Ինստիտուտ
1937թ. սեպտեմբերին Պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպված Լեռնային ֆակուլտետը` հայկական և ռուսական սեկտորներով, գործեց ընդամենը մեկ ուսումնական տարի: Տարիներ անց հանրապետության տնտեսության զարգացմանը զուգահեռ առաջընթաց ապրեց նաև լեռնային արդյունաբերությունը: Անհետաձգելի պահանջ դարձավ հանքային հարստությունները շահագործող ինժեներների պատրաստումը:
Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն, հաշվի առնելով համապատասխան ինժեներական մասնագիտական կադրերի պահանջը, 1948 թ. հունվարի 14-ին որոշեց 1948/49 ուսումնական տարում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում վերակազմակերպել Լեռնային ֆակուլտետ:
Նորաբաց մասնագիտություններով ուսանողների պատրաստման գործի ղեկավարումը հանձնարարվեց Հիդրոտեխնիկական ֆակուլտետին:
Հետագայում լեռնային մասնագիտությունների ուսանողության աճը, ինչպես նաև մասնագիտական առարկաների դասախոսներով ապահովելու պահանջը հանգեցրին նրան, որ ստեղծվեց առանձին դեկանատ և մասնագիտական ամբիոններ: Դա 1953 թվականն էր: Նորակազմ Լեռնային ֆակուլտետի անդրանիկ դեկան նշանակվեց Ավետիք Տեր-Իսրայելյանը:
1995-ին Լեռնային ֆակուլտետը վերանվանվեց Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտ, իսկ 2009 թվականից՝ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ:
Այժմ ֆակուլտետը գործում է իր երկու ամբիոններով` «Մետալուրգիա և նյութագիտություն» և «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն», որի կազմի մեջ է մտնում «Լեռնամետալուրգիական արտադրության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորը: