Պոլիտեխնիկի Շինվերանորոգման բաժնի պետ Էդուարդ Զաքարյանը Պահեստազորի եռամսյա զորահավաքին պատվով է կատարել առաջադրված խնդիրները

Պոլիտեխնիկի Շինվերանորոգման բաժնի պետ Էդուարդ Զաքարյանը Պահեստազորի եռամսյա զորահավաքին պատվով է կատարել առաջադրված խնդիրները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շինվերանորոգման բաժնի պետ Էդուարդ Զաքարյանը օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված Պահեստազորի եռամսյա զորահավաքին՝ իրեն դրսևորելով իսկական զինվորականին բնորոշ լավագույն կողմերով։ Զինվորական հրամանատարության կողմից չի վրիպել նրա անձնուրաց վարքագիծը։

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռ․ Աթաբեկյանի կողմից ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանի անունով  ստացվել է շնորհակալական նամակ, որում, մասնավորապես նշված է․

«ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարությունը երախտիքի խոսք է հղում Ձեզ, Ձեր ղեկավարած հաստատության աշխատակից Էդուարդ Զաքարյանի կողմից զորամասում իր սահմանադրական պարտքը պատվով, հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ կատարելու և վստահված պետական սահմանի անձեռնմխելիությունն ապահովելու համար։

Հավաստում ենք, որ Էդուարդ Զաքարյանը հավատարիմ է մնացել զինվորական երդմանն ու հայրենապաշտության խորհրդին, անձնուրաց ծառայությամբ ապացուցել է, որ իր պապերի, հայրերի ու ավագ եղբայրների սուրբ գործի արժանի ժառանգորդն է՝ պատրաստ յուրաքանչյուր պահի հուժկու հարված հասցնել թշնամու յուրաքանչյուր ոտնձգության։ Նա միշտ դրսևորել է բարձր իմացականություն և արհեստավարժություն, անհողդողդ  կամք ու անձնուրաց վարքագիծ։

Շնորհակալ եմ Ձեր կազմակերպությանը և Հայոց բանակին Հայրենյաց պատվի զինվորներ պարգևած բոլոր օջախներին։ Հիրավի, զորավոր է այն ազգը, որն ունի սիրով, միությամբ, առաքինությամբ, իր ինքնության չափանիշներով ապրող առողջ ու ավանդապաշտ հասարակություն։

Համոզված եմ, որ ընտանեկան դաստիարակության, ինչպես նաև Ձեր կազմակերպության աջակցության շնորհիվ Էդուարդ Զաքարյանը կարողացել է անսասան կերպով ու արժանապատվորեն տանել զինվորական ծառայության բոլոր դժվարությունները։

Վստահ ենք, որ ի դեմ Էդուարդ Զաքարյանի՝ Ձեր ղեկավարած հաստատության աշխատակիցները  նախնիների սխրանքների ու պատգամների ոգով դաստիարակված և բանակային կյանքի բովում թրծված ցանկացած պահի Հայրենիքի կանչով նորից կհամալրեն Հայրենյաց պաշտպանների շարքերը ու անձնվիրաբար կպաշտպանեն սրբազան հողն ու մեր ժողովրդի խաղաղ արարումը»։