Տեղի ունեցավ Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստը

Տեղի ունեցավ Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստը

Սեպտեմբերի 17-ին Պոլիտեխնիկի Ա. Մարգարյանի անվան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստը, որին ներկա էին ՀԱՊՀ Քոլեջի տնօրեն Ռ․ Քարամյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ,  ուսանողներ և հյուրեր։

Մինչ օրակարգային հարցին անցնելը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Այնուհետև  հնչեց ՀՀ օրհներգը։

Նիստը բացեց ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Բաղդասարյանը, ով ներկայացրեց 2020-2021 ուստարում ամբիոնում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Ներկաները ուշադրությամբ լսեցին հաշվետվությունը, որը կազմված էր ՀԱՊՀ հաշվետվությունների ձևաչափի համաձայն։

Ն. Բաղդասարյանը մանրամասնորեն ներկայացրեց համահամալսարանական ամբիոնի կողմից սպասարկվող առարկաները, մասնագիտությունների ցանկը (միջին մասնագիտական, բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով),  կադրային կազմը:  Կատարվեց նաև պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի հաստիքների կառուցվածքի և նախորդ տարիների համեմատությամբ փոփոխությունների վերլուծություն:

Ն․ Բաղդասարյանը նշեց, որ անցյալ տարին, ինչպես և ՀՀ ամբողջ ժողովրդի համար, ծանր էր նաև ամբիոնի համար։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եղել է երկու կորուստ՝ կյանքից անժամանակ հեռացել են ամբիոնի պրոֆեսոր Համլետ Գևորգյանը և ՆԶՊ դասախոս Մկրտիչ Մկրտչյանը։

Համաճարակով պայմանավորված դասերի մեծ մասը անցկացվել է առցանց տարբերակով, ինչպես նաև տեղի չեն ունեցել տարատեսակ միջոցառումներ։

Որպես անցկացված միջոցառում,  Ն․ Բաղդասարյանը նշեց այս տարի ՀԱՊՀ Քոլեջի հետ համատեղ կազմակերպած Գործավարություն օտար լեզվի խորացված իմացությամբ մասնագիտությամբ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման միջոցառման մասին, որը տեղի ունեցավ Ցեղասպանության թանգարանում։

Հաշվետվության ավարտին ելույթներով հանդես եկավ Հասարակական գիտությունների ընդհանուր տնտեսագիտության սեկտորի վարիչ տնտ. գ. թ., դոց. Մ. Աղայանը՝ նշելով, որ համակարծիք է Ն. Բաղդասարյանի հետ առ այն, որ այս ծանր տարում արվել է գրեթե ամեն ինչ դասերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

Ելույթ ունեցան նաև դասախոսներ՝ պատմ. գ. թ. Ա. Կարապետյանը, Ա. Բաղդասարյանը, Ա. Կարապետյանը, որոնք ևս գոհունակություն հայտնեցին ամբիոնում կատարված աշխատանքների վերաբերյալ։

ՀԱՊՀ Քոլեջի տնօրեն՝ Ռ. Քարամյանը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց ամբիոնի աշխատանքը Քոլեջի ուսանողների հանրակրթական առարկաների դասավանդման, ինչպես նաև դաստիարակման գործում։

Ուս. խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը ևս բարձր գնահատեց ամբիոնի աշխատանքը և, ի երախտագիտություն համատեղ իրականցված ծրագրերի, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից Շնորհակալագիր և ծաղիկներ նվիրեց Ն. Բաղդասարյանին։

Ն․ Բաղդասարյանը պատասխան ելույթում նշեց, որ շատ զգացված է Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված անակնկալի համար։