Պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը

Պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը

Հուլիսի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց կատարեց համալսարանում, եղավ մի շարք կենտրոններում, ծանոթացավ գործունեությանը, համալսարանի ընթացիկ և առաջիկա ծրագրերին:

Նախարարի շրջայցին ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը և  համալսարանի այլ ներկայացուցիչներ։

Նախարարը շրջացի ընթացքում այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում տեղակայված «Խելացի լուծումների կենտրոն», ծանոթացավ կենտրոնի հայեցակարգին և ուղղություններին։ Նախարարը ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանի և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ քննարկեց  կենտրոնի և նախարարության համագործակցության հնարավորությունները։ Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ կենտրոնը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Կենտրոնի հիմնական նպատակներից է մասնավոր հատվածի և համալսարանի միջև համագործակցության խթանումը և ժամանակակից պահանջներին համապատասխանող որակավորում ունեցող մասնագետների ապահովումը: Ըստ նրա, կենտրոնի ուսումնական ծրագրերը մշակված են ոլորտի առաջատար ընկերություններից ներգրաված մասնագետների կողմից, հաշվի առնելով առկա համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրերը և ՀԱՊՀ ներուժը։ Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ «Խելացի լուծումների կենտրոնի»-ի կառուցման աշխատանքների մեկնարկից հետո, վերանորոգվել և սարքավորումներով հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ և վերապատրաստումներ իրականացնելու, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգեր ձևավորելու նպատակով։

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը եղավ ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Անօդաչու թռչող սարքերի ուսումնահետազոտական կենտրոնում, որով Պոլիտեխնիկում հիմք է դրվել անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմանը:

Կենտրոնի գիտական ղեկավար Օ.Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

Շրջայցի ժամանակ Հ․ Չոբանյանին ներկայացվեց, օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը՝ համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Հ․ Չոբանյանը եղավ նաև ՀԱՊՀ 17-րդ մասնաշենքում տեղակայված «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակում»։ Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Ավետիսյանը ներկայացրեց կենտրոնի հնարավորությունները, նշեց, որ կենտրոնը Պոլիտեխնիկի հերթական ծրագիրն է, որի շրջանակում բուհը ձեռք է բերել ինժեներական առաջատար գործիքակազմի մի ողջ համալիր՝ այսպիսով աստիճանաբար վերածվելով Հայաստանի համար շատ կարևոր կրթական և գիտական մտքի կարևորագույն կենտրոնի և շարունակելով պահել ինովացիոն առաջամարտիկի իր դերը:

Նախարարին ներկայացվեց, որ  ծրագրի ընթացքում համալսարանում իրագործվել են բազմաթիվ ծրագրային միջոցառումներ՝ կազմակերպվել է նորարարությունների դպրոց, իրականացվել են վերապատրաստումներ մտավոր սեփականության պաշտպանության ու մարքեթինգի գծով, ինչպես նաև ձեռք են բերվել աննախադեպ ու եզակի սարքեր։

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը այցելեց ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն, շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված «Գերազանցության» կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։ Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնը թույլ է տալիս ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ է ստեղծում էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար։

Այցի ավարտին, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի քննարկումների սրահում ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը ներկայացրեց ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ Մինչ քննարկումը  նախարարը  նշեց, որ իր այցի գլխավոր նպատակը կրթություն-բիզնես համագործակցություն որակում էական փոփոխություններ անելն է։ «Մենք պետք է մեր առջև խնդիր դնենք և մինչև 2021 թվականի ավարտը ունենանք Պոլիտեխնիկի զարգացման, որակական վերափոխման համապարփակ, ամբողջական ծրագիր։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունը առաջ տանող դրոշակակիրը։ Այն ինչ այսօր մենք ունենք բավարար չէ, չնայած զարգացում եղել է։ Բայց եթե մասնագետների որակական և քանակական  ցուցանիշները ավելի բարձր լինեին, բարձր կլինեին նաև արդյունաբերության ցուցանիշները», – նշեց նախարարը։

Հ․ Չոբանյանի հաջորդ դիտարկումը վերաբերվում էր Պոլիտեխնիկի միջազգայնացմանը։ «Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը»,-նշեց նախարարը։ Հ․ Չոբանյանը խոսեց նաև կրթական համակարգի միջազգայնացման, Հայաստանի սահմաններից դուրս գալու մասին՝ հաշվի առնելով առցանց հնարավորությունները։ Ըստ նրա, այս տեսակետից առաջին հերթին պետք է դիտարկել սփյուռքահայ գիտական ինժեներական ներուժի լիարժեք օգտագործումը։ «Ըստ իս ամենամեծ արժեքը մարդն է։ Եվ խելացի մարդկանց առկայությունը համալսարանում,  մեր տնտեսության վրա լրացուցիչ, հավելյալ արժեք պիտի լինի։ Ես ուզում եմ, որ այս հարցը մենք դիտարկենք ռազմավարական կարևորության առումով»- ասաց նախարարը։

Խոսվեց նաև գիտահետազոտական բաղադրիչի զարգացման մասին, որովհետև ժամանակակից բարձրագույն կրթությունը առանց հետազոտական բաղադրիչի չի կարելի պատկերացնել։

Ռեկտոր Գ․ Վարդանյանը Պոլիտեխնիկական համալսարանի անունից շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատարին բարձր այցելության համար, նշելով, որ Պոլիտեխնիկի համար էապես կարևոր է համագործակցությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

Ռեկտորը ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը ներկայացնելիս, նշեց որ նյութում բացառապես արտահայտված են այն ծրագրերը, որոնք պետք են ժամանակակից տեխնոլոգիական կրթության կազմակերպման համար։ «Ըստ էության արդի աշխարհում կրթությունը դարձել է բիզնես․ մենք այսօր մրցակցում ենք, ոչ թե պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, այլ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների։ Հետևաբար` պետք է կարողանանք ձևավորել գրավիչ կրթական միջավայր, որպեսզի ունենանք որակյալ դիմորդների հոսք»,-շեշտեց Գ․ Վարդանյանը։

Ռեկտորը ներկայացրեց համալսարանում միջազգային պահանջներին համապատասխան ուսումնական գործընթաց ապահովելու, ժամանակակից գիտահետազոտական միջավայր ստեղծելու, ուսանողների և աշխատակիցների համար սոցիալական և առողջապահական երաշխիքների առկայություն ունենալու մասին։ Ըստ ռեկտորի, առաջիկայում իրականացվելու են մի շարք ծրագրեր, այդ թվում ստեղծվելու է բուհի գիտական քաղաքականություն իրականացնող կենտրոնը, համալսարանական պոլիկլինիկան, Ավագ դպրոցում ներդրվելու է միջազգային բակալավրի դիպլոմավորված ծրագիր, վերակառուցվելու է Պոլիտեխնիկի սպորտային համալիրը և այլն։ Որպես մասշտաբային ծրագիր Պոլիտեխնիկում ստեղծվելու է «Ժամանակակից ոլորտային բիզնես հետազոտական և հյուրանոցային համալիր»

Հանդիպման ավարտին Հ․ Չոբանյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա ամիսներին արդյունավետ աշխատանքային հանդիպումներ են լինելու։ «Սա երկարաժամկետ համագործակցության և համատեղ աշխատանքի հայտարարություն է», – նշեց նախարարը։

Ռեկտոր Գ․ Վարդանյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նախարարի պաշտոնակատարին այցելության համար, նշեց, որ նախարարության բարձր աջակցությամբ և նոր գաղափարների մասնակցությամբ էական արդյունքներ վստահաբար կգրանցվեն:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել աշխատանքային փաթեթների քննարկման համար։