Պոլիտեխնիկական համալսարանում բացվեց «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնը

Պոլիտեխնիկական համալսարանում բացվեց «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնը

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ անցկացվող հերթական CSIT-2021 միջազգային գիտական կոնֆերանսի ծրագրով նախատեսված աշխատաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքի 3-րդ հարկում կայացավ ՀԱՊՀ Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի (ՏՀՏևԷ) ինստիտուտի «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի Հովանավորների խորհրդի ղեկավար Արսեն Թառոյանը, «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Աղգաշյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ, ՏՏ ոլորտի կազմակերպությունների ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողության առթիվ հյուրերին ողջունեց ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մուսայելյանը․ «Այսօր ամբողջ աշխարհում, երբ խոսվում է կրթության մասին, առաջին հերթին կարևորում են կրթության որակի առաջնահերթությունը, որովհետև եթե համալսարանները որակյալ կրթություն չեն ապահովվում, ապա այդ կրթությունը չունի արժեք և որակյալ մասնագետներ պատրաստելու առումով համալսարանը չի կատարում իր առաքելությունը։ Առավել քան վստահ եմ, որ Հայաստանում տեխնոլոգիական կրթության հիմնական դարբնոցը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է և նման կենտրոնների առկայությունը հույս է ներշնչում, որ տեխնոլոգիական որակյալ կրթության ևս մեկ կարևոր հիմնաքար է դրվում»։ Հ․ Մուսայելյանը ընգծեց, որ ծրագիրը ոչ միայն միտված է բարձրացնելու ուսանողների կրթական ցենզը, այլև տարբեր հետազոտական աշխատանքների որակը։ Վերջինս շատ կարևոր է, քանի որ բուհ-արտադրություն համագործակցությունը այսօր Պոլիտեխնիկի համար կարևորագույն առիթ է, նպաստելու ուսանողների արդյունավետ հետազոտական աշխատանքներ կատարելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ, Հ․Մուսայելյանը շնորհակալություն հայտնեց Էրազմուս+ ծրագիրն իրականացնողներին Պոլիտեխնիկին օժանդակելու և նման կենտրոնի հիմնաքարը դնելու համար։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը: Ռեկտորն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի բացման կապակցությամբ։ Այս կենտրոնը կյանքի է կոչվել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում՝ Պոլիտեխնիկական համալսարանի անմիջական ֆինանսական մասնակցությամբ։ Կենտրոնի գործունեության ողջ էությունը մենք կապում ենք համալսարանի համապատասխան կրթական ծրագրերում թվային տեխնոլոգիաների դասավանդման գործընթացի ընդգրման և նոր փոփոխությունների հետ: Այս կենտրոնի գործունեության արդյունքում շատ երիտասարդներ հնարավորություն կունենան իրենց նոր մտքերը արտահայտելու և իրացնելու։ Այս կապակցությամբ կարևոր է ընդգծել հետագա համագործակցությունը ոլորտային նախարարության լիազոր մարմնի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ։ Եվ այդ շարունակական համագործակցության արդյունքում է միայն հնարավոր առաջընթաց գրանցել։ Կենտրոնը ինքնին հնարավորություն է տալու ստեղծելու նոր բովանդակություն, իսկ այդ բովանդակությունը կախված է յուրաքանչյուրից, որի ազդեցությունը պետք է արտահայտվի ուսումնական, գիտական կյանքում, ինչու չէ, նաև միջազգային տարբեր շարունակական ծրագրերում»։  Եվս մեկ անգամ հաջող և բարի ընթացք մաղթելով ներկաներին, ռեկտորը վստահություն հայտնեց, որ կենտրոնի ղեկավար Ռ․ Աղգաշյանը հետամուտ է լինելու նորաստեղծ կենտրոնի բովանդակությանը և հետագա ընթացքին՝ գրանցելով համատեղ հաջողություններ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դ․ Սահակյանը բարի երթ մաղթեց կենտրոնի գործունեությանը։ Նա նշեց, որ նախարարությունը կարևորում է կրթության ոլորտում նման ձեռքբերումները, որովհետև այսօրինակ կրթությունն ու միջավայրն է ապահովում արդյունաբերության աճը, որը նախարարությունը թիրախավորել է մեր հանրապետության համար։ Նա հույս հայտնեց, որ կենտրոնի գործունեությունը ոչ միայն կնպաստի ոլորտի համապատասխան աշխատուժ ստեղծելուն, այլև գիտության զարգացման համար։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լ․ Կարլովան նույնպես շնորհավորեց ներկաներին։ Ըստ նրա՝ կենտրոնի բացումը մեծ նվաճում է։ «90-ական թվականներին, երբ Էրազմուս-ի շրջանակներում նոր կենտրոններ էին բացվում, լսարաններում մեկ-երկու ուսանողներ էին նստում։ Այսօր շատ ողջունելի է, որ ուսումնական տարվա սկզբից ուսանողները կենտրոնի լաբորատորիաներում աշխատում են։ Դա ամենակարևորն է կառավարման տեսակետից։ Հույս ունեմ, որ այս կենտրոնից կկարողանան օգտվեն տարբեր երկրների ուսանողներ։ Քայլերը շատ ողջունելի են, կարծում եմ, որ շատ հետաքրքիր հանդիպումներ կլինեն այս կենտրոնում», ասաց Լ․ Կարլովան։ Հաջողություն մաղթելով բոլորին, հույս հայտնեց, որ այն 5 ծրագրերը, որոնք այսօր ընթանում են Պոլիտեխնիկում, իրենց լուման կունենան բուհի զարգացման մեջ՝ գրանցելով արժեքավոր արդյունքներ։

«Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Ռ․ Աղգաշյանը նույնպես ողջունեց ներկաներին՝ նշելով, որ կենտրոնի բացմամբ արձանագրում են երկու տարվա աշխատանքի ավարտը և փաստագրում, որ այսօր բուհն ունի միջավայր, որտեղ թե ուսանողները, թե աշխատող մասնագետները, թե գործընկեր կազմակերպությունները ստանում են մեկ նոր հնարավորություն ևս լավ մտահղացումներ իրականացնելու համար։ Ռ․ Աղգաշյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը, Հոգաբարձուների խորհրդին, Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի Հովանավորների խորհրդին՝ ի դեմ ղեկավար Ա․ Թառոյանի, դրական արձագանքների և օգնության համար։

Այնուհետև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը և ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գ․ Մարգարովը մանրամասն ներկայացրեցին լաբորատորիայի առանձնահատկությունները, կառուցվածքը և նպատակները։ Նշվեց, որ նորաբաց կենտրոնը բաղկացած է ՏՀՏ կիրառական արդի խնդիրներին ծառայող հետևյալ 7 մասնագիտացված լաբորատորիաներից՝ Մոդելավորման և թվային բովանդակության, Մոդուլային ուսուցման, Թիմային ուսուցման, Միջդիսցիպլինար ուսուցման, Բաց կոդով ծրագրային ապահովման, Մեքենայական ուսուցման, Կիբեռանվտանգության։

Լաբորատորիաները հագեցած լինելով 90-ից ավելի ժամանակակից քոմփյութերներով, անհրաժեշտ հարակից թվային բոլոր սարքերով և արագագործ ինտերնետ կապով՝ փայլուն աշխատանքային պայմաններ են ապահովում համապատասխան մասնագիտությունների բոլոր մակարդակների ուսանողների և ՀԱՊՀ դասախոսական կազմի համար ժամանակակից նորագույն մեթոդներով ոչ միայն ուսուցում և նպատակային վերապատրաստումներ կազմակերպելու, այլև արդյունաբերական մի շարք գործընկերների հետ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար՝ ուսանողների և ՀԱՊՀ համապատասխան աշխատակիցների լայն ներգրավմամբ:

 

ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնը ստեղծվել է Եվրամիության Erasmus+ KA2 ծրագրի` ՀԱՊՀ-ում իրականացվող «Գիտության ոլորտում դոկտորական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը» (MODEST) և «Ակադեմիա-արդյունաբերություն հետազոտական դաշինքների խթանումը նորարարական համագործակցային բաց հարթակի միջոցով» (ALL4R&D) նախագծերի շրջանակներում՝ ի կատարումն ՀԱՊՀ Գիտական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշումների: Այն գալիս է համալրելու ՀԱՊՀ-ում վերջին տարիներին ստեղծված, միջազգային արդի չափանիշները բավարարող այնպիսի ուսումնահետազոտական ենթակառույցների շարքը, ինչպիսիք են՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), «Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոն»-ը, «Շնեյդեր էլեկտրիկ-Տաշիր-ՀԷՑ-ՀԱՊՀ գերազանցության կենտրոնը, «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն»-ը և այլն: