Պոլիտեխնիկի ռեկտորը շարունակում է հանդիպումների շարքը մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Պոլիտեխնիկի ռեկտորը շարունակում է հանդիպումների շարքը մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպումների շարքը բուհի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ շարունակվում է։

Դեկտեմբերի 1-ին ռեկտորը հանդիպեց երեք՝ Կառավարման համակարգերի, Ռադիոսարքավորումների և Կապի համակարգերի ամբիոնների անձնակազմերի հետ։ Հանդիպմանը ներկա էին Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Օլեգ Գասպարյանը, Ռադիոսարքավորումների ամբիոնի վարիչ Հովհաննես Գոմցյանը, Կապի համակարգերի ամբիոնի վարիչ Սուրիկ Խուդավերդյանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Ռեկտորի խոսքով այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում ունենալու արդյունավետ երկխոսություն, ամբիոների կազմի հետ խոսելու բուհի զարգացման ծրագրերի, նախատեսված բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ունենալ համատեղ արդյունավետ քննարկումներ և լսել առաջարկներ։

Ըստ ռեկտորի համալսարանի կրթական ծրագրերը, որոշ դեպքերում համահունչ չեն ժամանակակից կրթության և աշխատաշուկայի պահանջներին և որոշ դեպքերում ուսանողության շարժունակության ծրագրերում առաջանում է ոչ հիմնավորված ակադեմիական տարբերություններ։ Առաջիկայում վերանայվելու են դասավանդման մեթոդները՝ յուրաքանչյուր դասընթացի համար սահմանելով դասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ և գործնական հմտությունների գնահատման չափանիշներ:

Գ․ Վարդանյանը նշեց, որ համալսարանի նյութատեխնիկական բազան բավարար չէ բուհի կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Բուհն այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց չի գրանցել, սակայն եթե համալսարանը ցանկանում է մրցունակ լինել, պետք է կտրուկ փոփոխությունների գնա և այսօր իրականացվում են այդ ուղղությամբ գործուն քայլեր։ Ռեկտոր խոսքով մոտ ամիսների ընթացքում ամբողջությամբ թարմացվելու և համալրվելու է ՏՀՏ ինստիտուտի համակարգչային բազան, ինչպես նաև օժանդակ սարքավորումները։

Ըստ ռեկտորի, բուհի որդեգրած նոր քաղաքականության գործընթացներում անհրաժեշտ է ակտիվացնել թիրախային գործատուների և շրջանավարտների մասնակցությունը: Նշվեց, որ մեծ ջանքեր են գործադրվում ֆինանսական աղբյուրների ընդլայնման ուղղությամբ։

Գ․ Վարդանյանը անդրադարձավ նաև կրթական հաստատություններ նախագծող ճարտարապետական ընկերությունների հետ Պոլիտեխնիկի համագործակցությանը, նշելով այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացվում են առանձին ենթակառուցվածքների գծով։

Խոսվեց նաև աշխատավարձային ֆոնդի բաշխման, դասախոսների վերապատրաստման, այդ թվում միջազգային ծրագրերում ներգրավման, շարունակական կրթական հարցերի վերաբերյալ։

Ռեկտոր Գ․ Վարդանյանի ներկայացրած ծրագրերը ողջունվեցին ամբիոնների աշխատակիցների կողմից, քննարկվող թեմաների վերաբերյալ եղան հարցեր և հնչեցին առաջարկություններ։

Հանդիպման ավարտին բուհի ղեկավարը ավելացրեց, որ վերոնշյալ նախագծերի իրագործման դեպքում, մենք կունենանք այն Պոլիտեխնիկը, որի մասին պատկերացնում ենք։