Տեղի ունեցավ ՀԱՊՀ 2022թ․ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ ՀԱՊՀ 2022թ․ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Ս․թ․ հունվարի 21-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։

Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ներկաները անդամակցում են Հայաստանի հնագույն բուհական Հոգաբարձուների խորհրդին, որը սկիզբ է առել հեռավոր 1992 թվականին։

«Պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը անցել է երկար և արգասաբեր ուղի՝ միշտ գտնվելով բուհի կարևոր իրադարձությունների կիզակետում։ Խորհուրդն է ուղղորդել համալսարանի զարգացման ռազմավարությունը՝ այն 5-6 ստրատեգիական պլանները, որոնք հաստատվել են Պոլիտեխնիկի պատմության ընթացքում։ Հոգաբարձուների խորհուրդը ուղղորդել է նաև բուհի կառուցվածքային ռեկորդները, որոնք իրականացան մեր համալսարանում և, փաստորեն, սկիզբ դրեցին Հայաստանում բարձրագույն կրթության համակարգային փոփոխություններին», – նշեց․ Յու․ Սարգսյան: Այնուհետև Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։

Օրակարգային առաջին հարցով հանդես եկավ Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո եղան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։

Հարցի կապակցությամբ հնչեցին ելույթներ։ Քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Տիգրան Ավինյանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Տիգրան Ավինյանը նշեց, որ կարող է և պատրաստ է իր ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ իր համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը: Տ․ Ավինյանի խոսքով՝ ինքն արդեն ունի բուհի զարգացման ուղղությունների վերաբերյալ նախնական պատկերացում և քայլերի հերթականություն, որոնք բովանդակային առումով կարող են փոխել բուհի զարգացման տրամաբանությունը։ Տ․ Ավինյանը անդրադարձավ նաև առկա ենթակառուցվածքները էականորեն բարելավելու, այն դասախոսների և ուսանողների կարիքներին ծառայեցնելու, դրանց միջոցով հավելյալ արժեք ստեղծելու, անձնակազմի վարձատրության և այլ հարցերի։ Նա վստահություն հայտնեց, որ մեկ-երկու տարվա ընթացքում բուհում կգրանցվեն էական փոփոխություններ։

Օրակարգային հաջորդ հարցով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը՝ ներկայացնելով 2020/2021 ուստարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։

Ռեկտորը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետու ժամանակամիջոցում համալսարանի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները՝ համեմատելով դրանք նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Ներկայացվեցին բուհի ընդունելության, ուսանողական համակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական գործընթացի կազմակերպման, որակի ապահովման և հավատարմագրման, ենթակառուցվածքների և կենսապահովման համակարգերի, գիտահետազոտական գործունեության, միջազգային հարաբերությունների, հասարակության հետ կապերի և այլ հարցերի հետ կապված ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները։

Նշվեցին վերջիններիս դիմագրավմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխիքները: Հոգաբարձուների խորհուրդը, լսելով և քննարկելով ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանի հաղորդումը ՀԱՊՀ 2020/2021 ուստարվա գործունեության վերաբերյալ, հաստատեց այն։

Օրակարգային հաջորդ հարցով՝ ռեկտոր Գ․ Վարդանյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց 2022թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվների նախագծերը։ Գ. Վարդանյանը խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց, այն հանգամանքին, որ համալսարանի պատմության մեջ առաջին անգամ բյուջեում նախատեսվել է «Ներբուհական գիտական դրամաշնորհներ»-ին վերաբերող հոդված 50 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով, որը ուղղված է լինելու համալսարանի հետազոտական խմբերի կարողությունների զարգացմանը, նոր խմբերի ստեղծմանը, երիտասարդ հետազոտողների խրախուսմանը, արդիական գիտական արժեքների ձեռքբերմանը, նորարարական գաղափարների ձևավորմանը, կիրառական արդյունքների ներդրմանը և համալսարանի գիտական ենթակառուցվածքների զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատեց 2022թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվների նախագծերը։

Օրակարգային հաջորդ հարցով ռեկտոր Գ․ Վարդանյանը ներկայացրեց բուհի կառուցվածքը և հաստիքացուցակը, որը ևս քննարկվեց և միաձայն հաստատվեց Հոգաբարձուների խորհրդի կողմից: