Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանում ընթացող «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով «Ամառային դպրոց»-ին

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանում ընթացող «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով «Ամառային դպրոց»-ին

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանում հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ը անցկացվում է «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով «Ամառային դպրոց»-ի դասընթացները։ 14 օրյա ամառային դպրոցին մասնակցում են Պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տասը ուսանողներ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքով ՀԱՊՀ բազայի վրա ստեղծվել է նաև «ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի «Հայկական բաժանմունք»-ը։

«Ամառային դպրոց»-ի ծրագիրը բաղկացած է մի քանի մասերից՝ դասախոսություններ,  լաբորատոր աշխատանքներ, պրակտիկ փորձարկումներ, վարպետության դասեր, որոնք ընդլայնում ու խորացնում են ուսանողների գիտելիքները։

«Ամառային դպրոց»-ի դասընթացների մասնակից, Պոլիտեխնիկի ուսանող Միքայել Մարտիրոսյանի համոզմամբ, այսօրերին ուսանողները ունեն հագեցած օրակարգ։ «Մասնակցում ենք ճանաչողական այցերի, սեմինարների, ունենք բավականին հագեցած դասընթացներ»,-նշում է Մ․Մարտիրոսյանը։ Ըստ նրա «Ամառային դպրոց»-ը իր դրական ազդեցությունն է ունենալու մասնակից Պոլիտեխնիկի ուսանողների հետագա կրթական գործունեության վրա։ «Դասընթացների շրջանակներում ծանոթացել և ընկերակցել ենք այլ համալսարանների ուսանողների հետ, քննարկել նոր գաղափարներ և մոտեցումներ։ Ինչպես Երևանում նշեցինք, ռեկտորի հետ հանդիպմանը «Ամառային դպրոցի» դասընթացներին մեր մասնակցության փորձը, ձեռք բերած հմտությունները, գիտելիքներն ու նաև ոգևորությունը պետք է դարձնենք ապագայի ուղենիշ՝ հասնելու նոր նպատակների ու արդյունքների, ինչպես նաև կիսվելու այդ արդյունքներով Պոլիտեխնիկի մեր մյուս համակուրսեցիների և ընկերների հետ, նրանց էլ փոխանցելու դասընթացներում ձեռքբերված գիտելիքները»,-եզրափակեց Մ․Մարտիրոսյանը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի նպատակներն են՝ մշակել ուսուցման համակարգ և կարողությունների զարգացում: Կազմակերպությունը կոչ է անում միավորել աշխարհի առաջատար համալսարանները` մեծ թվով առաջադրանքների իրականացման համար` ներառյալ ուսանողների, շրջանավարտների և առաջատար մասնագետների շարժունության համար պայմանների ստեղծումը, կրթական և մասնագիտական ​​չափորոշիչների միավորումը՝ ստեղծելով միջազգային մասնագիտական ​​սերտիֆիկացման միասնական համակարգ։