Մեկնարկեց «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսը

Մեկնարկեց «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսը

Ս. թ. մայիսի 15-ին Ծաղկաձորի «Ալ պինա հյուրանոցային համալիրի կոնֆերանս դահլիճում մեկնարկեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ջանքերով կազմակերպված «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսը։

Գիտաժողովի նպատակն է քննարկել Տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և դիզայնի, տնտեսագիտության, նորարարության, պատրաստի արտադրանքի ոլորտներին վերաբերվող գիտական աշխատանքները:

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի, Վանաձորի, Գյումրու, Կապանի մասնաճյուղերի, Հայ-ռուսական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ:

Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀԱՊԱ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Ողջունելով ներկաներին, ռեկտորը ընդգծեց, որ «Beengineer-2021» միջբուհական, ուսանողական գիտաժողովի նպատակն է ստեղծելու հարթակ մտքերի փոխանակման և նոր գաղափարների քննարկման համար, ինչպես նաև նպաստել ուսանողական գիտական ընկերությունների կայացմանը: «Beengineer ուսանողական գիտական կոնֆերանսը լավ հնարավորություն է ուսանողների համար համալսարանի գիտական ամսագրերում իրենց աշխատանքները հրապարակելու և այլ բուհերի տարբեր մասնագիտություններ ու գաղափարներ ունեցող իրենց հասակակիցների հետ շփում ունենալու համար: Այս հնարավորությունը կարող եք դիտարկել որպես նոր ծանոթությունների և նոր գաղափարների փոխանակման հնարավորություն: Մեր բուհը, որպես տեխնոլոգիական համալսարան, պատրաստ է աջակցել ցանկացած գաղափարի, որը նաև կառնչվի մեր բուհի համապատասխան ուղղությունների հետ», – նշեց Գ․Վարդանյանը:

Ռեկտորը վստահություն հայտնեց, որ գիտաժողովում ուսանողների և հանձնաժողովի անդամների համատեղ քննարկումները, ապագայում նոր և ավելի լուրջ գիտական աշխատանքների սկիզբ կլինի:

Գիտաժողովը վարում էր ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց, որ կոնֆերանսի ընթացքում վստահաբար կլինեն հետաքրքիր և բովանդակային հոդվածների ներկայացումներ և քննարկումներ, որոնք կդիտարկի և կգնահատվի հանձնաժողովի կողմից:

Գիտաժողովի  կազմկոմիտեի անդամներն են՝ ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ, ֆ․գ․թ Էլբակ Էլբակյանը, Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյանը, Էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս Ելենա Պետրոսյանը և Քոմփյութերային համակարգեր և ցանցեր ամբիոնի դասախոս Ծաղիկ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին նմանատիպ գիտաժողովների անցկացումն ու արձանագրեցին, որ գիտաժողովը կծառայի ուսանողների հետազոտական կարողությունների և վերլուծական մտքի զարգացմանը:

«Beengineer-2021» միջբուհական, ուսանողական գիտաժողովը ևս մեկ հնարավորություն է ուսանողների համար իրենց առաջին քայլերն անելու գիտական աշխարհում: Կոնֆերանսի մասնակից ուսանողները 2 օրերի ընթացքում կներկայացնեն իրենց գիտական հոդվածները, որոնք իրենց գնահատականին, խորհրդին և դիտողություններին կարժանանան հանձնաժողովի կողմից։

Գիտաժողովի ընթացքում ուսանողների կողմից ներկայացված հոդվածները տեղ կգտնեն «BeEngineer» ուսանողական գիտական ամսագրում։

 

«BeEngineer» ուսանողական գիտաժողովը հիմնադրվել է 2014 թվականին Ուսանողական խորհրդի 20-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակում։ Դեռևս 2014 թվականին Ուսանողական Խորհրդի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբը «BeEngineer» խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսի խորհրդանիշ էր ընտրել դեպի բարձունք ձգտող ջանասեր մեղուն: