Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտուհին բրոնզե մեդալակիր

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտուհին բրոնզե մեդալակիր

Նոր ուսումնական տարին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ֆիզմաթ հոսքի աշակերտուհի Անի Սահակյանի համար սկսվեց հաճելի անակնկալով։ Անին մասնակցեց սեպտեմբերի 11-16-ին Ուլյանովսկ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների 8-րդ միջազգային մարզական փառատոնին։  Նա հաջողությամբ հանդես եկավ աղջիկների բադմինթոնի մենախաղերում և խառը զուգախաղերում նվաճեց բրոնզե մեդալը։ Սա դեռ բոլորը չէ։ Այս նույն առաջնությունում Անին նաև մասնակցել է խմբային մրցումներին և արժանացել է արծաթե մեդալի և գավաթի։

Նախքան Պոլիտեխնիկի Ավագ դպրոց ընդունվելը Անին սովորում էր մայրաքաղաքի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցում։ Սովորում էր գերազանց առաջադիմությամբ։ Սակայն բոլոր առարկաներից ավելի շատ սիրում էր ֆիզիկան և մաթեմատիկան։ Եվ իր գիտելիքները զարգացնելու համար Անին 3 տարի հաճախում էր Արմաթ ինժեներական լաբորատորիաներ։ Այստեղ ևս Անին որոշակի հաջողություններ է ունեցել։ Որպես Արմաթի ներկայացուցիչ նա մասնակցել է WCIT միջազգային գիտաժողովին։

Անիի հետաքրքրությունները բազմազան են։ Նվագում է դաշնամուր, սիրում է ընթերցել տարբեր ժանրերի գրականություն։ Սիրում է նաև երգել։ Անին նաև մասնակցել է երգի «Վերածնունդ» փառատոնին գրավել 2-րդ հորիզոնականը, իսկ «Հրաշամանուկ» փառատոնում ստացել է Մեծ մրցանակ։ Այս բոլորը սկիզբ է առնում ընտանիքից, որտեղ իշխում են երգն ու երաժշտությունը։ Ծնողները երաժիշտներ են, աշխատում են Հայաստանի պարի պետական անսամբլում։ Մայրը՝ Արմինե Ասատրյանը, ճանաչված քանոնահարուհի է, միաժամանակ դասավանդում է Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում՝ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով մատաղ սերնդին։ Անիի 2 եղբայրները նույնպես երաժիշտներ են և ունեն հաջողություններ։

Անիի նվիրական երազանքը, ծրագրավորող դառնալն է և ուսումնառությունը Պոլիտեխնիկում շարունակելը։ Այսօր Անին անում է ամեն ինչ, որպեսզի հասնի իր երազանքին։

Պոլիտեխնիկցիները շնորհավորում են Անիին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ կյանքի բոլոր ասպարեզներում։