Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հունիսի 28-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ և հյուրեր։

Շրջանավարտներին առաջինը ողջունեց և շնորհավորեց ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը․ «Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ինժեներական կրթություն ստանալու և պոլիտեխնիկցու կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Դուք այսօրվանից համալրեցիք մեր բազմահազար շրջանավարտների շարքերը։ Այսուհետ ամբողջ աշխարհում դուք լինելու եք Պոլիտեխնիկի դեսպանները։ Վստահ եմ՝ ձեր գործունեության արդյունքում Պոլիտեխնիկը կլինի ընկալված և գնահատված։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր կարողություններով և հնարավորություններով նպաստեք մեր երկրի շենացմանը և հզորացմանը»։

Ռեկտորը հավաստիացրեց, որ համալսարանը շարունակելու է շրջանավարտների կողքին լինել նաև ուսումնառությունից հետո, և՛ աջակցել նրանց, և՛ հպարտանալ նրանց հաջողություններով, որոնք նաև բուհի հաջողություններն են: Գ․Վարդանյանը նշեց, որ միշտ էլ Պոլիտեխնիկի ուժը նրա բազմահազար շրջանավարտներն են եղել և վստահ է, որ այդպես լինելու է միշտ։ Ռեկտորը հորդորեց երբեք չկտրվել հարազատ Պոլիտեխնիկից։

Շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը՝ նշելով, որ կրթությունը շարունակական գործընթաց է, և դիպլոմ ստանալով՝ կրթությունը չի ավարտվում։ «Գիտելիքները պետք է անընդհատ ավելացնել։ Ցանկանում եմ, որ բակալավրի կրթություն ունեցող ուսանողները ստանան նաև մագիստրոսի կրթություն։ Եվ, ամենակարևորը, միշտ հիշեք, որ պոլիտեխնիկցի եք և բարձր պահեք Պոլիտեխնիկի պատիվը»,-նշեց Ռ․ Աղգաշյանը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ օրվա խորհրդի և կարևորության մասին խոսեց ՏՀՏԷ ինստիտուտի տնօրեն Ս․ Մանուկյանը։ «4 կամ 6 տարի առաջ էր, երբ դուք ոտք դրեցիք այս համալսարան, իսկ հիմա այն թողնում եք որպես բարձրակարգ մասնագետներ։ Ուսանողական տարիները ցանկացած մարդու համար ամենավառն են, դուք այստեղ ուսանելու համար սովորել, սիրահարվել, ձեռք եք բերել ընկերներ, տխրել և ուրախացել եք, բայց, ամենակարևորը, դուք սովորել եք ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, կիրառել գիտելիքները։ Այսօր հանձնելով ձեր դիպլոմները՝ մենք ձեզ ոչ մի դեպքում հրաժեշտ չենք տալիս․ համալսարանի դռները միշտ բաց են ձեր առջև»,-նշեց Ս․ Մանուկյանը։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտը, բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 437 ուսանող, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 164։

Հաջորդող օրերին համալսարանում շարունակվելու են ուսանողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունները։