Մենք
Կենտրոնի ղեկավար
Մեր մասին
2021թ․ սեպտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ), հանդիսավոր պայմաններում կայացավ Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի (ՏՀՏևԷ) ինստիտուտի «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի պաշտոնական բացումը:
Կենտրոնը ստեղծվել է ՀԱՊՀ-ում իրականացվող Եվրամիության Erasmus+ ծրագրի «Գիտության ոլորտում դոկտորական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը» (MODEST) և «Ակադեմիա-արդյունաբերություն հետազոտական դաշինքների խթանումը նորարարական համագործակցային բաց հարթակի միջոցով» (ALL4R&D) նախագծերի շրջանակներում:
Կենտրոնը բաղկացած է ՏՀՏ կիրառական արդի խնդիրների արդյունավետ լուծմանը ծառայող հետևյալ 7 մասնագիտացված լաբորատորիաներից․
- Մոդելավորման և թվային բովանդակության,
- Մոդուլային ուսուցման,
- Թիմային ուսուցման,
- Միջդիսցիպլինար ուսուցման,
- Բաց կոդով ծրագրային ապահովման,
- Մեքենայական ուսուցման
- Կիբեռանվտանգության:
Դրանք, հագեցված լինելով 90-ից ավելի ժամանակակից թոմփյուտերներով, հարակից թվային անհրաժեշտ սարքերով և արագագործ ինտեռնետ կապով, փայլուն աշխատանքային պայմաններ են ապահովում համապատասխան մասնագիտությունների բոլոր մակարդակների ուսանողների և ՀԱՊՀ դասախոսական կազմի համար՝ ժամանակակից նորագույն մեթոդներով ոչ միայն ուսուցում և նպատակային վերապատրաստումներ կազմակերպելու, այլև արտաքին մի շարք գործընկերների հետ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար՝ ՀԱՊՀ ուսանողների և աշխատակիցների լայն ներգրավմամբ:
Իրեն վերագրված ֆունկցիոնալ առանձնահատկություններով պայմանավորված, Կենտրոնը ստեղծվել և գործում է ՀԱՊՀ ՏՀՏ ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կազմում՝ որպես արդի քոմփյուտերային և թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներմուծմանը նպաստող կառույց:
Վերոնշյան ALL4R&D նախագծի շրջանակներում ՀԱՊՀ արտաքին գործընկեր ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, նորաստեղծ Կենտրոնին տրամադրել է ոչ միայն արագագործ ինտեռնետ կապուղի, այլև Հայաստանի գիտահետազոտական Asnet.am ցանցից և տարածաշրջանում ամենահզոր ու ամենաարագագործ գերքոմփյուտերից օգտվելու հնարավորություն:
Նման հզոր աջակցությանը զուգահեռ, բազմամակարդակ անլար ցանցի առկայությունը Կենտրոնում և BYOD (Bring Your Own Device – բերեք ձեր սեփական սարքը) քաղաքականության կիրառումը թույլ են տալիս քոմփյուտերների նույնիսկ բավականին համեստ բնութագրերի պայմաններում ապահովել լուծումներ առավել բարդ հետազոտությունների և մշակումների համար, որոնք պահանջում են շատ բարձր հաշվարկային հզորություններ և պահպանվող տվյալների հսկայական ծավալներ:
Թվային տեխնոլոգիաների կենտրոնը, հանդիսանալով կրթական բարեփոխումների և կրթության որակի բարելավման նպաստմանն ուղղված եվրոպական TEMPUS և Erasmus+ ծրագրերին ՀԱՊՀ-ի ավելի քան երկու տասնամյակ շարունակվող ակտիվ և արդյունավետ մասնակցության հերթական լավագույն արգասիքը, կրկին անգամ կարևորում է Համալսարանի ընդհանուր միջազգայնացման խնդիրների շրջանակներում համագործակցային երկարաժամկետ ու փոխշահավետ կապերի ձևավորումը թե՛ եվրոպական, թե՛ նախկին խորհրդային և թե՛ հայաստանյան առաջատար համալսարանների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:
Այն գալիս է համալրելու ՀԱՊՀ-ում վերջին տարիներին ստեղծված, միջազգային արդի չափանիշներին բավարարող, այնպիսի ուսումնահետազոտական կենտրոնների շարքը, ինչպիսիք են՝ Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL), Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը, «Շնեյդեր էլեկտրիկ-Տաշիր-ՀԷՑ-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնը, Օդային ռոբոտոտեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը և մի շաք այլ ենթակառույցներ:
Ժամանակակից քոմփյուտերային տեխնիկայով և թվային տեխնոլոգիաներով հագեցված ուսումնահետազոտական սույն կենտրոնի հիմնական խնդիրների շարքում կարևորվում է նաև «համալսարան-արդյունաբերություն» կոոպերատիվ համագործակցության ունիվերսալ հարթակի ստեղծումը, որը կապահովի նոր հնարավորություններ թե՛ բարձրորակ կրթության, թե՛ ինժեներական տարբեր ոլորտներում ժամանակակից հետազոտությունների ու մշակումների իրականացման համար:
Կոնտակտներ
Կենտրոնը ստեղծվել և գործում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կազմում՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից:
Այն տեղակայված է ՀԱՊՀ 5-րդ մասնաշենքի 3-րդ հարկում:
Փոստային հասցեն՝ ՀՀ, Երևան 0009, Տերյան 105:
Հեռախոսներ՝ +374 10 520 520։ +374 93 520 520
Էլ․ հասցե՝ [email protected]
Հարգելի շահագրգիռ գործընկերնե՛ր և այլոք,
սիրով հրավիրում ենք ձեզ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝
«ՏՀՏ և Էլեկտրոնիկայի» ինստիտուտի «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնին անձամբ ծանոթանալու, հնարավոր համագործակցության տարբեր ձևեր ու գաղափարներ քննարկելու և, ինչու չէ, փոխշահավետ նախագծեր ձևավորելու ու հաջողությամբ իրականացնելու համար:
Ցանկացած լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել վերոնշյալ կոնտակտներով՝ աշխատանքային ցանկացած օր, ժամը 10:00-ից մինչև 17:00:
Կենտրոնի տնօրինություն