Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և ՀայՓոստը սկսում են նոր համագործակցություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և ՀայՓոստը սկսում են նոր համագործակցություն

14 դեկտեմբերի, 2021, Ժամը 11։00-ին
ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահ,
Տերյան 105, ք․Երևան, ՀՀ

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի Գոռ Վարդանյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը դեկտեմբերի 14-ին ժամը 11։00-ին, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահում կստորագրեն համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, որի գլխավոր շահառուն հենց ուսանողն է։

Համաձայն համագործակցության հուշագրի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները կկարողանան ՀայՓոստում ստանալ պրակտիկ գիտելիքներ iNovation դուստր ընկերության բարձրակարգ ծրագրավորողների կողմից: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող և արագ զարգացող ընկերությունում։

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ուսանողներին և դասախոսական կազմին կներկայացնի ՀայՓոստի ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, iNovation դուստր ընկերությունը, մշակված ծրագրային լուծումները և սպասվող նորությունները:

Հուշագրով կամրագրվեն ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։ ՀայՓոստը և  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը նախատեսում են մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։