Պոլիտեխնիկում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում DAAD Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

Պոլիտեխնիկում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում DAAD Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

Ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Հայաստանում DAAD դասախոսներ Անեգրեթ Բայերի և Դանիել Լեպետիտի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը։ Հյուրերին ողջունեց Վարչության պետի տեղակալ Անի Մամիկոնյանը, ով իր խոսքում, մասնավորապես նշեց․ «Այսօրվա մեր հանդիպման ընթացքում DAAD Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները կտեղեկացնեն DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային հնարավորությունների մասին, որոնք նախատեսված  են ուսանողների, բուհավարտների, հետազոտողների, գիտնականների դասախոսների և վարչական աշխատակիցների համար: ՀԱՊՀ-ն սերտորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան կազմակերպությունների,  համալսարանների գիտական և հետազոտական  կենտրոնների հետ: Այս առումով ողջունելի է ուսանողական համայնքի և համալսարանական համակազմի ակտիվ մասնակցությունը իրականացվող բազմաբնույթ կրթական, գիտական և հետազոտական ծրագրերին, որոնք միտված են ՀԱՊՀ ուսանողության ակադեմիական և վարչական անձնակազմի արհեստավարժության բարձրացմանը»։

Անեգրեթ Բայերը և Դանիել Լեպետիտը մեր համալսարանի ուսանողներին ներկայացրեցին Գերմանիայում ուսանելու և հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորությունները, ուսանողների, հետազոտողների, գիտնականների դասախոսների և վարչական աշխատակիցների համար նախատեսված կրթաթոշակները:

Դասախոսները ծանոթացրեցին ծրագրին դիմելու ընթացակարգը:

Ուսանողները հնարավորություն ստացան DAAD-ի ներկայացուցիչներին  ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին ուսանողներին բաժանվեցին  տեղեկատվական գրքույկներ: