ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան․ կայացել է «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան․ կայացել է «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում պարբերաբար կազմակերպվում են գիտելիքի տարածման և խրախուսման ոչ ֆորմալ միջոցառումներ։ Այս անգամ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և կառույցի գործընկեր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում հյուրընկալվեց ՀՀ նախագահը ում գլխավորությամբ էլ իրականացվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը, որի խմբագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է։

Ֆիլիպ Մորրիս Հայաստանի Ինովացիաների, գիտական ներգրավվածության ու կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը ողջունեց բոլոր ներկաներին և խոսքը փոխանցեց ՀԱՊՀ ռեկտորին։

 

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունեց ու շնորհավորեց օրվա խորհրդի՝ «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսի առիթով: Ռեկտորին ծանոթ էր հեղինակը, ծանոթ էր նաև գրքի բովանդակությանը: Ինչպես գրքի անվանումն է՝ «Սխալ վարքագիծ», Գոռ Վարդանյանը նկատեց, որ Նոբելյան մրցանակակիրը՝ հանդիսանալով փիլիսոփայության գիտությունների դոկտոր, իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է այն մոտեցումները, որ տնտեսագիտության մեջ կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող կանխատեսելի մարդն է:

«Պոլիտեխնիկը, լինելով ինժեներական կրթության և գիտելիքի կենտրոնատեղին, ողջունում է նմանօրինակ միջոցառումները և իր պատրաստակամությունն է հայտնում մեր հնարավորությունների շրջանակում գիտելիքը տարածել: Եվ այս գրքում, ըստ էության այնպիսի մոտեցումներ կան, որոնք ոչ ֆորմալ են և գիտության, փիլիսոփայության, հոգեբանության համադրության արդյունքում են ծնվել»,-ընդգծեց ՀԱՊՀ ռեկտորը:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին, ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրքի խմբագրման ընթացքը իր՝ որպես տնտեսագետի համար, շատ կարևոր է համարել: Նախագահը գրքի խմբագրման աշխատանքներն իրականացրել էր նախքան պետական բարձր պաշտոն զբաղեցնելը: «Մեզ համար տնտեսագիտության մեջ վարքագիծը հաշվի առնելը, գնահատելը կամ ընդհանրապես կառավարման մեջ օգտագործելը՝ երկրորդական, երրորդական կամ տասներորդական նշանակություն ուներ։ Շատ ավելի կարևոր էր կենտրոնացված պլանային համակարգը, ըստ որի՝ որոշումները մեր փոխարեն էին կայացվում: Այս ամեն ինչը, վարքագծային տնտեսագիտությունը, ընդհանրապես՝ վարքագիծը հաշվի առնելը շատ օտար էր: Պլանային տնտեսությունից անցումը շուկայական ազատ տնտեսության՝ լրացուցիչ բացատրությունների կարիք էր պահանջում և մենք՝ տնտեսագետներս, փորձում էինք հասկանալ, թե մեր կյանքում հայտնված առանձին երևույթներն ինչի հետևանքով են առաջանում։ Եվ այսպես՝ վերջին տարիների ուսումնասիրությունների համաձայն՝ դրանք ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն և հոգեբանական գործոնը շատ ավելի կարևոր է, քան տնտեսագիտական ընդհանուր մոտեցումներով, սկզբունքներով կամ մեթոդներով տեղի ունեցող երևույթները ներկայացնելը»,-նշել է նախագահը:

Գրքի հեղինակը ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող մարդն է ու տնտեսության մեջ հանդիպող տարբեր իրավիճակներ պայմանավորված են հոգեբանական գործոններով: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, իսկ Գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Վանաձորի գրադարանին՝ նոր գրականության ձեռքբերման նպատակով:

Միջոցառման ընթացքում Հայաստանի նախագահը, ՀԱՊՀ ռեկտորը, միջոցառման հյուրերը  Թեյլերի մոտեցումների և գաղափարախոսության մասին ամփոփել են իրենց մոտեցումները: Իսկ ավարտին՝ մտերմիկ միջավայրում, անդրադարձել են տարբեր հարցերի: