Պոլիտեխնիկը մասնակցեց 2021թ. Եվրոպական որակի ապահովման առցանց ֆորումին (2021EQAF)

Պոլիտեխնիկը մասնակցեց 2021թ. Եվրոպական որակի ապահովման առցանց ֆորումին (2021EQAF)

2021 թվականի նոյեմբերի 18-19-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը և Համալսարանի Որակի ներքին ապահովման և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության կազմը մասնակցեց «Վստահության ձևավորում և բարելավում. տեղեկատվությունից մինչև ապացույց» խորագրով Եվրոպական համալսարանների ասոցիացիայի 2021թ. Որակի ապահովման եվրոպական 16-րդ առցանց ֆորումին։

Կազմակերպիչները՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիան (EUA), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիան (EURASHE) և Եվրոպական ուսանողների միությունը (ESU), հավատարիմ մնալով Եվրոպական որակի ապահովման ֆորումի ավանդույթին՝ այս տարվա ֆորումի համար տրամադրել էին միջոցառումների այնպիսի հարթակ, որը մասնակիցներին ընձեռում էր պաշտոնական ծրագրից դուրս ցանցային լրացուցիչ հնարավորություններ, որն նպաստում էր առցանց մասնակիցների արդյունավետ փոխգործակցությանը։

Առցանց ֆորումի գլխավոր քննարկվող հարցերից էր որակական և քանակական տվյալների ու տեղեկատվության տարբեր աղբյուրների միջև պատշաճ հավասարակշռության ապահովումը: Ընթացքում անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե ինչպես վերլուծել ու մեկնաբանել առկա տվյալները, և ինչպես օգտագործել դրանք` կրթության որակը բարելավելու և վստահություն ներշնչելու առումով: Հատկանշական է, որ 2021 թվականի EQAF-ը հնարավորություն տվեց ուսումնասիրել, թե ինչպես առավելագույնս օգտագործել թվայնացման ընձեռած հնարավորությունները, և խուսափել ծուղակներից ու ծագող մարտահրավերներից: Ուշադրության կենտրոնում էին ապացույցները, որոնք օգտագործվում են որակի արտաքին ու ներքին ապահովման նպատակով, և ինչպես կարգավորել դրանց օգտագործումն ու ազդեցությունը:

Ֆորումի «Ապացույցների արժեքը» խորագրով բացման նիստը ուղղված էր հետևյալ խնդիրների քննարկմանը. որոնք են որակի ապահովման տեսանկյունից օգտակար և հիմնավոր ապացույցներ, ինչ է նշանակում մեծ տվյալներ, ուսուցման վերլուծություն, արհեստական ​​ինտելեկտ, և բաց տվյալներ` որակի ապահովման համար, կապը ապացույցների և որակի միջև, դրանց հետևանքները, և ինչպես չափել բարձրագույն կրթության որակը։ Նիստի բանախոսներն էին Նիկոլա Դենդրիջը (Ուսանողների հետ կապերի գրասենյակի գլխավոր տնօրեն, Մեծ Բրիտանիա) և Դրագան Գաշևիչը (Մոնաշ համալսարանի պրոֆեսոր, Ավստրալիա): Նախագահում էր Յենս Ջունգբլուտը (EQAF ծրագրի կոմիտե)։

Առանձնակի ուշադրության արժանի քննարկում եղավ «Որակի արտաքին ապահովման ցուցանիշների օգտագործում. Սոցիալական հանրությունը բարձրագույն կրթությունում» թեմայով հարթակում։ Բանախոսներն էին Միխալ Գոշչինսկի, Եվրոպական ուսանողների միություն (ESU) և Հելեն Պետերբաուեր, Եվրոպական համալսարանների ասոցիացիա (EUA), նախագահում էր՝ Ժոակիմ Մոուրատո, EQAF ծրագրի կոմիտե։

Ֆորումի երկրորդ օրը նույնպես հագեցած էր։ ՈՆԱ և ԿԲՊ վարչության մասնակիցներին առավել հետաքրքրեց «Վստահությունը և ազդեցությունը բարձրագույն կրթությունում» նիստը։ Նիստի բանախոսներից էր Բելգիայի Մոնսի համալ­սարանից Անջելինա Օբեր-Լոտարսկին, ով ներկայաց­րեց «Որակի արտաքին գնահատման նոր մեթոդա­բանության նախա­ձեռնում՝ վստահության ձևավորման ապացույց­ների առանցքային դերը» թեմայով շնորհանդեսը։ Մանրամասը խոսվեց ծրագրային պարբե­րական գնահատումից մինչև որակի արտաքին գնահատման խառը մոդելը, ներառյալ ինս­տիտուցիոնալ վերանայումը։ Անդրադարձ եղավ տարբեր տեսակետ­ների՝ որպես բուհերի հեռանկար՝ վստահություն, մեթոդաբանական համապատասխանություն և ռեսուրսների համարժեքություն: Որպես փորձագետների տեսակետ՝  ներկայացվեց, թե ինչ է անհրաժեշտ վստահություն ստեղծելու համար՝  գործընթացներից մինչև վերջնարժեք և այլն։

Ֆորումի «Վստահության ձևավորում որակի ապահովման միջոցով» թեմայով եզրափակիչ նիստը վարում էր Կարլ Դիտրիխը (Որակի ապահովման եվրոպական ռեգիստրի նախագահ)։ Նիստում քննարկվեց, թե ինչն է ավելի շատ որակի ապահովումը և դրա արդյունքները դարձնում համոզիչ ու հուսալի տարբեր շահակիցների համար և որ ապացույցների վրա հիմնված որակի ապահովումն է նպաստում վստահության ձևավորմանը:

Նիստի ակտիվ բանախոսներն էին Վանեսա Դեբիաիս-Սենթոնը (Բարձրագույն  ուսումնական հաստատության ղեկավար, Կրթություն, երիտասարդություն, սպորտ և մշակույթ, Եվրոպական հանձնաժողով), Միրեկ Պոսպիսիլը (ԵՄ հանրային քաղաքականության և կառավարության հարցերով ավագ մենեջեր) և Մարտինա Դարմանինը (Եվրոպական ուսանողների միության նախագահ):

Ֆորումը մասնակիցներին ընձեռեց կրթության որակը բարելավելման ուղղությամբ կարծիքների փոխանակման լայն հնարավորություն և որակի ապահովման երաշխիքներ։ Այն միավորում էր այնպիսի թեմաներ ընդգրկելով միտումների և հետազոտությունների վերաբերյալ եվրոպական քաղաքականությունը, ինչպես նաև գործնական դեպքեր, որոնք առնչվում են ֆորումի թեմային և, ընդհանուր առմամբ, որակի ապահովման ընթացիկ զարգացումներին:

Համալսարանի Որակի ներքին ապահովման և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետ Նվարդ Ամիրբեկյանի կարծիքով հասարակության վստահությունը խթանելու, պատասխանատու անձանց կողմից իրազեկ որոշումներ կայացնելու, տվյալ պարագայում կրթության որակի բարձրացման հիմքերն ամրակայելու առումով անհրաժեշտ են հավաստի ապացույցներ, իսկ ֆորումը տալիս է այդ հնարավորությունը: «Բարձրագույն կրթության գործունեության վերաբերյալ տեղեկությունների քանակը վերջին տարիներին աճել է, և դրանց բնույթը մասամբ փոխվում է թվայնացման պատճառով: Սա ավելի ու ավելի կարևոր է դարձնում` որոշել, թե ո՛ր տեղեկատվությունն է տեղին և արժանահավատ` բարձրագույն կրթության շահակիցների համար, և ո՛րը կարող է երաշխիք լինել որակի ապահովման կայուն գործընթացների»,-«Պոլիտեխնիկ» խմբագրության հետ զրույցում, ֆորումի մասին նշեց Ն․Ամիրբեկյանը:

 

 

Որակի ապահովման եվրոպական ֆորումը (EQAF) ամենամյա միջազգային միջոցառում, որն ամփոփում է ընթացիկ տարին և կայանում է նոյեմբեր ամսին՝ Որակի համաշխարհային օրվա շրջանակներում: Այն ապահովում է քննարկում որակի ապահովման հիմնական շահագրգիռ կողմերի միջև, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման համար: Ֆորումի հիմնական շահառուներն են որակի ապահովման համար պատասխանատու ռեկտորները և պրոռեկտորները, բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման պատասխանատուները, ուսանողներին, որակի ապահովման գործակալության անձնակազմը և բարձրագույն կրթության կամ որակի ապահովման ոլորտում աշխատող հետազոտողները: