Պոլիտեխնիկ այցելեցին «Datafoundry» միջազգային կազմակերպության ղեկավարները

Պոլիտեխնիկ այցելեցին «Datafoundry» միջազգային կազմակերպության ղեկավարները

Նոյեմբերի 25-ին Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի և «Datafoundry» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ համալսարան այցելեցին «Datafoundry» միջազգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիվեկ Կալագարան, գլխավոր գործառնական տնօրեն Լակշմիպատի Սատառուն և ընկերության Հայաստանյան մասնաճյուղի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը։

Համալսարանում ընկերության պատվիրակությանը հյուրընկալեց համալսարանի Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։ Հանդիպմանը մասնակցում էին Պոլիտեխնիկի Կարիերայի կենտրոնի ղեկավար Կարապետ Կոգարովը և Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը։

Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման և «Արհեստական բանականությամբ համակարգերի» ստեղծման հարցերում։ Կազմակերպության ղեկավարների պատրաստակամություն հայտնեցին ՀԱՊՀ թվով 25 ավարտական կուրսի ուսանողների և շրջանավարտների ընդունել աշխատանքի, իսկ թվով 30 ուսանողի ընդունել վճարվող պրակտիկայի ընկերության Հայաստանյան մասնաճյուղում։

Զրույցից հետո, հյուրերը շրջայց կատարեցին «Շնեյդեր էլեկտրիկ-Տաշիր-ՀԷՑ-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնում, որտեղ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ա.Դռնոյանը մանրամասն ներկայացրեց կենտրոնի լաբորատորիանները։ «Datafoundry» միջազգային կազմակերպության ղեկավարները եղան նաև «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում»։ Կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Օ.Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում իրականացվող գիտական պրոյեկտների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Հանդիպման ավարտին հյուրերը այցելեցին ՀԱՊՀ-ի նորաբաց «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոն, հանդիպեցին կենտրոնի տնօրեն Ռ.Աղգաշյանին, ծանոթացան կենտրոնի պայմաններին, ինչպես նաև մասնակցեցին այդ պահին ընթացող դասապրոցեսին։