Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նախաձեռնել է աշխատանքային հանդիպումների շարք բուհի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Հանդիպումների նպատակն է պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել նախատեսված բարեփոխումների ծրագրերը, ըստ ոլորտների՝ կրթություն, գիտություն, ենթակառուցվածքներ, էլեկտրոնային ռեսուրսներ, շարունակական կրթություն վերապատրաստման ծրագրեր և այլն։ Միաժամանակ համատեղ քննարկել, լսել առաջարկություններ և մոտեցումներ։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնում։ Հանդիպմանը ներկա էին Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Արտավազդ Թադևոսյանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Բուհի ռեկտորը հանդիպման սկզբում նշեց, որ նախաձեռնության առանցքային նշանակությունն այն է, որ համալսարանի ղեկավարությունը խիստ կարևորում է ամբիոնների դերը կրթության կազմակերպման հարցում։ «Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի հետ, մշակվել է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի բարեփոխման կանոնակարգեր, որոնց մասին պետք է ունենանք մասնագիտական քննարկումներ և որի իրագործման ճանապարհում մեծ է ամբիոնի մասնակցությունն ու դերը։ Ըստ բարեփոխումների ամբիոնի վարիչները կդիտարկվեն ոչ միայն որպես գիտամանկավարժական աշխատանք իրականացնող անձինք, այլև կրթական կազմակերպիչներ, որոնց աշխատանքները, ըստ էության պետք է գնահատվի և վարձատրվի, անկախ ամբիոնի վարիչի ուսումնական բեռնվածքից»,-նշեց Գ․Վարդանյանը։

Ռեկտորը հայտնեց, որ այս տարի Տնտեսագիտության կրթական ծրագրով ընդունելության արդյունքներից հետո նախաձեռնվել է փոփոխություն, ըստ որի դիմորդները հետայսու չեն լրացնի ներքին հայտեր, որը թույլ կտա ուսանողներին մինչև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ոլորտային տնտեսագիտություն ուսումնասիրելը, ամբողջապես ուսումնասիրի և մասնագիտանալ ընդհանուր տնտեսագիտությունում։

Ըստ ռեկտորի, բուհը այս առումով պետք է ճկուն լինի և ամրագրի երկու կարևոր հանգամանք՝ տնտեսագիտություն և հստակ ոլորտային գիտելիքներ։ «Մասնագիտական քննարկման արդյունքում պետք է հստակ հասկանանք ինչ է տնտեսագիտությունը և Պոլիտեխնիկում տվյալ կրթական ծրագիրն ընտրած ուսանողը ինչ առարկաներ պետք է ուսումնասիրի ապագայում տվյալ ոլորտում իբրև տնտեսագետ հանդես գալու համար»,-նշեց Գ․Վարդանյանը։

Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսեց ռեկտոր Գ․ Վարդանյանը վերաբերում էր գիտությանը։ «Ցանկացած   հաստատություն, որը հանդես է գալիս որպես գիտական կազմակերպություն, պետք է ունենա իր համապատասխան գիտական պոտենցիալը և սեփական գիտական քաղաքականությունը։ Մենք պետք է առանձնացնենք, թե որ ուղղություն է մեզ համար կարևոր, մշակենք բուհի գիտական ռազմավարությունը, ինչ ռեսուրսներ ունենք և արդյոք կարող ենք այդ ռեսուրսները իրականացնել։ Մենք նախատեսում ենք 2022 թվականի բյուջեում, որպես առանձին հոդված, գիտական դրամաշնորհներ հայտարարելու համար նախատեսել միջոցներ, որը կիրականացնի համալսարանը համապատասխան մրցույթների և կանոնակարգերի միջոցով։ Այսպիսով` կխթանենք և կխրախուսենք կոնկրետ ոլորտներում գիտության զարգացմանը և այս հնարավորությամբ գիտնականները, գիտական խմբերը կսկսեն առավել շատ ակտիվություն ցուցաբերել։»,-նշեց ռեկտորը։

Գ․ Վարդանյանը խոսեց նաև կրթության կազմակերպման միջազգայնացման նոր քաղաքականության մասին։ Ընդգծեց երկու խնդիր՝ օտար լեզվով որակյալ կրթական ծրագրի առկայությունը և ենթակառուցվածքային պայմանների, հանրակացարանային ֆոնդի հետ կապված խնդիրները։ Նշեց, որ այս առումով դիտարկումներ են արվում և համալսարանի շենք շինությունների ճիշտ կազմակերպման, կրթական միջավայրի ձևավորման, արդյունավետ օգտագործման ուղղությամբ հստակ ծրագրեր են իրականացվում։

Խոսվեց նաև դասախոսների վերապատրաստման, այդ թվում միջազգային ծրագրերում ներգրավման և շարունակական կրթական հարցերի վերաբերյալ։ Վերոնշյալ ծրագրերը ողջունվեց ամբիոնի աշխատակիցների կողմից, քննարկվող թեմաների վերաբերյալ հնչեցին առաջարկություններ և կարծիքներ։