Պոլիտեխնիկում անցկացվեց Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օր

Պոլիտեխնիկում անցկացվեց Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օր

Հոկտեմբերի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական արշավի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը ի դեմս Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետի տեղակալ, գլխավոր մասնագետ Անի Մամիկոնյանի և մասնագետ Արփինե Մկրտչյանի, կազմակերպեց Էրազմուս+ տեղեկատվական օր։

Միջոցառման գլխավոր նպատակն էր Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական համայնքին ծանոթացնել առաջիկա Էրազմուս+ առաջարկներին, ծրագրերին և հնարավորություններին:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Անի Մամիկոնյանը։ Մասնագետը նշեց, որ հանդիպման նպատակն է ներկաներին ծանոթացնել Պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին։ Արշավի շրջանակներում, մասնակիցները ծանոթացան ծրագրերին դիմելու ընթացակարգին, ինչպես նաև ծանոթացան ՀԱՊՀ-ում  իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերին: Իր խոսքում Անի Մամիկոնյանը նշեց. «Վերջին 2 տարիները, պայմանավորված համավարակով բոլորիս համար էլ դժվար են եղել և մենք ստիպված էինք հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Չնայած բոլոր դժվարություններին, Էրազմուս+ ծրագրի շարունակական հաջողությունը և մեր  այսօրվա հանդիպումը  վկայում են այն մասին,  որ մենք հաստատակամ ենք և ունենք մեծ ցանկություն ընդլայնելու ուսանողական շարժունությանը միտված ծրագրերը, դա նպաստում է ուսանողների   ինքնավստահության  և  ստեղծարարության զարգացմանը, ինչպես նաև օգնում է հանդես բերել նախաձեռնողականություն  և ստանձնել պատասխանատվություն  բարդ աշխատանքներ իրականացնելիս»։

Ելույթ ունեցավ նաև Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը, ով խոսեց PRINTeL նախագծի շրջանակներում ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման ծրագրի մասին։ Կենտրոնի տնօրենը կարևորեց միջազգային ծրագրերով դասախոսական կազմի վերապատրաստումները և ընդգծեց իրականացվող ծրագրերի դերը մեր կրթական համակարգում։

Միջոցառման ընթացքում Արփինե Մկրտչյանը ներկայացրեց ՀԱՊՀ-ում ընթացող միջազգային կրեդիտային շարժունության (Erasmus+ KA1, ICM) ծրագրերը: Նա խոսեց Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում առաջարկվող հնարավորությունների և առավելությունների մասին: ՀԱՊՀ-ում Էրազմուս+ KA1 գործող նախագծերի ընդհանուր թիվը տասն է: ՀԱՊՀ-ն համագործակցում է Եվրոպական տարբեր երկրների բուհերի հետ` շարժունության պայմանագրերում ներառելով մի շարք մասնագիտություններ: Ա․ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց նաև ծրագրերին դիմելու ընթացակարգերը և այլ մանրամասներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները լսեցին նաև եվրոպական տարբեր համալսարաններում ուսանած ՀԱՊՀ ուսանողների միջազգային կրեդիտային շարժունության փորձի մասին և հնարավորություն ունեցան հղել իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Մասնակիցները կիսվեցին արտասահմանում սովորելու իրենց ձեռքբերումներով, հմտություններով և կարողություններով։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև ՀԱՊՀ-ի կողմից իրականացված կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ նյութեր, ինչպես նաև դրանց իրականացման գործընթացում COVID-19-ի ազդեցությունը: