Մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2021» մարզամշակութային մրցույթ-փառատոնը

Մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2021» մարզամշակութային մրցույթ-փառատոնը

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը: Միջոցառման կազմակերպիչը Պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդն է։

Այս տարի խաղերն անցկացվում են ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած պոլիտեխնիկցիների։ Պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը տրվել է դեռևս 2015 թվականին՝ Ուսանողական խորհրդի կողմից և դարձել ավանդական։

«Պոլիտեխնիկական խաղեր-2021»-ի բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ինստիտուտների տնօրեններ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր։ Ներկա էին նաև զոհված պոլիտեխնիկցի հերոսների ծնողները։

Ողջունելով հայրենիքի պաշպանության համար նահատակված պոլիտեխնիկցի քաջերի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցներին՝ հերոսների ծնողներին, թիմերին, թիմերի ավագներին ու ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հերոսների ծնողներին, քանի որ նրանք իրենց ներկայությամբ թույլ են տալիս զգալ իրենց որդիների լուսավոր ներկայությունը։

Գ․ Վարդանյանը նշեց, որ պատերազմից հետո ուսանողության շրջանում ձևավորվել է մշակույթ, որ յուրաքանչյուր միջոցառում, անկախ իր բովանդակությունից, նվիրված է պատերազմում հերոսացած քաջերին, քանի որ իրենց սխրանքների, իրենց կյանքի, իրենց ինժեներական, ինտելեկտուալ մտքի շնորհիվ է, որ մեր հայրենիքի սահմանները գոյություն ունեն և մենք բոլորս շարունակում ենք ապրել, կրթվել, աշխատել։ Ըստ ռեկտորի հերոսացած պոլիտեխնիկցիների անմնացորդ  հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը մեզ՝ ապրողներիս,  պարտավորեցնում է մեր ամենօրյա և հայրենաշեն աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին: Ռեկտորը հորդորեց դասեր քաղել պատմությունից, լինել ավելի կիրթ, ավելի ինտելեկտուալ, առողջ ու ճկուն և կորցրած ընկերներին երբեք բացակա չդնել։

Գոռ Վարդանյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ուսանողական խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանը, նշելով որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է անմահ զոհերի հիշատակին և նպատակ ունի ուսանողության շրջանում լսելի դարձնել մեր կյանքի համար զոհված հերոսների անունները ու սխրանքները։

Հավատարիմ մնալով պոլիտեխնիկական ընտանիքի կարևոր սկզբունքին՝ Արցախյան ազատամարտում անմահացած հերոսների փառաբանման և մեծարման առաքելությանը, նշենք, որ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում համալսարանի ինստիտուտների, ֆակուլտետների, Քոլեջի և Ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները իրենց ուժերը կփորձեն մի շարք մրցութաձևերում, որոնք անվանակոչված են քաջարի պոլիտեխնիկցիների պատվին։ Ֆուտբոլային հանդիպումները նվիրված կլինեն Միքայել Մուրադխանյանին, վոլեյբոլի մրցաշարը կնվիրվի Կամո Գրիգորյանին, բասկետբոլը՝ Գոռ Գրիգորյանին, բազկամարտինը՝ Դավիթ Կիրակոսյանին, սեղանի թենիսինը՝ Սարգիս Գևորգյանին, շախմատային հանդիպումները՝ Մուշեղ Դանիելյանին, ազգային խաղերը՝  Շավարշ Բենյամինյանին, հրաձգության մրցույթը՝  Սարգիս Ծատուրյանին, պարանի ձգման մրցաշարը՝ Դավիթ Թորոսյանին։

Ինտելեկտուալ խաղերից «Ինչ-որտեղ-երբ» խաղի գավաթը նվիրված է լինելու Արա Սաֆարյանին, «Սեփական խաղ» ինտելեկտուալ մրցաշարը՝ Գևորգ Գրիգորյանին, «Բրեյն-ռինգի» մրցաշարը՝ Հայկ Չախալյանին։

Մշակութային խաղերից երգի մրցույթը նվիրված է լինելու Տիգրան Հովհաննիսյանին, պարի մրցույթը՝ Գրիգոր Ղազարյանին, թատրոնի բոլոր ներկայացումները նվիրված են լինելու Դավիթ Ջալավյանին։

 

Պոլիտեխնիկական համալսարանում սպորտն ունի իր ուրույն տեղը, իսկ Պոլիտեխնիկական խաղերը այն միջոցառումներից է, որը կարողանում է համախմբել ուսանողությանը և ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր դարձնել։ Ուսանողական կյանքում սպորտային և մշակութային միջոցառումները կարևորագույն բաղադրիչներն են առողջ ապրելակերպի և ակադեմիական առօրյայի օրակարգում:

Դեպի բարձունք ձգտող երիտասարդ. սա «Պոլիտեխնիկական խաղեր-2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի խորհրդանիշն է: Այս խորհրդանիշի ներքո առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շուրջ 300 ուսանողներ կմրցեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, հրաձգության, շախմատի, սպորտլանդիայի, ազգային խաղերի, բազկամարտի մրցաձևերում, կազմակերպվելու են նաև մշակութային և ինտելեկտուալ տարատեսակ մրցույթներ։