեծ հայրենասերն ու պետականամետ գործիչը Հայաստանի Հանրապետությունն ամենուր ներկայացրել է բարձր մակարդակով և դիվանագիտական մեծ վարպետությամբ։

Վիգեն Չիտեչյանի վաստակը նշանավորված է մեր և այլ երկրների պարգևներով՝ ՀՀ Մխիթար Գոշի մեդալով (2001թ.), Բելգիայի Թագավորության «Մեծ խաչ» շքանշանով (2009թ.), Ֆրանսիայի ազգային «Արժանիք» շքանշանով (2011թ.), ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1ին աստիճանի շքանշանով (2021թ.)։

Պոլիտեխնիկականը սիրով ու երախտագիտությամբ է հիշում իր արժանավոր սաներից և լավագույն դասախոսներից մեկին՝ Վիգեն Չիտեչյանին։ Համալսարանի պատերի ներքո միշտ վառ կմնա նրա հիշատակը։