Ինստիտուտ
2017 թվականի հոկտեմբերի 1-ից համալսարանում գործում է Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտը, որը ձևավորվել է ՀԱՊՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, Կիբեռնետիկայի ու Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետների միավորման արդյունքում:
Նորաստեղծ ինստիտուտի առաքելությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստումն է: Այնպիսի կադրեր, որ կարողանան բավարարել ոլորտի ձեռնարկությունների մուտքային պահանջները, հարցազրույցների միջոցով ընդունվեն աշխատելու այդ ձեռնարկություններում: ՏՀՏԷ ինստիտուտը կազմավորվել է մեր համալսարանի 3 ֆակուլտետների միավորման արդյունքում: Ընդ որում միավորումը մեխանիկական չէ: Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և շարունակում են իրականացվել, որոնք նպաստել են շուկայի համար մրցունակ կադրերի ստեղծմանը: Որակյալ մասնագետներ ունենալու համար նախ փոփոխություններ են կատարվել կրթության բովանդակության մեջ: Վերանայվել են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը և դրանց մի մասն արդեն համապատասխանեցվել է ոլորտի ձեռնարկությունների ժամանակակից և միջազգային պահանջներին, իսկ որոշ մասը դեռևս փոփոխման փուլում է: Այս ամենից զատ, ուսումնական գործընթացի արդյունավետության համար նախատեսված է դասախոսական կազմի վերապատրաստում, որպեսզի դասախոսը կարողանա այդ նոր բովանդակությունը համապատասխան որակով մատուցել ուսանողներին:
Ինստիտուտում հիմնականում դասավանդում են Պոլիտեխնիկի դասախոսները, բայց նաև առաջատար ընկերությունների աշխատակիցներ: Կառավարման մարմիններն են՝ ինստիտուտների գիտական խորհուրդները և տնօրինությունը: Այս ամենից զատ, ստեղծվել է ևս մեկ՝ կառավարման բոլորովին նոր մարմին, որը կոչվում է Հովանավորների խորհուրդ, որի հիմնական նպատակը կրթության որակին աջակցելն է` երկու ուղղություններով: Առաջինը` ընթացիկ տեխնիկական բազան բարելավելն է և երկրորդը` մասնագիտական աջակցություն ցույց տալը:
Կարելի է նաև սահմանել տարբերակված աշխատավարձեր, ինչը լուրջ խթան կլինի դասախոսների աշխատանքի լավագույն դրսևորման համար: Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ ինստիտուտը հնարավորություն ունի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու:
Այստեղ կարող են ստարտափներ ստեղծել կա՛մ առանձին ինստիտուտային, կա՛մ համատեղ ձեռնարկությունների հետ: Սա ևս կնպաստի ուսանողների ուսման որակի բարձրացմանը: Ինստիտուտը շարունակելու է սերտ համագործակցությունը իր վաղեմի գործընկեր «Սինոփսիս Արմենիա»-ի հետ, որովհետև համագործակցության մոդելը հաջողված է և այն շարունակելու է գործել: Ավելին` նման արդյունավետ համագործակցության դեպքերը նորաստեղծ ինստիտուտում շատանալու են և ինստիտուտի ստեղծման հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ հաստատվի բուհ-արտադրություն կապը ոչ ձևականացված, այլ իրական:
Վայր: 5-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 57 29, Էլ-փոստ: [email protected]