Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Հայաստանի Հանրապետության տնտեսության և հատկապես արդյունաբերության առկա իրողություններից բխող բարձրորակ ինժեներ-տնտեսագետների պատրաստման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ելնելով` ս.թ. հունիսի 8-ին «Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալսարանում ձևավորվել է նոր կառույց` Ինժեներեական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Ֆակուլտետի տեսլականի հիմքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն (ըստ ոլորտների)» և «Կառավարում» մասնագիտություններն են, որոնք հայտնի են դասավանդման իրենց ուրույն ոճով ու մոտեցմամբ, գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով: Դրանք ինտեգրում են տնտեսության տարբեր ոլորտների ինժեներական, բնական ու հասարակական գիտությունների արդյունքները, որոնք ներդրվում են հանրապետության և նրա սոցիալական կյանքի տարբեր առարկայական ոլորտներում: Այս ոլորտի մասնագետները նպաստում են հանրապետության տնտեսության այսօրվա և վաղվա մարտահրավերների լուծմանը:
Ֆակուլտետի առաքելությունը արդյունաբերության և տնտեսության տարբեր ոլորտներում բարձրորակ և սոցիալապես պատասխանատու ինժեներ-տնտեսագետների, կառավարման մասնագետների պատրաստումն է, ինչպես նաև հանրապետության հասարակական կյանքի, տնտեսության և տեխնոլոգիաների միջավայրերում նորարարական գաղափարների մշակումն ու ներդրումը:
Հիմնական շեշտադրումներն են.
- Ֆակուլտետի հետազոտությունների առանցքը միջոլորտային, միջառարկայական և նոր տեխնոլոգիաներին ուղղվածությունն է: Հետազոտական պորտֆոլիոն նշված ոլորտների հավասարակշռված միասնությունն է` ներառելու և ընդլայնելու համար սովորողների գիտելիքների բազան, ինչպես նաև կիրառական և նպատակամետ հետազոտություններն են` կողմնորոշված ոլորտային ընկերությունների փաստացի հիմնախնդիրների լուծմանը:
- Ֆակուլտետն առաջարկում է բարձրակարգ ուսումնական ծրագրեր` դասավանդման նորարարական մեթոդների և նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ուսման բովանդակության և հրատապ հետազոտությունների արդյունքների կորելյացիան ենթադրում է մաթեմատիկական-վերլուծական մոտեցումների շեշտադրում:
- Օգտագործելով բոլոր շահառու կողմերի առկա հնարավորությունները` կխրախուսվի փոխգործակցությունը պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի միջև` նպաստելու համար ֆակուլտետի հետագա զարգացմանը: Ֆակուլտետում կստեղծվի աշխատանքային և ուսումնական խթանող մթնոլորտ, կձևավորվի ուրույն կորպորատիվ մշակույթ:
Արժեքներ. Ֆակուլտետի տեսլականը և առաքելությունը պետք է աջակցվեն նրա դասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների կողմից և հիմք հանդիսանան համատեղ ստեղծագործական ու արդյունավետ գործունեության համար:
Ներառական. Գնահատելով բոլոր շահագրգիռ կողմերի հնարավությունները` ձգտել նրանց ակտիվ ներգրավմանը որոշումների կայացման գործընթացում:
Նորարարական. Խրախուսել շարունակական նորարարությունները հետազոտությունների և ուսուցման ոլորտներում, ստեղծել և ապահովել հետազոտական ու դասավանդման բարենպաստ միջավայր, աջակցել ֆակուլտետի յուրաքանչյուր անդամին իր անհատական ներուժի իրագործման և նորարարական գաղափարների զարգացման գործում:
Միջառարկայական. Նպատակադիր հետազոտական գլոբալ հարցերին պատասխանելու համար կընդլայնվի միջառարկայական, միջոլորտային համագործակցությունը, կհստակեցվեն հետազոտության և ուսուցման ընթացքում միջառարկայական սահմանները, կխթանվի նորերի ձևավորումը:
Ընդհանրացում. Հետևել հետազոտական, նորարարական և ուսուցման ազգային և միջազգային զարգացումներին: Գործունեության ընթացքում առաջնորդվել հուսալիության, անաչառության, հարգանքի, հաշվետվողականության և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության սկզբունքներով:
Այսօր ֆակուլտետն առկա և հեռակա ուսուցման ձևերով ուսուցում է իրականացնում Տնտեսագիտություն և Կառավարում մասնագիտական կրթության բարձրագույն՝ բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև հետբուհական՝ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով:
Բիզնես Վարչարարության մասնագիտությամբ միայն մագիստրոսի կրթական ծրագրով:
Բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով ինստիտուտում ներկայումս ուսուցումն իրականացվում է՝ ըստ հետևյալ մասնագիտությունների և որակավորումների`
- Տնտեսագիտություն (կրթական ծրագրեր Տնտեսագիտություն ՏՏ, Կապի, Էներգետիկայի, Տրանսպորտի, Մեքենաշինության և Լեռնամետալուրգիայի ճյուղերում)՝ տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,
- Կառավարում (կրթական ծրագրեր Կառավարում (ըստ ոլորտների, Բիզնեսի թվայնացում, Նախագծերի կառավարում) և Լոգիստիկա)՝ կառավարման բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,
- Կառավարում (կրթական ծրագիր Արդյունաբերական և համակարգային ինժեներություն) մագիստորսի որակավորմամբ,
- Բիզնես վարչարարություն (Կրթական ծրագիր Բիզնես վարչարարությունը ՏՏ և ինովացիոն ոլորտում)՝ բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում:
Ֆակուլտետում ներկայումս սովորում են 462 ուսանողներ, 389-ը` բակալավրի, 73-ը` մագիստրոսի և ասպիրանի կրթական ծրագրով:
Ֆակուլտետը գիտական և կրթական լայն կապեր ունի Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների տարբեր համալսարանների և ընկերությունների հետ:
Լավագույն ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկա անցնելու կամ ուսումը շարունակելու արտասահմանյան երկրներում` մասնագիտական փորձառություն և գիտական աստիճաններ ստանալու համար:
Ֆակուլտետում դասավանդում են դասավանդում են 2 պրոֆեսորներ, 31 դոցենտներ, 7 ասիստենտներ, 15 դասախոսներ: Ֆակուլտետում այսօր աշխատում են գիտության 2 դոկտորներ և 32 թեկնածուներ: