Պոլիտեխնիկական համալսարանի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկական համալսարանի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Այսօր՝ հունիսի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության առանցքում ուսանողների գործնական հմտությունների ու կարողությունների զարգացումն է, բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործումը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացումը և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակումը։

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Գրիգոր Բաղրամյանը, Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ Արմեն Հովհաննիսյանը, ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Հարություն Ղազանչյանը, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ Գեղամ Խաչատրյանը, Վահե Բարսեղյանը, Միքայել Սանթրոսյանը, Սաղաթել Պետրոսյանը և այլք։

Ողջունելով ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը կարևորեց հուշագրի կնքումը և վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկու կառույցների համապատասխան քաղաքականությունների մշակմանը, կրթական ծրագրերի կատարելագործմանը և ոլորտային ուսումնասիրությունների իրականացմանը։ Ռեկտորը իր խոսքում նշեց, որ համագործակցությունը հնարավորություն է տալիս Պոլիտեխնիկի փորձագետներին, հետազոտողներին և ուսանողներին ներգրավել Տեսչական մարմնի կողմից իրականացվող աշխատանքներում։ Գ․Վարդանյանը հույս հայտնեց, որ Տեսչական մարմինը նաև իր մասնակցությունը կունենա տվյալ ուղղությամբ համալսարանում իրականացվող միջոցառումներում։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալման և հուշագրի կնքման համար, Տեսչական մարմին ղեկավար Հ․ Մարտիրոսյանը կարևոր համարեց պետական կառավարման համակարգում բուհերի գիտական ներուժի օգտագործումը։ Հ․Մարտիրոսյանը նշեց, որ Տեսչական մարմինը ոլորտային մասնագետների հերթափոխի կարիք ունի և այս համագործակցությունը կարող է ծառայել նաև այդ նպատակին։ Տեսչական մարմնի ղեկավարի կարծիքով, համագործակցությունը պետք է միտված լինի նաև այս ոլորտում ուսանողների հմտությունների զարգացմանը և մասնագիտական աշխատանքի ապահովմանը։

Երկկողմ զրույցում, նշվեց, որ ցանկացած կառույցի հաջողություն կախված է աշխատակիցների համապատասխան կրթական որակներից և այս տեսակետից կրկին կարևորվեց, համագործակցել նախանշված ուղղություններով։

Նշենք, որ ըստ համագործակցության ՀԱՊՀ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո «Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի» միջոցով իրականացվող Ծրագրերում համակարգում է Տեսչական մարմնի մասնակցությունը՝ ուղղված ինժեներական կադրերի միջազգային մասնագիտական վկայագրերի և հավաստագրերի շնորհման միասնական համակարգի ստեղծմանն ու ներդրմանը: