Պոլիտեխնիկի վերանորոգված Մանկապարտեզում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Պոլիտեխնիկի վերանորոգված Մանկապարտեզում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի վերանորոգված գործող հատվածի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որով մանկապարտեզում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Մանկապարտեզը նորոգվել ու նոր գույքով համալրվել է «Ռենշին» ընկերության հիմնադիրներ Արայիկ Կարապետյանի և Էդուարդ Մարությանի բարեգործության շնորհիվ։

Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, «Ռենշին» ընկերության հիմնադիրներ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Մանկապարտեզի տնօրեն Նարինե Բախչինյանը, ՀԱՊՀ ինստիտուտների տնօրենները, դասախոսները, աշխատակիցները, ուսանողները և, իհարկե, մանկապարտեզի սաները։

Բացման պաշտոնական խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը։ Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով «Ռենշին» ընկերության հիմնադիրներին, ռեկտորը նշեց, որ Մանկապարտեզում կատարած բարեգործությունը արտահայտվելու է ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի, այլև մեր հայրենիքի կրտսեր սերնդի կրթության որակի և ապագայի համար։

«Այսօր շատ կարևոր միջոցառում է, քանի որ մեր գործընկեր «Ռենշին» ընկերության շնորհիվ մանկապարտեզում կատարվել են մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև մանկապարտեզը համալրվել է տեխնիկական միջոցներով և նոր գույքով։ Այսուհետ մենք հնարավորություն կունենանք մեր կրտսեր սերնդի նախադպրոցական կրթությունը կազմակերպել բարձր որակով։ Մեր ապագան այսօր այստեղ է և այս փոքրիկների նկատմամբ մեր վերաբերմունքի արդյունքում է ձևավորվելու ապագայում կրթության որակը և մեր հայրենիքում  նրանց քաղաքացիական դաստիարակությունը։ Կարևորում եմ Պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի դերը, քանի որ այն արտահայտվում է մեր աշխատակիցների երեխաների, թոռնիկների նախադպրոցական որակյալ կրթությամբ, մեր հայրենիքում տեխնոլոգիական կրթությունը նախադպրոցական տարիքից փոխանցելու առաքելությամբ»,- նշեց ռեկտորը։

Գոռ Վարդանյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

 

Ռեկտոր Գ․ Վարդանյանը «Ռենշին» ընկերության բաժնետեր, խորհրդի նախագահ Արայիկ Կարապետյանին պարգևատրեց ՀԱՊՀ Վաստակագրով՝ Պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզը բարեգործական հիմունքներով վերանորոգելու և տեխնիկական ու գույքային միջոցներով համալրելու համար։

«Ռենշին» ընկերության բաժնետեր, խորհրդի նախագահ Արայիկ Կարապետյան

ՀԱՊՀ Ռեկտոր Գ․ Վարդանյանը և «Ռենշին» ընկերության բաժնետեր, խորհրդի նախագահ Արայիկ Կարապետյան

Այնուհետև խոսքը տրվեց Ա․ Կարապետյանին։ Բարերարը նշեց, որ աշխատանքները սրտանց և սիրով են կազմակերպել․ «Այս պահը շատ պարտավորեցնող է․ ուրախ եմ տեսնել այս գեղեցիկ միջավայրը, որը ստեղծվել է երեխաների համար։ Մեր ընկերությունը կշարունակի օգնել ՀԱՊՀ մանկապարտեզին, էլ ավելի բարելավել շենքային պայմանները»,-ասաց Ա․Կարապետյանը։

Իր հերթին մանկապարտեզի տնօրեն Ն․ Բախչինյանը մանկապարտեզի աշխատակազմի և իր անունից շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանի և «Ռենշին» ընկերությանը՝ փոքրիկներին տրված մեծ նվերի համար։ «Վերջապես մեր փոքրիկները հաճախելու են ժամանակակից պայմաններով հագեցած նոր մանկապարտեզ», – նշեց Ն․ Բախչինյանը։

Արարողակարգային միջոցառման ավարտից հետո ներկաները շրջայց կատարեցին վերանորոգված սենյակներում, ծանոթացան և շփվեցին երեխաների հետ։

 

***

Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզը հիմնադրվել է 1985 թվականին: Ժամանակին մանկապարտեզի ստեղծման գործում ջանք ու եռանդ չեն խնայել ռեկտոր Ռաֆայել Մովսիսյանը, Պոլիտեխնիկի կանանց կոմիտեի նախագահ Ռիմա Դեմիրճյանը և գլխավոր հաշվապահ Անուշ Աբովյանը: Հենց այս մարդկանց շնորհիվ իրականություն դարձավ թերևս բուհական համակարգում միակ նախակրթարանի ստեղծումը։ 1982թ. ճարտարապետներ Արմեն Առուստամյանը և Աշոտ Կանայանը նախագծեցին մանկապարտեզի մի յուրահատուկ համալիր, որը շահագործման հանձնվեց 1985 թվականին:

Մանկապարտեզի ստեղծման հիմնական նպատակը բուհում աշխատող երիտասարդ մայրերին օգնելն էր, սակայն այսօր ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող մանկապարտեզ հաճախում են ոչ միայն պոլիտեխնիկցիների երեխաները, այլև մեր Երևանի բազում փոքրիկներ, ովքեր սկսում են ինժեներական դաստիարակությունը հենց նախակրթարանից։

Դեռևս 2019 թվականին մանկապարտեզը ստացավ իր առաջին մեծ նվիրատվությունը։ ՀԱՊՀ մանկապարտեզի կարիքների համար «Յունիբանկ»-ը (հանձին վարչության նախագահ՝ Մեսրոպ Հակոբյանի) անհատույց նվիրատվություն ստացավ մեր մանուկների համար նախատեսված շուրջ 90 մանկական մահճակալ, ներքնակ, ավելի քան 120 հանդերձապահարան։