Պոլիտեխնիկական համալսարանի և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկական համալսարանի և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Հուլիսի 29-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչ Ավետիս Գևորգյանը, Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանը և Որակի կառավարիչ Գևորգ Մարտոյանը։

Կնքված հուշագրի նպատակն է  աշխատաշուկան համալրել ստանդարտացման և չափագիտության ուղղությունների  որակյալ մասնագետներով։ Հուշագրով ամրագրված համագործակցությունը նախատեսում է՝ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառում և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերում, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին միջև համագործակցություն, երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսություն, շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակում։

Համագործակցության նոր հուշագիրը կողմերին հնարավորություն կընձեռի այսուհետ համագործակցել ոչ միայն գիտական հետազոտությունների, այլև մասնագետների և ուսանողների փոխանակման բնագավառներում:

Ողջունելով ներկաներին, ռեկտոր Գ․ Վարդանյանը կարևորեց հուշագրի ստորագրումը և նոր համագործակցության հաստատումը։ «Վստահ եմ, որ համագործակցությունը տալու է դրական արդյունքներ, մասնավորապես, ստանդարտացման և չափագիտության ոլորտում Պոլիտեխնիկի համապատասխան կրթական ծրագրով պատրաստվող մասնագետների որակական հատկանիշների արդյունավետ արտահայտման, առավել նպատակային ավարտական աշխատանքների թեմաների ընտրման, ինչպես նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր երիտասարդ մասնագետների առաջխաղացման տեսակետից։ Մենք,  ինչպես շեշտեցինք, Պոլիտեխնիկը դիտարկում ենք որպես Հայաստանի Հանրապետության թևերից մեկը, որն ունի կարևորագույն առաքելություն ինժեներական կրթության ուղղությամբ և այդ առաքելությունը պետք է արտահայտվի ոչ միայն մասնավոր աշխատաշուկայում, այլև պետական գերատեսչություններում։ Այսօր պետական գերատեսչությունները առավել քան կարիք ունեն որակյալ ինժեներ մասնագետների։ Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կունենանք մասնագետների հոսք դեպի պետական կառույցներ»։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալման համար Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի  տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը նշեց, որ իրենց նպատակը ոչ թե ֆորմալ հուշագրի ստորագրումն է, այլ երկու կողմերի համար լավագույն արդյունք ապահովելը։ «Մեր նախաձեռնության հիմքում եղել է այն, որ կարողանանք ընտրել կադրերի, որոնց կապահովենք աշխատանքով, եթե իրենք ցանկանան։ Իզուր չեմ նշում, եթե ցանկանան, որովհետև լավագույն կադրերը ստիպում են, որ իրենց գործատուն ևս  լինի մրցունակ և համապատասխանի աշխատաշուկայի նոր իրողություններին»,-նշեց Ա․ Բաբայանը։

Երկկողմ զրույցում նշվեց, որ ցանկացած կառույցի հաջողություն կախված է աշխատակիցների համապատասխան կրթական որակներից։ Մեկ անգամ  ևս կարևորելով համագործակցությունը՝ կողմերը հույս հայտնեցին, որ համատեղ ծրագրերի միջոցով կկարողանան պատրաստել բարձրակարգ մասնագետներ, որոնք ավարտելուն պես իրենց պահանջված տեղը կզբաղեցնեն աշխատաշուկայում։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհավորեցին միմյանց հաջող մեկնարկի առթիվ և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։