Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցեցին «Վիեննայի էներգետիկ ֆորում 2021»-ին

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցեցին «Վիեննայի էներգետիկ ֆորում 2021»-ին

Հուլիսի 5-7-ը առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Վիեննայի էներգետիկ ֆորումը (VEF) 2021», որին մասնակցում էին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները:

ՎԷՀ-ի նպատակն է նպաստել տարբեր ոլորտների ներկայացուցիչների և շահառուների երկխոսությանը՝ միտված կայուն էներգետիկայի բնագավառում բազմակողմանի զարգացմանը և արտադրական ներուժի մեծացմանը։ Առաջնորդվելով «Վայր, որտեղ գործողությունները հանդիպում են հավակնությունների» նշանաբանով, ֆորումը առաջին վիրտուալ նախագիծն է, որտեղ այլ ձևաչափով քննարկվում են էներգետիկ հիմնախնդիրները։ Այս տարվա վեհաժողովում ներգրավված էին շահագրգիռ կողմերն ու փորձագետները՝ էներգետիկայի ոլորտում կայուն զարգացմանը նպաստող առանցքային թեմաների ուսումնասիրման և քննարկման համար:

Համաժողովը բաղկացած էր երեք հիմնական փուլերից․ լիագումար նիստ, քննարկումներ և հմտությունների զարգացման մաս: Լիագումար նիստը հնարավորություն ընձեռեց լսել փորձագետներին և երիտասարդության ներկայացուցիչներին՝ քննարկել հմտությունների զարգացման և էներգետիկ ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ հարցերը: Քննարկումների հատվածը թույլ տվեց փորձագետների և մասնակիցների միջև ինտերակտիվ, ոչ պաշտոնական քննարկումներ անցկացնել: Իսկ հմտությունների զարգացման հատվածում, մասնակիցները ստացան գործնական խորհուրդներ, ինչպես նաև ծանոթացան լավագույն փորձի օրինակների:

ՀԱՊՀ ուսանողները էներգետիկ ֆորումի առաջին օրը ակտիվորեն մասնակցեցին ֆորումի շրջանակում Երիտասարդության օրվան նվիրված առցանց միջոցառումներին և քննարկումներին։ Հաջորդող օրերին կայացան նաև աշխատանքային հանդիպումներ և էներգետիկ հիմնահարցերի վերաբերյալ տեսակետների ներկայացում։ Քննարկվեցին ոլորտի առանցքային հարցեր, ներկայացվեցին նախագծեր և լուսաբանվեցին մինչև 2030 թվականը կայուն զարգացման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։

Ֆորումի փակման օրը՝ հուլիսի 7-ին առցանց միջոցառմանը, Պոլիտեխնիկի ուսանողները ցուցադրեցին Հայաստանը ներկայացնող էներգետիկ/մշակութային հոլովակ և պրեզենտացիա։

ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրեն Ալեքսանդր Դռնոյանի խոսքով,  մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները հնարավորություն ստացան լայն օրակարգից զատ ֆորումին ընտրել իրենց ցանկացած դասընթացը, մասնակցել քննարկումների, ինչպես նաև անձամբ կազմակերպել քննարկումներ և հանդիպումներ։ «Ֆորումը ներառում էր սեմինարներ, դասընթացներ, հանդիպումներ՝ էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներով, մեծ ուշադրություն էր դարձվում վերականգնվող էներգիայի աղբյուրներին, էներգախնայողությանը և ռեսուրսների կառավարմանը»,-նշեց Ա․Դռնոյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ֆորումին ցուցադրեց հոլովակ, որը ներկայացնում էր Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը և առցանց ցուցահանդեսի ֆորմատով պրեզենտացիա ինստիտուտի լաբորատոր սարքավորումների վերաբերյալ։

«Վստահ եմ, որ նմանատիպ նախաձեռնություններին մասնակցելը կմեծացնի մեր աշխատանքային հորիզոնը և կստեղծի համագործակցությունների նոր հնարավորություններ»,-նշեց Ա․ Դռնոյանը։

 

Վիեննայի էներգետիկ համաժողովն (ՎԷՀ) կազմակերպվում է Ավստրիայի եվրոպական և միջազգային գործերի դաշնային նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության և կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի կողմից՝ տարին երկու անգամ: 2009 թ կայացած առաջին նստաշրջանից ի վեր ՎԷՀ-ը հանդիսանում է մի հարթակ, որը հնարավորություն է տալիս տվյալ ոլորտի ներկայացուցիչներին և առաջատարներին, քաղաքական գործիչներին, փորձագետներին, անհատներին հավաքվել մեկ վայրում և ուսումնասիրել կայուն էներգիայի և դրա արդյունքների վերաբերյալ առանցքային հարցեր:

ՎԷՀ-ը տարիների իր գործունեությամբ նպաստել է էներգետիկայի և կլիմայի ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության գլոբալ գործընթացներին, իսկ դրա շրջանակներում իրականացված քննարկումները ամուր գործընկերային կապերի ստեղծման և կայուն զարգացման հիմք են հանդիսացել։

Վիեննայի էներգետիկայի թեմայով համաժողովը կազմակերպվել է SDG7 երիտասարդական համայնքի համագործակցությամբ: Միջոցառման նպատակներն ու ձևաչափը որոշվել են համատեղ քննարկումների շրջանակներում, կայուն էներգետիկայի ոլորտում երիտասարդ հետազոտողների, մասնագետների, գործարարների, ակտիվիստների և այլ երիտասարդների ներգրավմամբ: