Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջի «Գործավարություն` օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառումն անցկացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Գրիգոր Բաղրամյանը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը, դասախոսներ, ծնողներ, հյուրեր և ուսանողներ։

Մինչ միջոցառումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Վերհիշեցին պատերազմի իրողությունները, մարտական գործողությունների ընթացքն ու հերոս քաջորդիների գործած սխրանքները:

Պրոռեկտոր Է․ Էլբակյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ․ Մարությանին՝ թանգարանում պոլիտեխնիկցիներին հյուրընկալելու համար։ Է.Էլբակյանը վստահություն հայտնեց, որ սա համագործակցության նոր սկիզբ է։ Ըստ պրոռեկտորի, Պոլիտեխնիկական համալսարանը՝ լինելով տեխնիկական բնույթի բուհ, իր պատմության և ազգային արժեքների կրողն է։ Է․ Էլբակյանը շնորհավորելով շրջանավարտներին նշեց․ «Վստահ եմ, որ այս տարիներին ձեզ տրված գիտելիքները բավական են մասնագիտական կարևոր գործառույթներ իրականացնելու համար։ Նշեմ, որ համալսարանում պարբերաբար քննարկվում են տարբերակներ, որոնցով այս մասնագիտության շրջանավարտները կկարողանան ներգրավված լինել համալսարանի վարչարարական և գործավարական աշխատանքներում։ Այս առումով վստահ եմ, որ այս չորս տարիների ընթացքում ձեզ տրվել են բավարար գիտելիքներ։ Ցանկանում եմ, որ որտեղ էլ շարունակեք ձեր մասնագիտական, կրթական գործունեությունը լինեք առողջ, սիրեք ձեր աշխատանքը և միշտ հիշեք, որ պոլիտեխնիկական ընտանիքի անդամ եք»,-ասաց Է․Էլբակյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը ողջունելով հյուրերին նշեց, որ սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որ տեղի է ունենում թանգարանի կամարների ներքո։ «Միջոցառումը տխուր երգերով ու հիշողություններով սկսեցինք և թվում է, թե ցեղասպանությունը միայն տխրություն է մարդկանց հոգիներում առաջացնում։ Սակայն ես ուզում եմ, որ դուք ողջ կյանքում իմանաք, որ այդ դժնդակ տարիներին հայ մարդիկ նաև պայքարել են՝ ձեռք ձեռքի տված, իրար օգնելով և վերապրելով։ Վստահ եմ դահլիճում ներկա գտնվողների մեջ շատերը արևմտահայերի ու արևելահայերի ժառանգներ են, դա հենց վերապրելու շնորհիվ է։ Վերապրումը հայերիս այն եզակի շնորհներից է, որով մենք կարողանում ենք դիմադրել և նաև վերապրել։ Պոլիտեխնիկական ինստիտուտը ունի գրեթե մեկդարյա պատմություն և իր գոյության ընթացքում տասնյակ հազարավոր մասնագետներ է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր քաղաքի կառույցների մեծ մասը կերտված է պոլիտեխնիկցիների ձեռքերով։ Ձեզնից մի մասը կշարունակի ուսումը հենց Պոլիտեխնիկում և վստահ եմ ապագայում իր գործը կանի այն նույն նվիրումով, ինչ նախորդները», – նշեց Հ․ Մարությանը։

Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը նույնպես շնորհավորեց շրջանավարտներին․ «Սա ձեր ամենափոքր ձեռքբերումն է կյանքի այս փուլում, սակայն վստահ եղեք, որ այս ձեռքբերումը ամենակարևորն է, որովհետև հիմք է դրվում հետագա մասնագիտական ունակությունները զարգացնելու համար», – նշեց նա։ Շրջանավարտներին բարի երթ մաղթելով՝ Ռ․ Քարամյանը հորդորեց կապը երբեք չկտրել Քոլեջի հետ։

Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Ն․ Բաղդասարյանը՝ նախապես պատասխանելով այն հարցին, թե ինչու է միջոցառումը անցկացվում հենց Հայոց ցեղասպանության թանգարանում։ Ըստ նրա, հավաքվելով թանգարան-սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Իր խոսքում Ն․Բաղդասարյանը, մասնավորապես նշեց․ «Խոսքս ուզում եմ սկսել շնորհակալությամբ․ Պոլիտեխնիկական համալսարանի ջանքերի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նվիրումի շնորհիվ հնարավոր եղավ այս փոքրիկ միջոցառումն անցկացնել այստեղ։ Վստահ եմ, որ գիտակցում եք այսօրվա հանդիսավոր արարողության վայրի ընտրության ոչ պատահական լինելը: Պատահական չի ընտրված ոչ թանգարանը, ոչ էլ այն սրահը, որտեղ հիմա անցկացվում է միջոցառումը։ Մենք կանգնած ենք երկու սրահների մեջտեղում, որտեղ մի կողմից պատկերված են հայ մտավորականության, հայ ուղեղի, հայ մտքի ոչնչացման պատկերները և մյուս կողմից երկու լուսավոր սրահներն են, որոնք նախանշում են մեր ապագան։ Իսկ մեր ապագան դուք եք սիրելի երիտասարդներ։ Ձեզ պատգամված է լավ իմանալ մեր պատմությունը, քանզի պատմությունը մեր կենսագրությունն է։ Պատահական չի ընտրված նաև Ցեղասպանության թանգարանի տեղը․ այն Արարատի խիստ հայացքի ներքո է, որը իր հայացքով ձեզ խստորեն պատգամում է ապրել արարել, աշխատել և պայքարել։ Պատահական չի, որ հենց «Արարատ լեռան» վրա է հանգրվանել Նոյան տապանը, որը խորհրդանշում է մարդկությունը։ Կյանքը պայքար է, դուք դեռ շատ դժվարությունների եք հանդիպելու։ Դրանք հաղթահարելու համար պարտադիր է, որ դուք շատ մոտ լինեք ձեր արմատներին, ձեր պատմությունը լավ իմանաք, ճիշտ կարողանաք պատկերացնել այն ուղիները, որոնք ձեր առջև լինելու են և միասնաբար պայքարեք։ Ես ուզում եմ ցույց տալ Պոլիտեխնիկական համալսարանի սիմվոլիկան՝ միասնության ուժը․ մեր ուսանողները վաղուց են հասկացել, որ պայքարի մեջ կարևորը միասնությունն է։ Շնորհավորում եմ ձեզ և ցանկանում նորանոր բարձունքներ», – նշեց Ն․ Բաղդասարյանը։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: