Ֆակուլտետ
Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը ստեղծվել է 2013թ. Համահամալսարանական «Ֆիզիկա» ամբիոնի և Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի միացման արդյունքում: Վերջինի սկզբնավորման հիմքն է Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը, որը ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի բացման տարիներին` 1934 թվականներին: Շուրջ քառասուն տարի ամբիոնը ղեկավարել է Հայաստանի Գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Վրույր Խաչատուրի Թորգոմյանը: Ուսանողների աճին զուգընթաց 1966 թ. ստեղծվել է Կիրառական մաթեմատիկայի ամբիոնը, որի առաջին վարիչը եղել է դոցենտ Գոհար Համազասպի Համբարձումյանը, իսկ հետագայում` 1969-1992 թթ. – պրոֆեսոր Նազարեթ Երվանդի Թովմասյանը: 1975-1977 թթ. Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարել են դոցենտ Ռաֆայել Արտաշեսի Շիրիկյանը և պրոֆեսոր Արտավազդ Մելքոնի Մխիթարյանը, իսկ 1977-1992 թթ.`պրոֆեսոր Վանիկ Սուրենի Զաքարյանը:
Նոր մասնագիտությունների բացման հետևանքով 1983 թ ստեղծվեց «Բարձրագույն մաթեմատիկա -3» նոր ամբիոնը, վարիչ` պրոֆեսոր Ռազմիկ Միհրանի Բարսեղյան: 1991-1992 թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցան որակական փոփոխություններ: Ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 1992 թ. ներդրվեց մասնագետների պատրաստման նոր եռաստիճան համակարգ և բոլոր երեք ամբիոնները միացվեցին Մաթեմատիկայի դեպարտամենտի կազմում՝ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի ղեկավարությամբ: Դեպարտամենտը 2009 թ. սեպտեմբերի 18-ին վերակազմավորվել է՝ որպես Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Համահամալսարանական «Ֆիզիկա» ամբիոնը ստեղծվել է նախկին երեք ֆիզիկայի ամբիոնների միացման արդյունքում, որի վարիչն է պրոֆեսոր Ա. Խաչատրյանը:
Այժմ ֆակուլտետի կազմում գործում է երեք ամբիոն. Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոն՝ վարիչ ֆ.մ.գ.թ. դոցենտ Հ. Մ. Խոսրովյան, ֆիզիկայի ամբիոն՝ վարիչ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան, Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոն՝ վարիչ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ա. Հ. Բաբայան: Ֆակուլտետն ապահովում է ՀԱՊՀ-ի բոլոր կրթական օղակներում մաթեմատիկայի և ֆիզիկայի ընդհանուր և հատուկ դասընթացների դասավանդումը: Ուսուցման ծրագրերը հնարավոր չափով հարմարեցված են տարբեր ֆակուլտետների մասնագիտական պահանջներին:
Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը բոլոր կրթական աստիճաններով պատրաստում է մասնագետներ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, պատրաստում է ճարտարագետ մաթեմատիկոսներ՝ կիրառական և տնտեսագիտական խնդիրների մաթեմատիկական ներկայացման, մշակման և ԷՀՄ-ների կիրառությամբ նրանց լուծման ոլորտներում: Միայն բակալավրի կրթական աստիճանով պատրաստում է մասնագետներ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ:
Ֆակուլտետի ուսանողների թվաքանակն է բակալավրական ծրագրով` 149, մագիստրական ծրագրով` 16: Հիմնական գործընկեր կազմակերպություններն են ՀՀ ԳԱԱ Ավտոմատիկայի և ինֆորմատիկայի պրոբլեմների, Մաթեմատիկայի, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտները, Չափագիտության ազգային ինստիտուտը, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ մաթեմատիկայի և ֆիզիկայի տարբեր բնագավառներում:
Ֆակուլտետն ապահովված է ժամանակակից համակարգիչներով, ունի համացանցին միացված հատուկ լսարաններ և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել նաև on-line ուսուցում: Աշխատում է բարձրաստիճան դասախոսական կազմ՝ ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետներ պատրաստելու համար: Մեր շրջանավարտները ապահովված են ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառում ամենաժամանակակից գիտելիքներով: Լավագույւն հեռանկարներ ունեն աշխատելու պահանջարկ վայելող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտական, արտադրական, սոցիալ-տնտեսական և հասարակական ցանկացած համակարգ, որտեղ ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման նպատակներով կիրառվում են կիրառական մաթեմատիկայի ժամանակակից մեթոդները