Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն
Կենտրոնի գիտական ղեկավար
Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրման ու զարգացման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային չափանիշներին հարիր սարքավորումներով ու գործիքամիջոցներով ինժեներական կառույց է։
Կառույցի տեղադրման տարածքը (մոտ 600 քառ. մետր մակերեսով) կապիտալ վերանորոգված է, կան անհրաժեշտ պայմանները ինչպես ուսումնական, այնպես էլ հետազոտական գործառույթների պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպման ու իրականացման համար։
Մասնավորապես կենտրոն-լաբորատորիան կահավորված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ ու անվիճարկելի առաջատար անգլիական Vicon ընկերության Vicon Motion Capture System համակարգով:
Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի համար նախատեսված Vicon համալիրը պարունակում է Vero V2.2. քսան օպտիկական տեսախցիկներ, որոնք աշխատում են ինֆրակարմիր տիրույթում, հատուկ Vicon Mocap աշխատանքային կայան, թվային ազդանշանների մշակման հզոր համակարգիչներ և այլն, որոնք տեղադրված են հատուկ տարածքում և ապահովում են 10մx10մx3մ մակերեսով աշխատանքային հրապարակի լայնամասշտաբ սպասարկումը։ Այդ համակարգը հնարավորություն է ընձեռում իրական ժամանակում գրանցել աշխատանքային հրապարակում գործող մի քանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ մեխանիկական օբյեկտների շարժումները միլիմետրերի ճշգրտությամբ և էապես արագացնել տարաբնույթ ԱԹՍ-երի նախագծակոնստրուկտորական մշակումների և հետազոտական փորձարկումների գործընթացները։
Հատուկ Vicon Mocap աշխատանքային կայանը մշակում է հետազոտվող օբյեկտից ստացվող ազդանշանները իրական ժամանակում։
(Real-time) և ստեղծում շարժվող օբյեկտի (ինչպես նաև աշխատանքային տիրույթի) եռաչափ մոդելը, որը իրենից ներկայացնում է հանգուցային կետերի արտապատկերումները։
Այդ մոդելի շարժումը բնութագրող բոլոր պարամետրերը անընդհատ ռեժիմում ուղարկվում են կիրառական համակարգչին կամ համակարգիչներին, այսինքն՝ այն համակարգիչներին, որտեղ կատարվում են շարժվող օբյեկտների մոդելների հետ կապված հետագա գործողությունները։
Կենտրոնի հնարավորությունները ստեղծում են բոլոր նախադրյալները համապատասխան մասնագիտական ուղղություններով բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի լիարժեք իրականացման համար։